Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց երկու քաղաքացիական անձանց

Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց երկու քաղաքացիական անձանց
Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց երկու քաղաքացիական անձանց

Ադրբեջանում ներկալված երկու հայ քաղաքացիական անձինք այսօր հայրենադարձվել են Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։

ԿԽՄԿ-ի հաղորդագրության համաձայն` կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվել են Ադրբեջանի Ղազախ եւ Հայաստանի Իջեւան քաղաքների միջեւ ընկած ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։

«Գործելով որպես չեզոք միջնորդ եւ իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է այս հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, ներկալված անձինք հավաստիացրել են ԿԽՄԿ-ին, որ վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով», – ասված է հաղորդագրությունում։

«Ազատություն» ռադիոկայան