Վերջին հաշվարկներով՝ Ադրբեջանն օկուպացրել է 200-300 քառակուսի կիլոմետր տարածք. Շահեն Շահինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյան

– Պարո՛ն Շահինյան, Տեղ գյուղի օրերս տեղի ունեցած ադրբեջանական սադրանքն ի՞նչ ցույց տվեց։ Կա՞ արդյոք քարտեզների անճշտություն, որը հանգեցրել է այս իրավիճակին, ինչպես այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

– Այն մարտական գործողությունները, որոնք տեղի ունեցան ադրբեջանական ու հայկական զինված ուժերի զինծառայողների միջև, ադրբեջանական կողմի լկտիության վերջին մակարդակի դրսևորումներից էր։ Փաստացի, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ իրենք Տեղ գյուղի հատվածում դիրքեր են փորել ու տեղակայվել Հայաստանի ինքնիշխան տարածքում, մի բան էլ՝ լկտիաբար, ինչպես երևում է ՊՆ-ի տարածած տեսանյութից, մեքենայով մոտենում են Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող զինվորներին, որոնք ինժեներական աշխատանքներ են իրականացնում, և ապօրինաբար, որքանով ինձ է հայտնի, պահանջ են ներկայացնում՝ դադարեցնել այդ աշխատանքներն ու դուրս գալ այդ տարածքից։ Սա փաստացի Հայաստանի ինքնիշխան տարածքի նոր զավթումների փորձ է։ 

Շեղվելով թեմայից՝ պետք է ասեմ, որ մեր զինծառայողները բավականին հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրն ու հետ շպրտել թշնամուն, ցավոք սրտի, ինչպես հայտնի է՝ ունենք զոհեր ու վիրավորներ։ Պետք է արձանագրենք, որ մարտական գործողություններն ու Ադրբեջանի սադրանքը տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ 

Ինչ վերաբերում է ադրբեջանական զորքերի՝ Տեղ գյուղում գտնվելուն, ապա մենք ունենք ԱԱԾ առաջին հայտարարությունը, որում արձանագրվել էր, որ 100-300 մ, տեղ-տեղ՝ 800 մետր ներթափանցում է եղել հայկական տարածք, հետո, թեև եղան հայտարարություններ, որ որոշակի բարելավումներ կան, այնուամենայնիվ, չկա հստակ տեղեկատվություն, որ նրանք հետ են քաշվել, ու իմ ունեցած տեղեկություններով՝ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական դիրքերը մինչ օրս գտնվում են հայկական տարածքում։ 

Գալով քարտեզներում առկա անճշտությունների թեմային՝ պետք է ասեմ, որ ես նմանատիպ անճշտության ծանոթ չեմ։ Գոյություն ունեն Խորհրդային Միության տարիներին մշակված՝ գլխավոր շտաբի տեղագրական, ռազմական քարտեզներ, տարբեր ճշտությունների, սկսած 200000 մասշտաբից մինչև 25-10 000 մասշտաբի, որոնք բավականին ճշգրիտ քարտեզներ են։ 

Այդ քարտեզներում նշված են Հայկական Խորհրդային Հանրապետության ու Ադրբեջանական Խորհրդային Հանրապետության վարչատարածքային սահմանները, որոնք, ինչպես տեսնում ենք, կարծես թե բանակցային գործընթացում փորձում են վերածել պետական սահմանի։ Ու եթե մենք ելնում ենք այդ վարչատարածքային բաժանման քարտեզներից, ապա պետք է փաստենք, որ Ադրբեջանն արդեն իսկ խախտել է անգամ այդ քարտեզներն ու այդ քարտեզներում նշված սահմանից էլ ներս է եկել, այսինքն՝ Ադրբեջանը հերթական օկուպացիոն քայլն է կատարել, ու Տեղ-Կոռնիձոր հատվածում նույնպես կան օկուպացված տարածքներ։ 

Քարտեզագրական նյութերի անճշտություններին ես տեղյակ չեմ ու չեմ լսել որևէ մասնագետից նմանատիպ մեկնաբանություն։ Գուցե պաշտոնատար անձինք նման հայտարարություն են արել, բայց նրանք մասնագետ չեն, եթե մասնագետները կխոսեն այդ սխալների մասին, այդ ժամանակ կարող ենք հստակ եզրակացություններ անել։ 

– Երբ մասնագետները, այդ թվում՝ դուք ասում եք, որ չկան քարտեզներից բխող անճշտություններ, այդ դեպքում ամենաբարձր մակարդակով նման հայտարարություն անելն ինչի՞ հետևանք է ու ինչի՞ է հանգեցնելու։

– Պետք է արձանագրենք, որ մենք չունենք Հայաստանի սահմանը հստակ արձանագրող քարտեզներ, մենք ունենք Հայկական Խորհրդային Հանրապետության վարչատարածքային սահմանները պատկերող քարտեզներ, բայց քանի դեռ չկա Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների վերաբերյալ կնքված միջպետական պայմանագիր, քանի դեռ չկա հստակ սահմանանշում տեղանքում, ու քանի դեռ հստակ չի նշվում, թե ինչ սկզբունքով է իրականացվելու սահմանանշումը, էլ չեմ ասում, եթե նոր սահմանագծում լինի, ապա պետական սահմանի հստակության մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ։ 

Ինձ համար, օրինակ՝ Հայաստանի սահմանը առնվազն 1926-1932 թվականների սահմաններն են, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի առաջին հանրապետության սահմանները, որոնք ներկայացվել են Ազգերի լիգա, ինձ համար դա շատ ավելի իրավական հիմք ունեցող փաստաթուղթ է։ 

Երբ վարչապետը խոսում է նմանատիպ մասնագիտական մանրամասներից, ես կարող եմ միայն մի ենթադրություն անել, որ հազիվ թե դա իր միտքը լինի, քանի որ կառավարությունում պետք է լինեն մասնագետներ, հույս ունեմ, որ կան, որոնք ամենայն մանրամասնությամբ ծանոթ են սահմանազատման, սահմանագծման գործընթացին։ 

Ինչպես գիտենք, ձևավորվել է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, ու այդ հանձնաժողովը պետք է ունենա մասնագիտական իր ենթահանձնաժողովները, որոնցում պետք է լինեն մասնագետներ, իսկ այդ մասնագետներն ինչո՞ւ են լռում՝ չեմ կարող ասել։

 – Իսկ այս դեպքում ի՞նչ է ստացվում. ադրբեջանական կողմն ասում է՝ սա մեր տարածքն է, զորքն առաջ է բերում, հայկական կողմն էլ «էսկալացիայից խուսափելու համար» բանակցություններով է փորձում նրանց հետ մղել, բայց մինչ օրս նման նախադեպ չենք ունեցել։

– Ինչպես փաստում են վերջին երեք տարիները, Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն, բայց պետք է հասկանանք, որ մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական մի իրավիճակում, երբ չունենալով հստակ դաշնակիցներ, որոնք կիսում են մեր տեսակետն ու պատրաստ են հանդես գալու հայկական շահերի պաշտպանությամբ, մենք պայքարում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, եթե այս տանդեմին չգումարենք նաև Պակիստանն ու մի շարք այլ երկրների գործոնները։ 

Այս համատեքստում ասել, թե հնարավոր է բանակցությունների միջոցով ինչ-որ արդյունքի հասնել, ինձ համար գոնե անիրատեսական է։ Ադրբեջանն ունի հստակ սահմանված ուղենիշ՝ Ադրբեջանի սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ գոյություն չունի Հայաստան, նրանք հստակ պահանջներ ներկայացրել են, սա գաղտնիք չէ։ 

– Այսինքն՝ Ադրբեջանին զսպելու մեր միակ գործիքը ռազմական ու՞ժն է, պարո՛ն Շահինյան։

– Ես երբեք չեմ բացառում մասնագիտական ու դիվանագիտական ճանապարհներով արդյունքի հասնելու հնարավորությունները, բայց ելնելով Ադրբեջանի այս դիրքորոշումից, կարծում եմ, որ նման ճանապարհով լուծումների պետք է գնալ պարտադիր միջնորդների ներգրավմամբ, որոնք կզսպեն Ադրբեջանին ու կստիպեն նստել մի սեղանի շուրջ: Ինչ վերաբերում է բանակին, ապա պետք է հասկանալ, որ այն եղել ու մնում է Հայաստանի անկախության ու մեր ժողովրդի ֆիզիկական գոյության միակ երաշխավորը։ 

– Նիկոլ Փաշինյանի՝ բազմիցս հնչեցրած 29.800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքն անփոփո՞խ է մնացել, եթե նկատի ունենանք ադրբեջանական վերջին գործողությունները։

– Վերջին հաշվարկներով՝ օկուպացված տարածքները, տարբեր են այդ հաշվարկների մեթոդաբանությունները, քանի որ մենք հստակ չգիտենք՝ որ մասում են տեղակայված մեր ու նրանց ուժերը, 200-300 քառակուսի կիլոմետր են, այսինքն՝ մեր տիրապետության տակ մնացել է մոտ քառակուսի 29.500-29.600 կիլոմետր տարածք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am