Առաջարկվում է արգելել սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած փաթեթով առաջարկում է արգելել սահմանային շերտում առանց համապատասխան թույլտվության անօդաչու թռչող եւ տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը:

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը տեղեկացրեց, որ օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների նկարահանումները նման սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:

 «Պետական սահմանի մասին» օրենքի լրացմամբ առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ էլ կհստակեցվեն  սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը: