Հայաստանը գիտակցում է ԵԱՏՄ անդամակցության առավելությունները, այդ պատճառով էլ չի շտապում դուրս գալ միությունից, թեև Երևանի քաղաքական կուրսը հակասության մեջ է մտնում այդ միության գաղափարների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Օվերչուկը նշել է, որ Երևանի կատարած քայլերից հետո անհրաժեշտ է «վերլուծել և հասկանալ իրավիճակը»։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է լինել ինչպես Եվրոպայում, ապա գներն էլ Հայաստանում պետք է լինեն ինչպես Եվրոպայում։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ Ռուսաստանը մոնիթորինգ է իրականացնում ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի իրավական դաշտում՝ պարզելու համար՝ արդյոք ընդունվող ակտերը հակասո՞ւմ են միության իրավունքին։ Նա նշել է, որ հայկական մեդիայում մշտապես քննարկվում է ԵՄ չափանիշներին անցնելու թեման, և եթե Հայաստանը սկսի փոխել տեխնիկական կանոնակարգերը, դա կարող է «որոշակի սպառնալիքներ» ստեղծել Ռուսաստանի համար։
Միևնույն ժամանակ Օվերչուկը հայտարարել է, որ այս պահին Հայաստանը կատարում է ԵԱՏՄ շրջանակում իր պարտավորությունները և չի խախտել միության կանոնները։ Նրա խոսքով՝ Երևանը հասկանում է, որ ԵԱՏՄ-ն իր համար «շատ շահավետ է» և «չի շտապում դուրս գալ»։
Օվերչուկը պնդել է, որ Հայաստանի ընտրած քաղաքական կուրսը հակասում է ԵԱՏՄ հիմնական նպատակներին և կարող է հանգեցնել կենսամակարդակի, տնտեսության ու արտադրության անկման, ինչպես նաև էներգակիրների գների բարձրացման։
ՌԴ փոխվարչապետը նաև հայտարարել է, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ, ապա ԵԱՏՄ շրջանակում ստացած արտոնություններից զրկելը արդար կլինի։
«Եթե դուք չեք ցանկանում լինել Ռուսաստանի հետ միության մեջ, ապա ինչո՞ւ եք ակնկալում ստանալ այն արտոնությունները, որոնք տալիս է Ռուսաստանի հետ միությունը։ Ամեն ինչ շատ ազնիվ է»,- ասել է նա։
Օվերչուկի խոսքով՝ ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԵԱՏՄ մյուս երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից, սակայն Մոսկվան Երևանին «լուրջ ազդակներ» է ուղարկում։
«Մենք որոշակի ազդակներ ենք ուղարկում։ Եվ այդ ազդակները շատ լուրջ են»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։



















