Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ մայիսի 2-ի Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը` հաղորդում է Factor.am-ը։

«Քննարկմանը ելույթ ունեցան խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին համաձայնագրի վավերացմանը։ Քննարկման ավարտին խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը դեսպանին հրավիրեց կարճատեւ ընդունելության։

Նույն օրը երեկոյան Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են հետևյալ պետությունները՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա: