Լեւոն Զուրաբյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է արտահերթ ընտրությունների հավանականության հարցը

Մայիսի 19-ին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցրեր:
«Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական առարկան եղել է գալիք ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը, Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման ուղիները, երկրում օրինական, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաեւ արտահերթ համապետական ընտրությունների անցկացման հնարավորությունը»,-տեղեկացնում է ՀԱԿ հաղորդագրությունը:

Ըստ ՀԱԿ-ի, Լեւոն Զուրաբյանը ԵՄ դիվանագետներին ներկայացրել է Կոնգրեսի կողմից իշխանություններին ներկայացրած երեք պահանջների կատարման ընթացքը եւ «վստահություն հայտնել, որ մայիսի 31-ին կստեղծվեն նախադրյալներ` սկսելու երկխոսություն` Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու օրակարգով»:

Զուրաբյանը նշել է նաեւ, որ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ ԵՄ եւ նրա անդամ երկրների օժանդակությամբ միջազգային դիտորդական անպիսի առաքելության գործուղումը, որը թույլ կտա մոտ 2000 տեղամասերից յուրաքանչյուրում տեղավորել առնվազն մեկ մշտական դիտորդ:

«Քննարկման ընթացքում վերլուծվել է նաեւ Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, մենաշնորհային, օլիգարխիկ արատավոր տնտեսական համակարգի ապամոնտաժման անհրաժեշտությունը, փոքր եւ միջին բիզնեսի, գյուղացիական տնտեսությունների խախտված շահերը վերականգնելու կենսական անհրաժեշտությունը»,- տեղեկացնում են Կոնգրեսից:

© Medialab.am