Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր  Նուբար Աֆեյանը հույս հայտնեց, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կստանան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Աֆեյանը հայտնեց «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ընթացքում:

Աֆեյանը վեբինարի մասնակիցներին ներկայացրեց իր ստեղծած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության ստեղծած պատվաստանյութի վերաբերյալ տեղեկությունը, նշելով, որ այժմ ընթանում են կլինիկական փորձարկումներ, և հույս ունի, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կունենան:

Պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ է անցնում մարտի 17-ից:

Առցանց վեբինարին մասնակցում էին նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզին, «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության տնօրեն Անդրե Անդոնյանը և բժիշկ Դավիթ Նաբարրոն:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 614 հազարը, վիրուսից մահացել է ավելի քան 28 հազար մարդ, ապաքինվել ավելի քան 137 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 372 է, ապաքինվել և դուրս է գրվել 28 անձ, մահացել մեկ քաղաքացի: