Դրամը շարունակում է արժեզրկվել. պատգամավորը վստահ է՝ տնտեսության ակտիվացումը կնպաստի դրամի կայունացմանը

Հայաստանում դրամը շարունակում է դանդաղ արժեզրկվել՝  դոլարի, եվրոյի նկատմամբ, դոլարի փոխարժեքն անցել է 532 դրամը, եվրոյինը՝ 624 դրամը: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր տնտեսագետ Գևորգ Պապոյանը, սակայն, պնդում է, որ արժեզրկման պրոցեսը դանդաղել է, և վերջին շրջանի որոշակի փոփոխությունները նորմալ ու կարճատև երևույթ են՝ պայմանավորված տնտեսական գործոնների փոփոխությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պապոյանը համոզմունք հայտնեց, որ դրամի կայունացմանը կնպաստեն տնտեսության՝ արդեն նկատվող ակտիվացումը, ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, հասարակության խարսխվող սպասումները, ներդրումների հոսքը:

Ըստ rate.am կայքի՝ վերջին տվյալով հայաստանյան բանկերում դոլարը վաճառվել է առավելագույնը 536 դրամով, նվազագույնը՝ 535-ով, գնվել է առավելագույնը 531.50-ով, նվազագույնը՝ 530.50-ով: ԿԲ-ի հրապարակած վերջին տվյալներով՝ ապրիլի 1-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմել է 532.14 դրամ՝ նախորդ օրվա նկատմամբ աճելով 0.97 դրամով: Եվրոյի փոխարժեքը ևս աճել է 1.67 դրամով և կազմել 624.63 դրամ: Սակայն այս աճի ֆոնին, թեև չնչին, սակայն նվազել է ռուբլու փոխարժեքը 0.01 դրամով և կազմել 7.01 դրամ:

Համեմատության համար. պատերազմից առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 26-ին դոլարի փոխարժեքը կազմել է 485.27 դրամ, եվրոյինը՝ 565.05 դրամ, ռուբլունը՝ 6.28 դրամ:

Պատգամավոր Պապոյանը, սակայն, կարծում է. «Արժեզրկման պրոցեսը հիմա մեծ հաշվով դանդաղել է: Սա շատ սովորական ընթացք է, երբ կայունացած իրավիճակից 2-3 դրամ վերև կամ ներքև է իջնում: Ես կարծում եմ, որ այն արդեն կայունացել է, և որոշակի փոփոխությունները, որ կան, ժամանակավոր տնտեսական գործոնների փոփոխության արդյունք են՝ մակրոտնտեսական, միկրոտնտեսական»:

Ըստ տնտեսագետ-պատգամավորի՝ դրամի արժեզրկման օբյեկտիվ պատճառներ, հիմքեր չեն եղել և այս պահին էլ չկան: «Դրանք առաջին հերթին պայմանավորված են եղել բնակչության վարքագծային փոփոխություններով՝ ապագայի սպասումների հետ կապված: Բայց կարծում եմ, որ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման տեսլականը, որը առաջադրել ենք, խարսխել է այդ սպասումները: Եվ նվազագույնը դեպի վատ ուղղությամբ  չի գնում: Ես կարծում եմ, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո, մինչև այդ էլ, դեպի լավ ուղղությամբ են գնալու: Ներքաղաքական իրավիճաի կայունությունն ակնհայտորեն բերելու է այդ սպասումների դեպի դրական ուղղղությամբ շարժվելուն, նվազագույնը դեպի բացասական ուղղությամբ սպասումներն ավարտվել են»,-ասաց նա:

Մանրամասները՝ այստեղ