Լեւոն Զուրաբյան. «Առաջին անգամ է, որ այսպիսի լարված դիվանագիտական ֆոն է ձեւավորվել»

Լեւոն Զուրաբյան. «Առաջին անգամ է, որ այսպիսի լարված դիվանագիտական ֆոն է ձեւավորվել»
Լեւոն Զուրաբյան. «Առաջին անգամ է, որ այսպիսի լարված դիվանագիտական ֆոն է ձեւավորվել»

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Կազանում կայանալիք հերթական եռակողմ հանդիպմանը, հայտարարել է, թե Կազանի հանդիպման, եւ ընդհանրապես Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Կոնգրեսի դիրքորոշումը պայմանավորված է լինելու երկու իրողությամբ:

Առաջինը, ըստ Զուրաբյանի` շրջանակային համաձայնագրի բուն տեքստն է, կամ այն փաստաթուղթը, որը կընդունվի Կազանում: Եւ երկրորդ` այն, թե ինչ կպարունակի շրջանակային այդ համաձայնագիրը:

«Կոնգրեսում դիվանագիտական գործիչներ կան, որոնք կատարելապես տիրապետում են դիվանագիտական տեխնիկային եւ հասկանում են, որ ամեն բառ, արտահայտություն ու ստարկետ կարող է որոշիչ նշանակություն ունենալ փաստաթղթի գնահատման համար: Երկրորդ, եւ ավելի կարեւոր գործոնը, որը պայմանավորելու է մեր դիրքորոշումը, լինելու է ԼՂ ժողովրդի եւ իշխանությունների ռեակցիան»,-ասել է Զուրաբյանը:

Ընդդիմադիր գործիչն ասել է, որ Կոնգրեսը եղել եւ շարունակելու է լինել ԼՂ ժողովրդի, ԼՂՀ ինքնորոշման ջերմագույն աջակիցը: Զուրաբյանն ասել է, որ ընդդիմության համար որեւէ բան կարող է ընդունելի դառնալ այն բանից հետո, երբ դա ընդունելի է դառնալու ԼՂ իշխանությունների եւ ժողովրդի համար:

Ինչ վերաբերվում է կոնկրետ Կազանի հանդիպմանը, ապա Զուրաբյանն ասել է, թե կա դիվանագիտական աննախադեպ ֆոն, որ վկայում է այն մասին, որ եւ միջնորդների, եւ կողմերի մտադրությունները շատ ավելի լուրջ են, քան միչեւ հիմա եղել են:

«Արդյո՞ք դրանից կծնվի բեկում` ես որեւէ կանխատեսում անել չեմ կարող: Բայց Քի Վեսթից հետո բոլորի համար ակնհայտ է, որ առաջին անգամ է, որ այսպիսի լարված դիվանագիտական ֆոն է ձեւավորվել»,- ասել է Զուրաբյանը:

© Medialab.am