«Իշխանությունները հասկանում են, որ հետքերը, ինչպես այլ սպանությունների դեպքում, տանում են Մոսկվա». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հայաստանի եվրոպական կուսակցության համահիմնադիր Տիգրան Խզմալյանը

Պարո՛ն Խզմալյան,  ականատես ենք լինում հերթական դեպքին, երբ Հայաստանի ուժային կառույցներից մեկի նախկին ղեկավարը մահացած է հայտնաբերվում։ Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքից հետո ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքն է  արձանագրվում, ինչի՞ մասին է խոսում այս ամենը։

– Սա անհատական, անձնավորված հանցանք չէ, սողացող հեղաշրջման շարունակությունն է, սրանք կրակոցներ են պետության ուղղությամբ։ Ես ասում եմ՝ պետության այն պատճառով, որ այդ մարդը եղել է նախկին պաշտոնյա։ Խնդիրը ոչ թե ինքն է, այլ այն ճշմարտությունը, որի կրողն էր նա։ 

Սպանել են տվյալ դեպքում ոչ թե պարոն Կուտոյանին, սպանել են այն ինֆորմացիան, ճշմարտությունը, որի կրողն էր նա։ Այդ պատճառով մենք պետք է հասկանանք, որ սա հանցանք է պետության դեմ, իսկ թե ո՞վ է կատարում պետության դեմ հանցանք… դա այլ պետության հանցանքն է։ Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք խոսել հենց սողացող հեղաշրջման մասին։ Հայտնի է, որ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է մնալ ռուսական ԿԳԲ-ի ենթաբաժինը։ Մենք դրանում բազմիցս համոզվել ենք։ 

Բոլորովին վերջերս սոցիալական ցանցերում տարածվեց գեներալ-մայորի բավական հետաքրքիր հարցազրույցը, նա ակամա մերկացրեց իրենց գործունեությունը։ Կարևորը նրա բերած փաստերը չէին, այլ ենթատեքստը, նա փաստորեն չթաքցրեց, որ ամբողջ կառույցն աշխատում է մեր պետության դեմ՝ հօգուտ այլ պետության։ 

Նրանց համար Հայաստանը դեռ մնում է Սովետական Միության, գուցե նաև՝ Ռուսաստանի գուբերնիա, նահանգ։ Ահա թե ինչու նրանց համար դա ընդամենը մեկ աշխատակցի սպանություն է, իսկ մեզ համար՝ ոտնձգություն է մեր անկախության դեմ։ 

Այո՛, պարոն Կուտոյանը չի հանդիսանում Հայաստանի  Հանարապետության խորհրդանիշ, նա չեկիստ է եղել, սակայն մի քանի պատճառով ենթատեքստը մեզ թելադրում է հենց այդպիսի եզրակացություն անել։ 

Եթե մեր ազգային անվտանգությունը հերթական անգամ ստանում է այդպիսի հարված, մենք պետք է շատ լուրջ մտածենք՝ արդյոք դա մեր ազգային անվտանգությո՞ւնն է, թե՞ սպառնալիք մեր ազգային անվտանգությանը։ 

Դա բացառապես այլ պետության՝ կայսերական Ռուսաստանի ոտնձգությունն է մեր անկախության դեմ։ Անձամբ ես միանշանակ համոզված եմ, որ դա հենց այդպես է, և սա հեղաշրջման մաս է կազմում։

– Ի՞նչ կապ կարող է լինել Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի միջև։ 

– Ես էլ անմիջապես հիշեցի Հայկ Հարությունյանի դեպքը, բայց իմ սերնդի մարդիկ նաև կհիշեն ավելի վաղ շրջանի սպանությունները։ Առաջին քաղաքական սպանություններից էր Մարիուս Յուզբաշյանի սպանությունը։ Ընդ որում, եթե մենք հաշվենք քաղաքական սպանությունների թիվը, ապա ես վստահ եմ, որ Հայաստանը իր տարածքի ու բնակչության հաշվով երևի աշխարհում ամենավտանգավոր տեղերում է։ 

Մեզ մոտ սպանվել են ԼՂՀ  Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը, հետո՝ պատգամավորներ, հետո մենք բազմաթիվ արյունոտ հետքերով հասնում ենք ամենաճչացող դեպքին՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջմանը, երբ կառավարության ու խորհրդարանի ղեկավարները սպանվեցին։ Այսինքն՝ պետականությունը գլխատվեց։ Սա նույն պատմությունն է։ Այո՛, փոխվում են անունները, փոխվում են հանգամանքները, բայց նպատակը նույնն է՝ Հայաստանի անկախությունը գլխատվում է։

– Գեորգի Կուտոյանի մահվան դեպքում ևս շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Դա հնարավո՞ր վարկած է։

– Անգամ նախքան քննչական կոմիտեի վկայությունների վերաբերյալ մամուլի հրապարակումները, որ այնտեղ շուրջ 40 պարկուճ է գտնվել, արդեն պարզ էր, որ երիտասարդը հենց այնպես ինքնասպանություն  չէր գործի։ 

Եթե բացառենք անձնական եզրերը, ապա նման դեպքերում մտածում ես դրա հասարակական-քաղաքական կնճիռների մասին։ Ինքնասպանության համար հիմքեր չկային, թեև, իհարկե, ոչ ոք իրավունք չունի մտնել նման նուրբ հարցի մեջ, բայց այն վկայությունները, որ սպանության վայրում բազմաթիվ պարկուճներ են գտնվել, հանում է ինքնասպանության վարկածը։ 

Սա վիրավորանք է հասարակության բանականության նկատմամբ, որ քննիչները փորձում են լուրջ դեմքով նման վարկածներով կերակրել հասարակությանը։

Զարմանալի է, որ իշխանություններն անմիջապես չարձագանքեցին այս դեպքին, բայց նաև հասկանալի է։ Նրանք հասկանում են, որ հետքերը, ինչպես այլ սպանությունների դեպքում, տանում են Մոսկվա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am