«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը
– Պարո՛ն Մելիքսեթյան, Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ «ՀՀ-ի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին»: Իսկապե՞ս այսօր Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը բալանսավորված է:
– Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը հստակ ճգնաժամի արդյունք է, այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի ու այն ռիսկերի, որոնք պետք է այդ հարաբերություններով չեզոքացվեին, բայց չչեզոքացվեցին: Հատկապես 2022-2023 թվականներին Սոթքի ու Ջերմուկի հատվածներում ադրբեջանական ագրեսիայից, Արցախում էթնիկ զտումից հետո պարզ է, որ Հայաստանը սկսեց փոխել իր արտաքին քաղաքականությունը ու ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել Արևմուտքի հետ հարաբերությունները, հայ-թուրքական հարաբերությունները վերաֆորմատավորելու, նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները, արդեն փորձեց խաղաղության պայմանագիր կնքել:
Ինչքանո՞վ է դա բալանսավորված. սա ավելի շատ ճանապարհ է դեպի նոր բալանս գտնելու համար, պարզ է, որ հայ-թուրքական հարաբերություններում մնում են այդ ռիսկային գործոնները, առավելևս ռիսկային գործոնները մնում են հայ-ադրբեջանական հարաբերություններում, բայց հայկական կողմի հետևողականությունն այս առումով տարբերվող է, ու մենք տեսնում ենք արդյունքը:
Առաջինը՝ Ալիևի հարցազրույցից ու Փաշինյանի՝ դրան ի պատասխան հարցազրույցից հետո մենք տեսանք Թուրքիայի արտգործնախարարի բավականին հավասարակշռված ու դրական գնահատականը Հայաստանի՝ խաղաղության հասնելու ջանքերին: Սա գրեթե առաջին անգամ էր, երբ այդ դիրքորոշումն արտահայտվել էր Իլհամ Ալիևի շատ ագրեսիվ հայտարարությունների ֆոնին: Այս առումով փոքր դրական միտումներ կան հայ-թուրքական հարաբերություններում, ինչը չենք կարող ասել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
– Ձեր գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն այսօր և՞ս ճգնաժամային են:
– Ռուսաստանի հետ հարաբերությունները, այո՛, ճգնաժամային են, քանի որ այս քայլերը, որ անում է Հայաստանը, հատկապես ԵՄ-ին անդամակցելու նախագծին Կառավարության համաձայնություն տալն ու իհարկե ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը, ակնհայտ մտահոգում են Ռուսաստանին:
Ռուսաստանը իհարկե վերջն երկու-երեք տարիներին հարմարվել է այն դերին, որ ինքը գնալով սահմանափակելու է պատասխանատվությունը Հայաստանի նկատմամբ, բայց պահպանում էր իր կրիտիկական ներկայությունը Հայաստանի տարածքում: Առաջին հերթին դա ռուսական ռազմաբազան է այստեղ, նաև տնտեսության մեջ Ռուսաստանի ահռելի ներկայությունը, ու նաև չէր ակնկալում, որ Հայաստանը կարող է շատ կտրուկ փոխել իր արտաքին քաղաքականության վեկտորը, որովհետև նաև Արևմուտքը նման հստակ նշաններ ցույց չէր տալիս: Բայց հիմա Ռուսաստանը մտահոգված է ու կանգնած է ընտրության առջև՝ կամ փորձել ավելի կտրուկ քայլերով կամ շանտաժի լեզվով ստիպել Հայաստանին վերադառնալ ինչ-որ ստատուս քվոյի, որտեղ Հայաստանի արտաքին ապագան երաշխավորված կլինի, որ փոփոխություններ չեն լինի, կա՛մ հարմարվել այս իրավիճակին՝ նվազեցնել իր ներկայությունը Հայաստանում՝ պահպանելով ավելի ցածր, միջպետական ոչ կոնֆլիկտային հարաբերություններ:
Իհարկե այս ամենը կախված է ռուս-ուկրաինական պատերազմի ելքից, ու նրանց այս փափուկ արձագանքը կապված է նրա հետ, որ ակնկալվում է, որ հետխորհրդային տարածաշրջանի ապագան ու ազդեցության գոտիների բաժանումը պայմանավորված են լինելու ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությամբ: Նրանք նաև հստակ հասկանում են, որ ԵՄ անդամակցության խնդիրը տասնամյակների հարց է, ու հիմա կտրուկ քայլեր ձեռնարկելը երևի անիմաստ է լինելու:
– Պարո՛ն Մելիքսեթյան, այսինքն՝ հիմա Հայաստանի արտաքին քաղաքականությունը բալանսավորվա՞ծ է, թե՞ ուղղակի վեկտորը փոխվում է դեպի Արևմուտք:
– Ինչպես նշեցի, Հայաստանի արտաքին քաղաքականությունը նոր բալանս է փնտրում՝ չեզոքացնելու իր անվտանգային ռիսկերն ու ավելի անմիջական հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի հետ, որի դերն աճում է ոչ միայն այս տարածաշրջանում, այլ նաև Մերձավոր Արևելքում: Այս առումով Թուրքիայի ու Արևմուտքի հարաբերությունների զարգացումը կարող է բարենպաստ լինել Հայաստանի համար, եթե նման զարգացում լինի: Փորձում է ինքնուրույն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հետ: Այսինքն՝ սա նոր բալանսի, արտաքին քաղաքականության ֆորմատի փնտրում է, որպեսզի մի կողմից հավելյալ երաշխիքներ գտնել Արևմուտքում, մյուս կողմից՝ փորձել լուծել հարցերը Հայաստանի երկու սպառնալիքների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
– Արձանագրել, որ մենք ունենք բալանսավորված արտաքին քաղաքականություն, դեռ վա՞ղ է:
– Այո՛, Հայաստանն ավելի զգուշավոր է, դա հստակ է, հատկապես այս երկու ուղղություններով փորձում է առավել ռացիոնալ քաղաքականություն վարել, ինչը դիսբալանս է ենթադրում հայ-ռուսական հարաբերություններում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am