«Հայաստանի համար այսօր կենսական անհրաժեշտություն է հակաօդային պաշտպանության միջոցներ ունենալը». ռազմական փորձագետ

Այսօր հնդկական մամուլը Հայաստանին զենք-զինամթերք մատակարարելու մասին հերթական տեղեկությունն է հրապարակել՝ հանրայնացնելով՝ Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի սեփական արտադրության 155 մմ տրամաչափի ATAGS քարշակային հաուբիցներ։ Նախորդ անգամ տարածվել էր տեղեկություն համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարելու մասին:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասում է՝ դրանք հարձակողական զինատեսակ են, մինչդեռ այսօր Հայաստանին անհրաժեշտ է պաշտպանողական զինատեսակ:

«44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդը հիմնականում առավելություն է կարողացել ունենալ անօդաչու թռչող սարքերով, և մեր պարտության պատճառներից մեկը երկնքում հակառակորդի բացարձակ իշխանություն ունենալն էր: Այն, ինչի մասին խոսում է հնդկական մամուլը, հարձակողական զենքեր են: Հայկական կողմի համար, իմ կարծիքով, ամենաառաջնայինը հայոց երկնքում հակառակորդի առավելությունը չեզոքացնելն է»,- «Մեդիալաբին» ասում է Նահապետյանը:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցածը պետք է ուսումնասիրվեր, քննություն կատարվեր, պարզ դառնար, թե որտեղ է Հայաստանը սխալվել, որ հարցերում են բացթողումներ եղել, և միայն քաղած դասերի հիման վրա իրականացվեին միջոցառումներ:

«Բոլորս տեսանք՝ ինչպես էին հակառակորդի անօդաչու թռչող սարքերը գրոհում հայկական տարածքի վրա, հետևաբար այդ պարագայում Հայաստանը պետք է նախ՝ չեզոքացնի սեփական երկնքում հակառակորդի առավելությունը հակաօդային հրթիռային պաշտպանության միջոցներով, այնուհետև՝ ունենա հարձակողական զինտեխնիկա՝ գրոհային և կամիկաձե անօդաչու թռչող սարքերի տեսքով:

Պետք է պարտությունից դասեր քաղել ու ճիշտ գնահատականեր տալ: Այն, ինչ ծրագրում է գնել հայկական կողմը, ցույց չի տալիս, որ դասեր են քաղել: Ես չեմ տեսնում հակառակորդի առավելությունը չեզոքացնելու միտում»,- ընդգծում է փորձագետը՝ միաժամանակ հավելելով՝ մյուս կողմից՝ հնարավոր է պահանջված զինատեսակի գնումը կատարվում է, բայց այդ մասին չի բարձրաձայնվում:

Հայաստանի համար այսօր, ըստ Նահապետյանի, կենսական անհրաժեշտություն են գրոհային անօդաչու թռչող սարքերը, հակաօդային պաշտպանության միջոցները:

Նա ասում է, որ ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերը հայտնություն են եղել ոլորտի մասնագետների համար. դրանք այսօր եվրոպական զարգացած պետությունների ՀՕՊ և հրթիռային միջոցները չեն կարողանում խոցել: Փորձագետի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ այդ սարքերի մակերեսը պատված է հատուկ ներկանյութով, որը հակաօդային պաշտպանության միջոցները չեն ֆիքսում: «Ռուս-ուկրաինական պատերազմում «Բայրաքթարների» ձայն չի լսվում, ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները ամբողջ թափով աշխատում են»,- ասում է Նահապետյանը:

Նախկին զինվորականն ընդգծում է, որ 2020-ի պատերազմում հայկական կողմը մարտական գործողությունները վարելու, զորքի կառավարման խնդիր ևս ունեցել է, հետևաբար բացի զենք-զինամթերք ձեռք բերելուց, հայկական բանակը կառավարման զարգացման խնդիր ունի:

«Ես կարող եմ ասել, որ զենք-զինամթերքը ածանցյալ է, և կարևորը կառավարման հարցն է: Եթե դու ունես մեծ թվով զենք-զինամթերք, բայց զորքերի կառավարում չկա, քո բանակը ուղղակի կարող է ջախջախվել: Շատ տեղերում զորքի կառավարում չի եղել, և անձնակազմը փախուստի է դիմել, հրամանները չեն կարողանում ճիշտ, նպատակային կատարել, կամ հրամանատարությունը չի կարողանում հրամանը ճիշտ ընդունել, կամ գլխավոր շտաբից իրավիճակը չտիրապետելով՝ սխալ հրամաններ են գնում, մինչև այդ հրամանները գնում են տեղերում կատարման, ուշացած է լինում, այսինքն՝ այդ հրամաններն արդեն ուշացած են տեղ հասնում: Բազմաթիվ նրբություններ կան»,- ասում է փորձագետը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am