Չեմ կարծում, որ Հայաստանի որևէ ողջամիտ քաղաքացի պատրաստ է թշնամու թելադրած Սահմանադրության փոփոխությունների. Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցի վերաբերյալ եմ ձեր մեկնաբանությունը խնդրում, որո՞նք էին այն մեսիջները, որ նա տվեց հանրությանը։

– Հանրությանը մեսիջներ էր տալիս, որ պետք է պատրաստ լինել հրաժարվել պատմական իղձերից, «հայրենիք» հասկացությունից՝ հօգուտ «պետականություն» հասկացության: Համենայնդեպս, պարոն Փաշինյանի խոսույթից դա է հասկացվում, որ մեր հարևանները հանկարծ չմտածեն, թե մենք ուզում ենք իրենից ինչ-որ տարածք պոկենք, որովհետև մեր հայրենիքը հիմա գտնվում է իրենց տարածքներում։ Սա էր հիմնական մեսիջը, որը ես լսեցի։ 

– Փաշինյանի խոսքով՝ եթե չհրաժարվենք Հռչակագրում եղած որոշ դրույթներից, օրինակ՝ Արցախի մասով կամ Արցախը Հայաստանին վերամիավորելու, ապա երբեք չենք ունենա խաղաղության պայմանագիր։ Ուզում եմ հասկանալ՝ կա՞ արդյոք երաշխիք, որ եթե հրաժարվենք այդ ամենից, ապա իսկապես խաղաղություն կլինի։

– Ոչ մի դեպքում չկա այդպիսի երաշխիք։ 

– Այդ դեպքում ինչո՞ւ է իշխանության ղեկավարը հանրությանը պատրաստում դրան, եթե հստակ երաշխիքներ չկան։

– Շատ դժվար է հասկանալ՝ իրականում Փաշինյանի մտադրությունը ո՛րն է, ես կարող եմ ենթադրել, որ ինքը փորձում է ադրբեջանական ագրեսիան լեգիտիմացնելու պատճառները վերջնականապես վերացնել, այսինքն՝ հիմա նա հերթական անգամ ասում է, որ ամբողջ աշխարհը լսի, որ մենք պատրաստ ենք նաև դա անել՝ փոխել Սահմանադրությունը, դրանից հանել Անկախության հռչակագրի դրույթը, ամեն ինչի պատրաստ ենք, որպեսզի Ադրբեջանը հանկարծ չհարձակվի մեզ վրա։ 

Փորձը սա է, բայց ես չեմ կարծում, որ սա բերելու է որևէ լուրջ արդյունքի, որովհետև այնպես չէ, որ մեր Սահմանադրությունն է Ալիևի աչքի գրողը, միայն դա է խանգարում, Հայաստանի գոյությունն է խանգարում իրենց։ Այստեղ խնդիրն ավելի մեծ է, ավելի ծավալուն է, ու փորձել միայն Սահմանադրությունը փոխելով այդ խնդիրը լուծել, ես կարծում եմ, որ առնվազն ապարդյուն փորձ կարող է լինել։ 

– Կարծում եք՝ հանրությունը կողմ կլինի՞ այդ փոփոխություններին։

– Դեռ չենք տեսել այդ փոփոխությունների կոնցեպտը, չնայած ասում են՝ պատրաստ է, շուտով հրապարակվելու է: Մինչև չտեսնենք, չենք կարող ասել՝ կողմ կլինի, թե ոչ, համենայնդեպս, պետք է հասկանանք՝ ինչի դեմ կամ ինչին ենք կողմ քվեարկում։ 

Բայց եթե խոսքը հենց այդ դրույթների մասին է, որոնց մասին խոսում է Փաշինյանը, և ես պետք է նշեմ, որ հենց նույն օրը այդ դրույթների մասին խոսում էր Ալիևը, չեմ կարծում, որ Հայաստանի որևէ ողջամիտ քաղաքացի պատրաստ է այնպիսի Սահմանադրություն ընդունելու, որը թելադրվում է մեր թշնամու կողմից։ 

Ես նաև շատ մեծ զարմանք եմ ապրում, թե Ալիևն ինչո՛ւ է այդպիսի հայտարարություն արել, եթե նա իրոք ցանկանում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, ինքը հիմա պետք է մի մութ անկյունում լռի ու տեսնի, թե Փաշինյանը ինչպես է կարողանում այդ ամենը փաթեթավորել ու անցկացնել Հայաստանում, եթե նա շահագրգռված է դրանում։ Ալիևի հայտարարությունից դատելով՝ տպավորություն ունեմ, որ իրականում նրան դա պետք էլ չէ։ 

– Դե, Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ իրենք էլ Ադրբեջանին են առաջարկել որոշ փոփոխություններ անել իրենց Սահմանադրության մեջ։

– Ալեն Սիմոնյանի ասածը բավականին տրամաբանական է, որովհետև Ադրբեջանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքը, եթե չեմ սխալվում՝ 100 հազարից ավել քառակուսի կիլոմետր է։ 

– Բայց կընդունվի՞ այդ առաջարկը թշնամու կողմից։

– Միանշանակ չի ընդունվի, ինչի մասին է խոսքը, բայց այն, որ մենք այդ մասին խոսում ենք, տրամաբանական է, եթե կա այդպիսի խոսակցություն, եթե նրանք պահանջում են, մենք էլ պետք է պահանջենք, որովհետև մենք խոչընդոտ չե՞նք տեսնում, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ մեր տարածքները իրենցն են համարվում։ Վաղն այդ նույն Սահմանադրությանը հղում անելով՝ Ալիևն ասելու է՝ դրանք էլ տվեք։

– Պարո՛ն Ստեփանյան, ի վերջո, ըստ ձեզ, Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջո՞վ է արվում, թե՞, ինչպես Փաշինյանն է ասում՝ բխում է պետության շահերից։

– Եթե մենք ռեալիստ լինենք, իրական քաղաքականության մասին խոսենք, ապա պետք է ասենք հետևյալը․ եթե իմանանք, որ իրականում խնդիրը Սահմանադրության մեջ է, ես չեմ կիսում այդ մոտեցումները՝ Արևմտյան Հայաստան, Մուշ, Սասուն, Նախիջևան, և, այո՛, մենք կարող ենք այդ հիշատակումները հանել մեր Սահմանադրությունից, եթե իմանանք, որ այդ ամենից հետո իրականում մենք կառուցելու ենք ամուր պետականություն մեր այս 29.800 քառակուսի կիլոմետրի վրա, ու Ադրբեջանը դա կընդունի: Մեր խնդիրն այդքանով կսահմանափակենք ու հանգիստ և խաղաղ կապրենք ու կզարգացնենք մեր երկրները։ Բայց ամենակարևորն այն է, որ այս ամենի խոչընդոտը Սահմանադրությունը չէ։ 

Ես դեմ չեմ այս փոփոխություններին, եթե իմանամ, որ իրականում դա չանելու դեպքում իրոք պատերազմ կլինի, բայց մենք դա կանենք, ու որևէ բան չի փոխվելու, դրանից հետո Ադրբեջանն ուրիշ պահանջներ կներկայացնի մեզ, որովհետև հիմնարար խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում մեզ հետ խաղաղության գնալ ու ճանաչել Հայաստանը ԽՍՀՄ-ի 1991 թվականի ադմինիստրատիվ սահմաններում։ Կտեսնեք, եթե Աստված մի արասցե, ամեն բան լինի այնպես, ինչպես Փաշինյանն է ասում, Ադրբեջանը դրանով չի սահմանափակվի։

– Արցախից հիմա վերջնականապես հրաժարվո՞ւմ ենք։

– Դե հրաժարվել-պրծել ենք, էլ ի՞նչ հրաժարվենք։ Ես երբ լսում եմ մեր ղեկավարության խոսույթը, հասկանում եմ, որ Արցախից վերջնականապես հրաժարվել ենք։ 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am