«Գնացել են ԵԽԽՎ, որտեղ ազատականությունը, ժողովրդավարությունը գերագույն անձեռնմխելի արժեքներ են ու ինչ-որ սորոսական տվայտանքներով են տառապում»․ Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, ԵԽԽՎ լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ելույթի զգալի մասը նվիրեց, իր խոսքով՝ «սորոսական գաղափարախոսությանը»։

Ընդհանրապես, որքանով է լուրջ, երբ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում մեր պատգամավորները նման ելույթներ են ունենում միջազգային հարթակներում։

Ցանկացած կառույց լուրջ է ընդունում որևէ գործչի կամ երկիր, եթե լուրջ աշխատում են այնտեղ։

Ավանդաբար Հայաստանում շատ բաներ ցուցափեղկային են եղել։ ԵԽԽՎ-ում որևէ հայ պատգամավորի հայտարարություն այն երանգի ներքո է կարդացվել, որ թվացել է՝ վե՛րջ, այդ կառույցը հենց այդ դիրքորոշումն է հայտնել, այն դեպքում, երբ այդ կառույցում այդպիսի հազարավոր հայտարարություններ են հնչում։

Ես չեմ ասում, որ պատգամավորներն իրենց քաղաքական դիրքորոշումները չներկայացնեն, բայց խորհրդարանական դիվանագիտություն ասելով՝ առաջին հերթին լուրջ աշխատանքի ներքո պետք է հասկանանք այն զեկույցները, որոնք ծնվում են, ընդունվում են այդ ինստիտուտի անունից։

Դրանք արդեն ոչ թե այս կամ այն կոնկրետ պատգամավորի անհատական կարծիքներն են, այլ կառույցի հավաքական դիրքորոշումը։

Մի բան, ինչը Ադրբեջանը տասնամյակներ հետևողական արել է՝ բերելով հայտնի ԵԽԽՎ որոշումը, որտեղ մեզ մեղադրեցին էթնիկ զտումների համար, տարածքների վերադարձման պահանջը շեշտվեց։ Ցավալիորեն, ո՛չ անցյալում, ո՛չ էլ այսօր այդպիսի զեկույցներ հայկական դիվանագիտությունը չի ծնել։

Երբ ես Եվրանեսթում կամ Սևծովյան տնտեսական վեհաժողովում հասնում էի բանաձևերի ընդունման, սկսում էի ամենացածր օղակից՝ հանձնաժողովի իմ գործընկերների կամ իմ միջոցով ցանկալի ձևակերպումները բերելով այդ զեկույց։

Այնուհետև այն խմբակցությունում, որին ես անդամակցում էի՝ ԵԺԿ-ն էր, հասնում էի նրան, որ ԵԺԿ-ում արդեն կուսակցության ընտանիքի մակարդակով ապահովվեր քվեարկության միատեսակությունը իմ ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ։

Իսկ վեհաժողովի դահլիճում արդեն ավտոմատ քվեարկություն էր տեղի ունենում։ Եվ որքան էլ Ադրբեջանն ընդդիմանում էր, այդ զեկույցն ընդունում էր։

Ցավալիորեն, ես չեմ տեսնում, որ այսօրվա խորհրդարանում ներկայացված ուժերը բավարար չափով ցանցավորված են եվրոպական կուսակցությունների հետ ու աշխատանք են տանում։

Ոչ միայն «Իմ քայլը» չի կարողացել այս 2 տարվա ընթացքում լուծել որևէ կուսակցական ընտանիքի անդամակցության իրականացումը, կլիներ դա ԵԺԿ-ն կամ այլ կուսակցություն, այլ նաև խոսքը վերաբերում է այն կուսակցությունների անարդյունավետ աշխատանքին, որոնք արդեն անդամակցում են որևէ այլ կուսակցության։

Այսինքն՝ որևէ մեկը մատին մատը չտվեց։ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը Հայաստանի հետ միասին ստանձնել է պարտավորություն հակամարտությունը խաղաղ եղանակով լուծելու համար։

Ես չգիտեմ՝ մեր պատվիրակությունները տեղյա՞կ են, հիշո՞ւմ են, որ այսպիսի պարտավորություն կա։ Միայն այն փաստը, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել՝ խախտելով հենց Եվրոպայի խորհրդում իր ստանձնած պարտավորությունը, պիտի բավարար լիներ այդ երկրին այդ կառույցից հեռացնելու պահանջ դնելու առումով։

Չի դրվել այդպիսի պահանջ, որևէ մեկն այդ խնդիրը չի բարձրացրել։ Ի վերջո, ԵԽԽՎ-ն ավելի քաղաքական, հումանիտար և այլ հարցերի քննարկման հարթակ է, հակամարտության կարգավորման հարթակ չէ։

Ունենալ պատերազմ, որին անդրադարձ չանի մի կառույց, որը կարող էր դրա պատճառահետևանքային կապը տալ՝ այս իրավիճակն է։

Անդրադառնալ Ադրբեջանի խայտառակ անցյալին, դա կապվեր պատերազմի արկածախնդրության հետ, դա չդառնար Ադրբեջանի դատապարտման դրույթ, չդառնար Արցախի հումանիտար աղետի և տեղահանված անձանց իրավունքների քննարկման հարթակ՝ ես չեմ պատկերացնում։

Գիտեք՝ քանի՛ հանձնաժողով կարող էր միայն առնչվել այդ խնդիրներին՝ սկսած մոնիթորինգի հանձնաժողովից, որը պետք է դներ Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցը։

Դա կարող էր բերել ընդհուպ Ադրբեջանի անդամակցության դադարեցմանը կամ Ադրբեջանին այդ կառույցից վտարելուն, եթե լավ աշխատեինք, վերջացրած մյուս հարցերով, որոնք վերաբերում էին հումանիտար, իրավունքների, ժողովրդավարության հարցերին։

– Այս կարևոր հարցերը թողած՝ խոսում են չգիտես ինչի մասին։

– Սրա փոխարեն հայ հասարակությանն ընդամենը «վաճառում» են 3-5 րոպեանոց տեքստեր։ Սարսափելի է ելույթների բովանդակությունը։

Նայում ես՝ գնացել են մի միջավայր, որտեղ ազատականությունը, ժողովրդավարությունը գերագույն անձեռնմխելի արժեքներ են, գնացել ու սկսում են քննադատել ազատականությունը, ժողովրդավարությունը, ինչ-որ սորոսական տվայտանքներ։

Ֆեյսբուքյան իմ գրառման տակ մի օգտատեր գրել ու Սորոսը համեմատել էր ինկվիզիցիայի ժամանակվա վհուկների հետ։ Երբ որևէ մեկին ուզում էին ինկվիզիցիայի ենթարկել, մեղադրում էին չարքերի հետ գործարքների համար։

Եթե Եվրոպան այդ ինկվիզիցիան ապրել է միջնադարում, դուք պատկերացնո՞ւմ եք էն վերաբերմունքը, երբ տեսնում են հերթական բոբոյացումը, 21-րդ դարի ինկվիզիցիան, երբ արդեն չարքերի, վկուկների դերում հանդես է գալիս Սորոսը։ Ծիծաղելի է։

Այս կարգի զավեշտ չի կարելի բերել ամբողջ երկրի վրա։ Մենք մեր ցանկությամբ չուզեցինք հասնել 21-րդ դար։ Հետո զարմացանք, որ 21-րդ դարի պատերազմում չենք կարողանում հաղթել։ Եթե ուզում եք մնալ 14-15-րդ դարի ուղեղի շարիկներով, ո՞նց եք ուզում 21-րդ դարի պատերազմում հաղթել։

Ընդհանրապես, մեր երկրի ընդդիմության որակի մասին է սա կարծես նաև խոսում։ Ընդդիմադիրներն այս փուլում խոսում են նաև կոշտ միջոցներ գործածելու մասին։ Օրինակ՝ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ ապստամբություն պետք է անեն։

– Դա սահմանադրական կարգը տապալելու կոչ էր։ Մարդն ասում է՝ առայժմ գնում ենք սահմանադրական ճանապարհով, բայց հետո չենք գնալու սահմանադրական ճանապարհով, ուժով ու բռնությամբ խնդիր ենք լուծելու, դա բռնության միջոցով իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը տապալելու մասին հայտարարություն է։

Կդիմե՞ն գործողությունների։

– Ես կարծում եմ՝ ավելի շատ հուսահատությունից են այդ հայտարարություններն արվում։ Իրավիճակի շատ սխալ վերլուծությունները բերել են նաև շատ սխալ քայլերի։

Իրենց թվում էր, եթե իշխանության նկատմամբ վստահությունը նվազել է, ապա կարելի է ցանկացած ֆեյք նորությունով թուլացնել ու տապալել իշխանությունը։ Հետո պարզվեց՝ իրենք իրենց նկատմամբ վստահությունն են խարխլել ու ոչնչացրել։

Իրենք այս պատերազմական իրավիճակին չեն տալիս ադեկվատ գնահատական, վերլուծություն, իրենց գնահատականներից այն տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանն է հարձակվել երկրի վրա, ոչ թե Ալիևը։

Երբ հասարակությունն այդ գնահատականը չի կիսում, իրենք ընկնում են հիստերիայի մեջ, առանց հասկանալու, թե հասարակությունն ինչում է քննադատում Փաշինյանին։ Հիմա էլ իրենք որոշել են, որ իրենց պակասում է կտրուկությունը։

Իրենց թվում է, որ հասարակությունն իրենց հետևից չի գնում, որովհետև տղամարդակային կտրուկության և համարձակ գործողությունների պակաս կա։ Հիմա էլ սկսել են այնպիսի հայտարարություններ անել, որոնք շոկ են առաջացնում հասարակության մոտ։

Ես նրանց կանվանեմ հակակառավարական դաշինք, ես չեմ էլ կարող նրանց քաղաքական միավոր համարել, առավել ևս նրանց բառապաշարը քաղաքական չէ՝ «ժեխ», «բոմժեր»։

Ո՛չ բառապաշարն է քաղաքական, ո՛չ գործողությունները, հետևաբար, ես նրանց ուղղակի կանվանեմ հակակառավարական, ռևանշիստական ուժեր։

Եվ նկատելի է, որ իրենց ներսում արշալույսները խաղաղ չեն, սերժսարգսյանական և քոչարյանական թևերը շատ կտրուկ դիստանցիա են պահում իրարից։

Սերժսարգսյանականները շարունակում են ցույց տալ, որ Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ միասնական թեկնածու, բայց մենք տեսնում ենք, որ քոչարյանականները նոր անունների փնտրտուքի մեջ են, Քոչարյանի նկատմամբ հանրային սպասումների պատրանք են փորձում ձևավորել։

Այսինքն՝ ներքին հիասթափություններն էլ են իրենց ստիպում գնալ անհավասարակշիռ քայլերի ու ելույթների, որոնք որևէ կերպ չեն թեթևացնում ո՛չ երկրի վիճակը, ո՛չ, առավել ևս՝ իրենց։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am