Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾ պարզաբանումը

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել հրապարակել ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղու հատվածում ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին:

Հաղորդագրության մեջ ասվում է.

Համաձայն 2022 թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ 2023 թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղով՝ միայն ՀՀ տարածքով:

2022 թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամրջից հետո, կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:

Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմում:

Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ:

Հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:

Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:

Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության: