ԱՄՆ-ը գլխավորում է հզոր բանակների վարկանիշը, Հայաստանը՝ 101-րդ տեղում է

Global Firepower միջազգային վերլուծական հարթակը հրապարակել է 2026 թվականի աշխարհի ամենահզոր բանակների վարկանիշը, որը կազմվել է 145 երկրների տվյալների հիման վրա։ Վարկանիշը հիմնված է ավելի քան վաթսուն տարբեր ցուցանիշների համադրության վրա և արտացոլում է պետությունների ընդհանուր ռազմական ներուժը՝ ոչ միայն բանակի թվաքանակի, այլ նաև տնտեսական, տեխնիկական և ռազմավարական հնարավորությունների համատեքստում։

Գնահատման ընթացքում հաշվի են առնվել զինված ուժերի կառուցվածքը, ցամաքային, օդային և ծովային ուժերի տեխնիկական համալրվածությունը, սպառազինության տեսակները, պահեստազորի ծավալը և ռազմական տեխնիկայի առկայությունը։

Միաժամանակ ներառվել են ֆինանսական գործոններ՝ պաշտպանության ծախսերը, պետության կարողությունը ռազմական բեռը երկարաժամկետ ապահովելու հարցում, ինչպես նաև ռազմական արդյունաբերության ներուժը։ Վարկանիշում կարևոր դեր են ունեցել նաև աշխարհագրական և ռազմավարական գործոնները՝ երկրի տարածքի չափը, սահմանների երկարությունը, ծովային ելքի առկայությունը կամ բացակայությունը, ենթակառուցվածքների զարգացվածությունը և լոգիստիկ հնարավորությունները։ Բացի այդ, հաշվարկներում ներառվել է նաև ժողովրդագրական ներուժը, քանի որ մարդկային ռեսուրսները դիտարկվում են որպես ռազմական կարողության առանցքային բաղադրիչ։ Ըստ հրապարակված տվյալների՝ վարկանիշը գլխավորում են Միացյալ Նահանգները, երկրորդ տեղում է Ռուսաստանը։ Առաջին տասնյակում է նաև Թուրքիան՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը։ Տարածաշրջանային համատեքստում Ադրբեջանը զբաղեցնում է 60-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 101-րդ հորիզոնականը՝ 145 երկրների շարքում։ Global Firepower-ը ընդգծում է, որ այս վարկանիշը չի գնահատում կոնկրետ պատերազմի պայմաններում բանակների արդյունավետությունը կամ հնարավոր ելքերը, այլ ներկայացնում է երկրների ռազմական ներուժի ընդհանուր համեմատական պատկերը՝ որպես վերլուծական գործիք։