«ԵԽԽՎ-ում Թուրքիան ու Ադրբեջանը չհասան իրենց ցանկալի արդյունքին». ՔՊ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը

Տիկի՛ն Ղազարյան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև: Հե՞շտ էր հասնել այս բանաձևի ընդունմանը, ու ո՞րն է այս բանաձևի կարևորությունը:

– Ասեմ, որ հայաստանյան պատվիրակությունը Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի ներգրավվածությամբ՝ ակտիվ աշխատանք է կատարել, իսկ այդ կարևոր աշխատանքը սկսվել է ամիսներ առաջ:

Ադրբեջանական կողմն ակտիվորեն մեկ թեզ է առաջ մղում, որ բոլոր փաստաթղթերից, հանրային խոսույթից դուրս թողնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթը, ինչն անընդունելի է մեզ համար, և, ինչպես նշել են ՀՀ վարչապետը, արտգործնախարարն ու խորհրդարանականները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, որովհետև դրա հիմքում ընկած է ազգերի ինքնորոշման իրավունքը, ու քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ապագայի հարցը, չենք կարող խոսել հակամարտության ավարտի մասին:

Մեր պատվիրակության անելիքներից մեկն էլ բանաձևի վերնագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթը վերականգնելն էր, և հիմնականում դրան էին ընդդիմանում ադրբեջանցի պատվիրակները: Շատ կարևոր է ընդգծել, որ միջազգային հանրությունը քաջ գիտակցում է, որ հակամարտությունն ավարտված չէ, և Ադրբեջանի թեզը՝ չօգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթը, հղի է վտանգներով: Հղում էր արվում նաև մինչ օրս եղած բոլոր պաշտոնական փաստաթղթերին, որոնցում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ անվանումը:

– Այսինքն՝ թուրք և ադրբեջանցի պատվիրակները դեմ էին միայն այդ եզրույթի կիրառմա՞նը բանաձևում:

– Չէ՛, իրականում, նրանք խուսափում էին մեր կողմից ներկայացվող մի շարք հավելումներից՝ դեմ քվեարկելով և դրանց դեմ խոսելով, բայց շատ կարևոր է, որ մեր ներկայացրած խնդիրների մեծ մասն ընդունվել է, և միջազգային հանրությունը շարունակում է պահանջել Ադրբեջանից վերադարձնել մեր գերեվարված եղբայրներին:

Զեկույցում մանրամասն ներկայացված է, որ ունենք գերիներ, որոնք նկարահանվել են, սակայն այսօր նրանց մասին որևէ տեղեկություն չկա, այնտեղ նշվում է 30 թիվը: Այսինքն՝ միջազգային հանրությունը ֆիքսում է Ադրբեջանի կատարած հնարավոր հանցագործությունը, ինչպես նաև նշվում է տեղեկատվություն մեր այն հայրենակիցների մասին, որոնք ապօրինաբար կալանավորվել են:

Շատ կարևոր է նաև, որ զեկույցում նշվում է պատմամշակութային կոթողների ավերածությունների, Ադրբեջանի կողմից ատելության մթնոլորտի տարածման մասին: Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը, շարունակաբար խոսելով այս խնդիրների մասին, ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա՝ վերադարձնի մեր եղբայրներին և այնպես անի, որ մշակութային ցեղասպանությունից զերծ մնանք:

– Տիկի՛ն Ղազարյան, իսկ, ի վերջո, հաջողվե՞ց զեկույցում ներառել այն կետը, որ Թուրքիան 44-օրյա պատերազմում ակտիվ ներգրավվածություն է ունեցել:

– Թուրքիայի մասնակցության ու նրա կողմից՝ պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման մասին, այո՛, զեկույցում կա նշված, ինչը ևս շատ կարևոր էր, բայց ուզում եմ ասել, որ մինչ այդ էլ ամենաբարձր մակարդակներով Թուրքիայի ներգրավվածության մասին խոսվել է, ու դա մի փաստ էր, որն անհերքելի է միջազգային հանրության կողմից:

– Մյուս երկրների պատվիրակներն ինչպե՞ս էին ընդունում ձեր ներկայացրած խնդիրների մասին թուրք ու ադրբեջանցի պատվիրակների առարկությունները:

– Քվեարկության արդյունքը ցույց տվեց, որ մյուս երկրների պատվիրակները մեծ մասամբ ընդունում էին մեր առաջարկները, կային, իհարկե, առաջարկներ, որ չէին անցնում, բայց մեծ մասամբ ու ամենակարևորներն անցել են: Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի պատվիրակները դեմ են քվեարկել զեկույցին, ինչը վկայում է, որ նրանք չեն հասել իրենց ցանկալի արդյունքին:

– Պատվիրակության ընդդիմադիր ձեր գործընկերները չեն եկել Ստրասբուրգ, մինչև մեկնելը խոսե՞լ եք միմյանց հետ:

– Այո՛, ասացին, որ չգալը պայմանավորված է Արմեն Գրիգորյանի՝ երկրից դուրս գալ չկարողանալու հանգամանքով, բայց խոստացան առցանց մասնակցել նիստերին: Լիահույս եմ, որ մյուս նիստերին պատվիրակության ամբողջ կազմով ներկա կլինենք:

Մենք դեռ Ստրասբուրգում ենք, դեռ էլի նիստեր կան: Կարծում եմ՝ բավական արդյունավետ ենք աշխատել: Բոլորս ակտիվ ներգրավված ենք հանձնաժողովների, տարբեր քաղաքական խմբերի աշխատանքներում: Ես մասնավորապես ներգրավվելու եմ «Ալդե» քաղաքական ընտանիքի կազմում և փորձելու եմ ջանքերս ներդնել նաև նրանց օրակարգում: Պարոն Ռուստամյանի հետ ներգրավված եմ լինելու մշակույթի, կրթության, երիտասարդության հարցերի հանձնաժողովում, հենց այսօր էլ նիստ ունենք, ու, կարծում եմ, արդյունավետ աշխատանք կլինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am