«Կառավարության ծրագրում կան կարևոր կետեր, բայց դրանց իրականացման միջոցների մասին խոսք չկա». Սուրեն Պարսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում տնտեսագետ Սուրեն Պարսյանը

Պարո՛ն Պարսյան, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության հնգամյա ծրագիրը: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այն:

– Կառավարության այս ծրագիրը նախորդ երկու ծրագրերի համեմատ ավելի ընդգրկուն է, ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր: Տարբեր ոլորտների մասին տեղեկություններ կան ու ավելի շատ թվեր՝ առանձին ոլորտների մասով, որ, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը նախատեսում են դարձնել 6 տոկոս՝ համախառն ներքին արդյունքից:

Այս թվային տվյալները, ըստ էության, թույլ կտան հետագայում վերահսկել կամ չափել այս կառավարության գործունեությունը, քանի որ երբ կենացային մակարդակով դրույթներ են ներգրավվում, դրանք չափելն ու գնահատելը շատ ավելի դժվար են: Այնուամենայնիվ, այս ծրագրում կան խորքային մի շարք բացթողումներ, որոնք դրա իրագործումը անհնար են դարձնում:

Այժմ ավելի մասնավոր, պարո՛ն Պարսյան, կխնդրեմ գնահատեք Կառավարության հնգամյա ծրագրի՝ տնտեսական ոլորտին վերաբերող հատվածը:

– Այս ծրագրում նշված է, որ կառավարությունը հաշվի է առել նաև իր՝ 2050 թվականի ռազմավարական տեսլականը: Հիշեցնեմ՝ նրանք հայտարարել էին, որ մինչև 2050 թվականն տասնհինգապատկելու են Հայաստանի ՀՆԱ-ն: Այս ծրագրում նախանշած 7 տոկոս ՀՆԱ-ով դա ուղղակի անհնար է անել, այսինքն՝ այս ծրագիրը չի բխում իրենց հայտարարած ռազմավարական ծրագրից:

ՀՆԱ-ն տասնհինգապատկելու համար պետք է նվազագույնը միջինում 10 տոկոս ՀՆԱ-ի աճ ունենանք, որ կարողանանք տասնհինգապատկել մեր ՀՆԱ-ն:

Կառավարությունը տնտեսության հիմնական խնդիրները չի հասկացել կամ չի բարձրացրել: Նույն այս ծրագրում հայտարարվում է, որ պետք է փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը հասցնել 55 տոկոսի, անշուշտ, սա շատ կարևոր է, բայց, եթե նույն այդ ծրագրում ոչ մի խոսք չկա մենաշնորհների գործունեության, դրանց զսպման մասին, ապա ինչպե՞ս են դրան հասնելու:

Մեր տնտեսության մեջ հիմնական խնդիրներից մեկը եղել ու մնում են մենաշնորհները, նրանց գերիշխող դիրքը և այդ դիրքի չարաշահումը: Իսկ այս ծրագրում որևէ խոսք չկա մենաշնորհների ու դրանց դեմ պայքարի մասին:

Եվ եթե նրանք չեն կարողանում մենաշնորհները զսպել, կառավարել, ապա ներդրումային միջավայրի, փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին խոսելն անիմաստ է: Այսինքն՝ տնտեսության մեջ առկա հիմնական խնդիրը նրանք չեն հասկացել և որևէ լուծում չեն առաջարկել այս ծրագրով, ինչն անհնար է դարձնում, այս տեսանկյունից, այդ ծրագրի կատարումը:

Կառավարությունը ճի՞շտ տնտեսական թիրախներ է  ընտրել:

– Բազմաթիվ սոցիալական ծրագրեր են ներառել, օրինակ՝ ողջունելի է, որ Կառավարությունը նպատակադրել է կենսաթոշակներն ու նպաստները հասցնել նվազագույն պարենային և սպառողական զամբյուղի արժեքներին:

Հայտարարվում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է հասցնել 85000 դրամի, բայց միևնույն ժամանակ որևէ խոսք չկա գնաճի ու դրա կառավարման մասին, օրինակ՝ հնարավոր է մի իրավիճակ, երբ մենք ներկայիս 68000 դրամ նվազագույն աշխատավարձով ավելի շատ ապրանք կարողանանք ձեռք բերել, քան 2-3 տարի հետո 85 հազարով: Այսինքն՝ պետք է ոչ միայն նպատակը դնել բացարձակ թվով, այլ նաև գնողունակությունը, սա է նվազագույն աշխատավարձի մասով կարևորագույն հանգամանքը:

Կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է նախանշում տարբեր ոլորտներում, բայց այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ գումարներ, իսկ գործող իշխանությունն իր հարկաբյուջետային քաղաքականության մեջ, ըստ էության, որևէ արմատական փոփոխություն, նոր մոդել չի առաջարկում: Իրենց պատկերացմամբ՝ հարկեր-ՀՆԱ պետք է ավելացնել ընդամենը 2,5 տոկոսով, իսկ նույնիսկ այդ պայմաններում հնարավոր չէ այս խոստումներն ու հայտարարություններն իրականացնել: Այսինքն՝ նրանք ասում են, որ ծախսեր են անելու, իսկ թե այդ գումարը որտեղի՛ց են վերցնելու՝ այդ մասին որևէ հիմնավորված դրույթ չկա այս ծրագրում:

Ասում են, որ հարկային բեռը պետք է արդյունավետ բաշխել, բայց որևէ խոսք չկա, որ, օրինակ՝ կհրաժարվեն համահարթ հարկային քաղաքականությունից և կանցնեն պրոգրեսիվ հարկման: Նախընտրական շրջանում հայտարարած՝ հանքերի ազգայնացման մասին ևս ոչ մի խոսք չկա:

Կարևորագույն կետ նշեմ, որը կա՝ եկամուտների հայտարարագրումը, անշուշտ սա շատ խնդիրներ կլուծի, բայց մտահոգություն ունեմ այդ ծրագրի ներդրման, դրա հնարավորության և կարողությունների վերաբերյալ:

Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է այդ ծրագիրն ամբողջ ծավալով ներդնելու: Խնդիր է նաև տրանսֆերների մասը՝ հարկվելո՞ւ են դրանք, օգնությունները հարկվելո՞ւ են և այլն: Բազմաթիվ այլ խնդիրներ կան:

Պարո՛ն Պարսյան, ճի՞շտ եմ հասկանում, որ առաջարկվող ծրագրերը դրական եք գնահատում, սակայն խնդիր եք համարում այն, որ ծրագրում նշված չեն, թե ինչ ճանապարհով, միջոցներով են դրանք կյանքի կոչվելու:

– Այո՛, միանշանակ կան կարևոր ծրագրեր, բայց դրանց իրականացման միջոցների մասին խոսք չկա: Ասում են՝ 2,5 մլն զբոսաշրջիկ ենք ունենալու, բայց նշված չէ՝ ինչպես ու որ երկրների հաշվին:

Կոնկրետ ոլորտների մասին նշել են, բայց նշում չկա, թե դրանք ինչպե՞ս են զարգացնելու, ինչի՞ հաշվին: Այսինքն՝ չեն նշվում տվյալ ոլորտների զարգացման հիմքերն ու այդ ուղղությամբ արվող քայլերը: Նպատակներ կան, բայց հիմնավորում՝ դրանք կյանքի կոչելու միջոցների ու ուղղությունների մասին չկա:

Փաստորեն, համենայնդեպս տնտեսական ոլորտի օրինակով ստացվում է, որ կառավարության առաջարկած ծրագիրը կրկին, ինչպես նախորդների դեպքում էին ասում, տեղավորվում է ցանկությունների դաշտու՞մ:

– Բնականաբար, հա՛, լավ ցանկություններ կան, բայց ի տարբերություն նախորդ ծրագրերի՝ թվային տվյալներն ու ոլորտներն ավելի շատ են: Ամփոփելով՝ ասեմ, որ ունեցած միջոցներով, թիմով ու կարողություններով այս ծրագիրը չեն կարող իրականացնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am