Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու. Սերժ Սարգսյանը խոսել է

Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու. Սերժ Սարգսյանը խոսել է
Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու. Սերժ Սարգսյանը խոսել է

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունքները:

Հանրապետության Նախագահին զեկուցվել է նաև, որ պահակապարեկային գնդի տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու, զինված խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու նպատակով շարունակաբար վարվում են ակտիվ բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակից թելադրվող այլ անհրաժեշտ գործողություններ:

Հանրապետության Նախագահն ընդգծել է ստեղծված իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պետք է ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները, կարևորել է ենթադրյալ բոլոր իրավախախտումների համակողմանի և անաչառ քննությունը, ինչպես նաև մեղավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը: Խորհրդակցության արդյունքներով իրավապահ մարմինների ղեկավարներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ:

«Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ ևս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք:

Մեկ անգամ ևս ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին: Բոլորս պարտք ունենք նրա առաջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս բարդ իրավիճակը կարգավորվի և նման ողբերգություն այլևս չկրկնվի:

Այս վիճակի ակունքում է մեր իրողության մեջ ամենավտանգավոր մտայնությունը՝ հարցերը լուծել բռնությամբ և ուժի կիրառմամբ: Այս մտայնության հետագա զարգացումը հղի է շատ վտանգավոր հետևանքներով հենց մեր երկրի և պետականության համար:

Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն:

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը:

Պատանդները պետք է ազատ արձակվեն:

Զինված խումբը պետք է վայր դնի զենքը:

Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ:

Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով:

Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար:

Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ և օրենքի շրջանակներում: Հորդորում եմ նաև, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր և սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին և գաղափարներին: Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով:

Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից և ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները:

Հանձնարարում եմ ձեզ՝ իրավապահ մարմինների ղեկավարներիդ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում:

Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար:

Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը:

Մենք գործում ենք և գործելու ենք համբերատար: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար:

Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն:

Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա:

Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին:
Մեկ անգամ ևս բոլորիս զգոնության և զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի»,-ասել է ՀՀ Նախագահը խորհրդակցության ժամանակ:

Հաղորդագրությունը տարածել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: