Եթե գնահատված լինելու ցուցանիշը վերցնենք աշխատավարձը, ապա այն շատ ուսուցիչների ավելի շատ նման է թոշակի կամ նպաստի. Աշոտ Բլեյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը

– Պարո՛ն Բլեյան, ընդունված է հոկտեմբերի 5-ը նշել՝ որպես Ուսուցչի օր: ՀՀ բարձրաստիճան, և ոչ միայն, պաշտոնյաներ շնորհավորանք են հնչեցնում, ուղերձ հղում…

– Դե, շնորհավոր, շնորհավոր, շնորհավոր… ես ընդհանրապես այդ ուղերձները չեմ հասկացել, ընդ որում՝ եթե առաջ այդ ուղերձներ հղող մարդկանց թիվն ավելի քիչ էր, հիմա շատացել է: Դա ինչի՞ համար է արվում, ինձ համար ընկալելի չէ:

– Ուղերձներից ու շնորհավորանքներից զատ ուսուցիչները որևէ այլ ձևով զգո՞ւմ են պետական աջակցություն:

– Ուսուցչության, մանկավարժի աշխատանքի կարևորումը պետք է գար հենց հասարակությունից, օրինակ՝ լիներ մանկավարժության գործունեության ստուգատես, բայց չկա դա: 

Իմ օրվա մեջ բան չի փոխվել, հասկանո՞ւմ եք, արհեստական ու կեղծ բան է ստացվում, ինչքանով կարևորված եմ՝ կարևորված եմ, այս օրն իր հետ ինչ-որ բան չի բերում: Խոսքս միայն այս օրվան չի վերաբերում, այլ, ընդհանրապես, մասնագիտական տոների մասին եմ ասում, դրանք այնքան էլ չեմ հավանում:

– Ինչո՞ւ, պարո՛ն Բլեյան:

– Որովհետև դատարկ բան է ստացվում, կեղծ է, արհեստական, այն մարդուն չի հասնում: Եթե ուսուցիչների ընկերակցություններ, միություններ լինեին, որոնք այդ օրը կօգտագործեին ինչ-որ խնդիրներ վեր հանելու համար, կհասկանայի, բայց քանի որ նման բան չկա, ինձ համար այն անհասկանալի է մնում: Օրը պետք է լցված լիներ ուսուցչական աշխատանքով ուրախանալու լավ առիթներով, բայց այդպես չէ, խորքային շատ բան պետք է փոխվի:

– Ուսուցչի դերը մեզանում գնահատվա՞ծ է պետական և հասարակական մակարդակում:

– Եթե գնահատված լինելու ցուցանիշը վերցնենք աշխատավարձը, ապա պետք է նկատեմ, որ ճնշող մեծամասնության մոտ այն ավելի շատ նման է թոշակի կամ նպաստի, քան աշխատավարձի: Այս դեպքում ինչպե՞ս է գնահատված: Արժանապատիվ կեցություն պետք է ունենար ուսուցիչը, բայց այդպես չէ, ու այս տարիների ընթացքում եթե ինչ-որ բան փոխվում է, շատ քիչ է այդ փոփոխությունը:

Իսկ ընդհանրապես, ուսուցչի գլխավոր գնահատողը երեխաներն ու ծնողներն են:

Լավ կլիներ, որ այս օրով այնպիսի ուսումնասիրություններ հրապարակվեին, որ մենք տեղեկություն ստանայինք ուսուցչի կարգավիճակի, նրա ինքնազգացողության մասին: Այսինքն՝ հասարակությունը ստուգատեսի բերվեր ու սկսեր զբաղվել իր ուսուցչով, նրա կարգավիճակով, խոսեր նրանց վերաբերող խնդիրների մասին, լինեին կլոր սեղան-քննարկումներ, հնչեին առաջարկներ, ոչ թե ասեին տոն է, դա վատ բան է, թող հանեն: 

Եթե տոն է՝ այդ տոնի հերոսը կգտնի ուրախանալու ձևը, նա կընտրի, դուք՝ որպես հասարակություն, իշխանություն, սկսեք մասնագիտական գործունեությունը ճանաչել, հասկանալ, եղած թերությունները շտկել, բերել նոր կարգավորումներ, այդտեղից կերևա՝ ինչքանով եք կարևորում այդ աշխատանքը, թե չէ հերթապահ խոսքերով շնորհավորում ու վերջացնում են ամեն բան, շատ էժան պրծնում են, բայց այդպես չի լինում, էլի: 

Վարչական ղեկավարը շնորհավորանք է գրում, տպում, օգնականի միջոցով ուղարկում է, մարդկային շփումն էլ չի ապահովվում, ու էլի այդ օտարումը, անջրպետը մարդու ու իշխանության, ուսուցչի և հասարակության միջև խորանում են, փոխանակ հաղթահարվեր, գոնե այդ օրով պետք է ուրիշ տրամադրություն փոխանցվեր:

– Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի ուսուցիչը տարվա մեջ միայն մեկ օր ուշադրության կենտրոնում լինելու փոխարեն մշտապես լինի ուշադրության կենտրոնում:

– Չեմ կարծում, թե այդ մեկ օրում էլ են ուշադրության կենտրոնում, շատ սովորական օր է: Ինչպե՞ս է դրսևորվում այդ ուշադրությունը, միայն շնորհավորանքով և ուղերձո՞վ: Դրա համար եմ ասում, որ պետք է ստուգատեսներ լինեին, բայց դա չպետք է արվի իբրև տոն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am