«Տղաս աղջկաս էր ասում՝ դո՛ւ տար մամային քո տուն, աղջիկս էլ իրեն՝ բա դո՛ւ տար, վեր կացա էկա ծերանոց»․ սերն ու կարոտը՝ կորոնավիրուսից հետո

Նորքի տուն-ինտերնատում այսօր առանձնահատուկ եռուզեռ է՝ թոշակի օրն է։ Բնակիչների ուրախությանը չափ չկա, ասում են՝ այսօր հարստանալու են։ Ուրախանալու ևս մեկ առիթ կա՝ թոշակն իրենց ձեռքով են վերցնելու, ի տարբերություն այն շրջանի, երբ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ թոշակը ստանում էին հատուկ աշխատակցի միջոցով՝ իրենց սենյակում։ 

2019 թվականից աշխարհը պատուհասած համավարակի պատճառով շատ բան է փոխվել ծերերի կացարանում։ 

Տուն-ինտերնատի բուժքույր Ելենա Առաքելյանը լավ է հիշում այդ օրերը։ Ասում է՝ տարեցների համար դժվար էր հատկապես մուտքի ու ելքի արգելքը շենքի տարածքից, այլևս չէին կարող խանութ կամ հարազատների տուն գնալ, ինչպես առաջ էին անում։

«Աշխատակիցների ելումուտն էլ միայն ջերմաչափումով էր իրականացվում, իսկ նախանցյալ ապրիլից մենք ևս անցանք փակ ռեժիմի։ Ադմինիստրացիայի աշխատակիցներն ամբողջությամբ տնից էին աշխատում, իսկ այն մարդիկ, որոնք չէին կարող աշխատանքի չգալ, բաժանվեցին խմբերի։ Սկզբում մի խումբն էր 14 օրով տեղափոխվում ծերանոց, հետո՝ մյուս խումբը։ Թեստավորվում էինք՝ գալիս էստեղ, թեստավորվում էինք՝ գնում տուն»,- ասում է բուժքույրն ու հավելում՝ սահմանափակումները խստացան, երբ տարեցներից մեկը հիվանդանոցից վարակված եկավ, և գրանցվեց քովիդի առաջին դեպքը։ 

Հենց այդ ժամանակից սկսած արգելվեցին շենքից ելումուտը, տեսակցությունը հարազատների հետ և նույնիսկ միմյանց հետ շփումը։ Միակ վայրը, որն այդ օրերին ընդունում էր տարեցներին, իրենց սենյակն էր։

«Նրանց համար շատ բարդ էր այդ շրջանը։ Ծանր էին տանում սենյակից դուրս չգալը։ Շատերն անլուրջ էին վերաբերվում հիվանդությանը, բայց կային նաև այնպիսի մարդիկ, որոնք շատ զգուշավոր էին և նույնիսկ իրենց սենյակրում էին դիմակով նստում»։ 

Բուժքրոջ խոսքով՝ օրը երկու անգամ ախտահանում էին սենյակներն ու ջերմաչափում բոլորին։ Զբոսանքը շենքի տարածքում սահմանափակված էր, սնունդն այդ օրերին պատվիրում էին և ընդունում իրենց սենյակներում, խոհանոցը չէր աշխատում, իսկ ընդհանուր ճաշարանը փակ էր։ Բաղնիքից օգտվել էլ կարող էին հատուկ օրերին, այն էլ՝ միայն սոցիալական հեռավորությամբ։ 

Այնուամենայնիվ, վարակից լրիվ խուսափել չհաջողվեց։ Վարակվեցին  27 աշխատակից, 90 տարեց։ Ծերերից 17-ը մահացան, իսկ աշխատակիցների շրջանում մահվան դեպքեր չգրանցվեցին։ 

Աշխատակիցները պատմում են՝ մահացան բոլոր նրանք, ովքեր ունեին քրոնիկ հիվանդություններ, մինչդեռ եղան դեպքեր, երբ նույնիսկ 90-ի շեմը բոլորած տարեցները բուժվեցին աշխարհը ահուսարսափի մեջ պահած քովիդից։

Վարակվածների, ապա՝ ապաքինվածների թվում էր նաև 70-ամյա Ժենիկ Գևորգյանը, որն այդ խիստ շրջանն անցկացրել էր հիվանդանոցում, ապա՝ տեղափոխվել ծերանոց։ Ժենիկը ծերանոցում է արդեն 6 տարի, այստեղ է տեղափոխվել անօթևանների կացարանում շուրջ մեկուկես տարի ապրելուց հետո։ 

«Ես շատ ծանր չեմ տարել էդ շրջանը։ Հիվանդանոցում էի, բայց տեսակցությունները արգելված էին, դրսի աշխարհի հետ էլ կապը հեռախոսով էի պահում։ Իսկ հետո, երբ եկա էստեղ, հիմնականում իմ բույսերով էի զբաղվում»,- ասում է Ժենիկն ու ցույց տալիս իր բույսերը, որոնցից մի քանիսի անունն էլ չգիտի, բայց  սիրով խնամում է։

72-ամյա Ռաֆայել Հովակիմյանն էլ այդ ծանր շրջանը հաղթահարել է նկարելով, գեղանկարիչ է, վերջերս է ծերանոց տեղափոխվել։ Ապրել է Հռոմում, Աթենքում, ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում, բայց, ասում է՝ որտեղ էլ լիներ, հետ էր գալու հայրենի հող, առանց Հայաստանի ապրել չի կարողանում։ 

«Մարդկանց խաթեր չի, որ եկել եմ, ստեղ մարդ չկա, ես առանց էս հողի չեմ կարողանում ապրել։ Սա ավետյաց երկիր ա, բայց մարդիկ հլը չեն հասկանում, չեն էլ հասկանա։ 

No description available.

Ոչ էլ հասկանում են՝ նկարիչը ով ա, իսկ Եվրոպայում որ իմանում են՝ նկարիչ ես, վերջ, քեզ լրիվ ուրիշ կերպ են վերաբերվում»,- ասում է Ռաֆայել Հովակիմյանն ու հավելում՝ ծերանոցում էլ շարունակում է նկարել՝ անկախ իրավիճակից։ 

Ջուլիետա Շիրակյանն էլ լոքդաունի ընթացքում զբաղվում էր ամենատարբեր բաներով։ Ասում է՝ ստեղծագործում է, մուսան հենց ծերանոցում էլ բացվել է։ Գրում է ամենատարբեր բաների մասին, ունի բանաստեղծություններ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն։ Երազում է մի օր տպագրված տեսնել դրանք։ 

«Բացի գրելուց, մեր էստեղի թատրոնում ներկայացումներ էինք բեմադրում։ Բոլոր դերերս անգիր գիտեի, էնքան էի սիրում։ «Տաքսի-տաքսիի» մեջ Ռոզի դերն էի տանում, նույնիսկ երգ էի հորինել։ Քանի որ սահմանափակումներն էլ թուլացել են, մեր ներկայացումը ուզում ենք Պարոնյանի թատրոնում էլ բեմադրել»,- պատմում է 70-ամյա Ջուլիետան ու հավելում՝ ամեն ինչ շատ լավ է, բայց իր ընկերուհուն՝ Մարիետային է կարոտում։ 

Ջուլիետան Մարիետայի հետ էր երկար տարիներ կիսում էր իր սենյակը։ Մարիետան մահացել է մոտ երկու ամիս առաջ․ հիվանդ էր։ 

«Առանց իրա ես էն չեմ, իրա տեղը ոչ ոք չի լրացնի, իրա պես ընկերուհի ես էլ չեմ ունենա։ Մեր մի կտոր հացը իրար հետ էինք կիսում։ Նոր ընկերուհիս էլ վատը չի, բայց Մարետաս ուրիշ էր»,- ասում է Ջուլիետան՝ նշելով, որ Մարիետայից բացի կարոտում է նաև իր տունն ու երեխաներին։ 

«Ծերանոց որոշեցի գամ էն ժամանակ, երբ ամուսնուս մահվանից հետո լսեցի, թե ոնց էին տղաս ու աղջիկս վիճում, թե ում մոտ պիտի մնայի։ Տղաս աղջկաս էր ասում՝ դո՛ւ տար մամային քո տուն, աղջիկս էլ իրեն՝ բա դո՛ւ տար։ Էդպես առանց ասելու վեր կացա ու էկա էստեղ»,- «Մեդիալաբին» պատմում է նա։

No description available.

Հայաստանում գործում է 12 տուն-ինտերնատ, որոնցից 4-ը՝ Երևանում, մյուսները՝ մարզերում։ Ծերանոցներից 4-ը պետական են, որոնցից 2-ն ընդհանուր են, 2-ը մասնագիտացված են հատուկ կարիքներ ունեցող տարեցների խնամքով։ 

Ծերանոցում բնակություն հաստատելու համար տարեցները դիմում են իրենց համայնքապետարան, իսկ պետությունն արդեն որոշում է՝ ո՛ր ծերանոցում տեղավորել նրանց։ Իսկ թե որ ծերանոց կգնա տարեցը՝ կախված է այն հանգամանքից, թե որտեղ ազատ տեղ կա։ 

Պետական հոգածության ներքո գործող Նորքի տուն-ինտերնատում բնակիչների թիվն անփոփոխ է, այստեղ իր հույզերի, կյանքի անցյալի ու ներկայի, հիշողությունների ու առօրյայի սահմանագծում 210 մարդ է ապրում։ Ազատ տեղը միանգամից լրացվում է։

Տուն-ինտերնատի փոխտնօրեն Կարապետ Կարապետյանն ասում է, որ վերջին տարիներին մարդիկ ավելի շատ են սկսել դիմել՝ ծերանոց ընդունվելու համար։ Դիմողների մոտավոր տարիքը տատանվում է 70-80-ի միջակայքում, իսկ ծերանոց դիմելու հիմնական պատճառը, ըստ նրա՝ մարդկանց սոցիալական վատ վիճակն է, ներընտանեկան հարցերը, ի հայտ եկած այլ խնդիրներ։

«Էստեղ հայտնվող տարեցների մեծ մասը զավակներ ունի, ասեմ ավելին՝ որդիներ ունի։ Սակայն ժամանակի ընթացքում նրանցից շատերը զրկվում են տներից՝ շատ ժամանակ հենց իրենց իսկ երեխաների ձեռքով։ Կան դեպքեր, երբ երեխաները նույնիսկ խաբեության միջոցով են խլում տունը ծնողից»,- ասում է Կարապետ Կարապետյանը։ 

Խորեն և Նանե Կարախանյաններն էլ արդեն 52 տարի է՝ ինչ միասին են, բայց երեխա չունեն։ Երբեմն տխրում են։ Ասում են՝ եթե երեխա ունենային, գուցե չհայտնվեին ծերանոցում։ Մյուս կողմից էլ՝ տեսնում են, որ ծերանոցում բնակվող տարեցների մեծ մասը երեխա ունի, բայց, այնուամենայնիվ, ծերանոցը դառնում է նրանց վերջին հանգրվանը:

No description available.

Ամուսիններն իրար երբեք չեն մեղադրել եղածի համար, փոխարենը յուրաքանչյուրն իր ներսում է պահել իր բաժին ցավը՝ մյուսին չնեղացնելու համար։

52 տարվա ընթացքում Կարախանյանները գրեթե ամեն շաբաթ թատրոն ու թանգարան են այցելել, ինչն էլ հենց ամուր է պահել իրենց սերն ու հեռու պահել չար խոսակցություններից։

«Ամեն իրիկուն հանդիպում էինք ուշ ժամին, դե, էլ կռվել չէինք կարող, այդ ժամերին երկուսս էլ հոգնած էինք, դրա համար էլ գնում էինք թատրոն, կինո, համերգ, ընդ որում՝ ամեն շաբաթ պարտադիր։ Երբեք չեմ թողել, որ տխուր անցնի մեր կյանքը, բոլոր թանգարանները գնացել ենք, մնացել ա մենակ Փարաջանովի թանգարանը, քովիդի պատճառով չենք կարողացել գնալ, բայց անպայման կգնանք։ 

Իսկ ջահելներին խորհուրդ եմ տալիս՝ ման գալ, շատ ման գալ։ Քանի կարող եք՝ մա՛ն էկեք, երեխե՛ք ջան, ձեր համար հնարավորություն ստեղծեք, աշխա՛րհ տեսեք, մնացածը սուտ բաներ են, իսկ ամուսնանալն էլ հեչ պարտադիր չի»,- ասում է Նանուլին և աչքով անում։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am