Բնապահպանական փորձաքննությո՞ւն, թե՞ թատրոն

Բնապահպանական փորձաքննությո՞ւն, թե՞ թատրոն
Բնապահպանական փորձաքննությո՞ւն, թե՞ թատրոն

«Մեգաէներջի» ՍՊԸ-ն, վերջին 2 տարվա ընթացքում, արդեն երրորդ անգամ է բնապահպանական փորձաքննության ներկայացնում Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի տարբեր նախագծեր, որոնցից վերջինի հանրային լսումները կայացան ս.թ. փետրվարի 17-ին: Շուրջ երկու տարի ձգվող այս ոդիսականի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունները լակմուսի թղթի նման ցույց տվեցին, թե ինչ ցավալի վիճակում են գտնվում մեր երկրում բնապահպանական փորձաքննությունն ու վերահսկողությունը: Անրադառնանք դրանց մի մասին միայն: 

Դեռևս 2012թ.-ի մայիսին Տավուշի մարզի Գետահովիտ համայնքից ահազանգել էին, որ Պաղջուր գետի գեղատեսիլ և անտառապատ հովտում սկսվել է փոքր ՀԷԿ-ի անօրինական շինարարություն: Միայն մեր ահազանգից հետո է «Մեգաէներջի» ՍՊԸ-ն ներկայացնում բնապահպանական փորձաքննության «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի առաջին աշխատանքային նախագիծը: «ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից կազմած այդ նախագիծը և դրա բնապահպանական մասը, պարունակելով ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող և ոչ մի բանով չհիմնավորված տեղեկություններ, ընդունվում են փորձաքննության, որի վերաբերյալ հանրային լսումները չգիտես ինչու անցկացվում են միայն Ենոքավան համայնքում: 
 
«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը աչք փակելով այդ ամենի վրա, տալիս է դրական եզրակացություն, որից հետո «Մեգաէներջի» ՍՊԸ-ն, ծանր տեխնիկայի միջոցով մուտք է գործում «Իջևանի» արգելավայրի անտառային հատված, արմատախիլ անում բազմաթիվ ծառեր, վնասում հողի բերրի շերտը, խախտում լանդշաֆտը և զգալի վնաս տալիս շրջակա միջավայրին: Դեռ ավելին՝շինարարական աշխատանքների ընթացքում պարզվում է, որ դրանք իրականացվում են Գետահովիտ համայնքի վարչական տարածքում, սակայն ազդակիր համայնք է համարվել Ենոքավանը, իսկ հողահատկացման և շինարարության թույլտվությունները տրվել են այդ համայնքի ղեկավարի կողմից: Այդ ակնհայտ խախտումները բերում են նրան, որ Գետահովիտ համայնքի բնակիչների և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների արդարացի և իրավաբանորեն հիմնավորված բողոքների արդյունքում, ՀՀ բնապահպանության նախարարը ստիպված է լինում գնալ աննախադեպ քայլի` ուժը կորցրած ճանաչելով (չեղյալ համարելով) «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հ. ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:
 
Այնուհետև ակնհայտ իրավախախտում կատարած և իրականությանը չհամապատասխանող նախագիծ ներկայացրած «ԷՌԱ» ՍՊԸ-ն, պատասխանատվության կանչվելու փոխարեն, ներկայացնում է նոր` փոփոխված նախագիծ, որը երկար պատմություններից հետո 2013թ մարտ ամսին ստանում է դրական եզրակացություն, չնայած նրան, որ Գետահովիտ համայնքի բնակիչները 2012թ.- նոյեմբերի 22-ին դիմել էին ՀՀ նախագահին 1077 ստորագրություններով նամակով, որտեղ հստակ դեմ էին արտահայտվել այդ նախագծին, իսկ դեկտեմբերի 6-ին Գետահովիտ գյուղում անցկացված հանրային լսումներին ներկա մոտ 120 գյուղացիները մեկ անգամ ևս հաստատել էին այդ բացասական կարծիքը, որն էլ հետագայում գրավոր ներկայացրել էին բնապահպանության նախարարությանը:
Պարզվում է նաև, որ այդ ընթացքում ակտիվ գյուղացիների վրա տարբեր եղանակներով ճնշումներ են գործադրել, իսկ ոմանք էլ 180 աստիճանով փոխել են իրենց կարծիքը: 
 
Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը այդպես էլ չի ցանկացել ստուգել և գնահատել խողովակաշարի տեղադրման ընթացքում անտառային ֆոնդին հասցված հսկայական վնասը՝ ինչի մասին բազմիցս ահազանգվել է և ներկայացվել տեսանյութերում: Կատարված իրավախախտումներին համարժեք գնահատական չեն տվել նաև իրավապահ մարմինները, որոնց դիմել ենք համապատասխան հաղորդումներով:
 
Վերջում նշենք, որ փետրվարի 17-ի լսումներին ներկա էին մոտ 15 գյուղացի, այն դեպքում, երբ Գետահովիտն ունի 2000-ից ավել բնակիչ…
 
Լսումների մանրամասները տեսանյութում՝ http://www.youtube.com/watch?v=mc9mEQWQS00
 
Այս մասին տեղեկացնում է Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ):