Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ 

Նախարարները շնորհավորանքներ փոխանակեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները  կարևորեցին տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը: 

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և իր կողմից հովանավորյալ ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: 

Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատեց, որ Հայաստանի համար մնում է առաջնահերթություն Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք և արդար իրացումը: Արա Այվազյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ։

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։