«Այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ պիտակավորում ու վիրավորում են ոչ միայն քաղաքական ուժերին, այլև ընտրողներին». Բաբայան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, ձեր կարծիքով՝ ո՞վ է մտավորականը, ի՞նչ ասել է մտավորական, և արդյո՞ք մեր սպասումները մտավորականներից արդարացված են, թե ոչ: 

– Դա ամենաբարդ հարցերից է: Օրինակ՝ Խորհրդային Միությունում համարում էին, որ մտավորականությունը մարդկանց սոցիալական խումբ է, որը զբաղված է մտավոր աշխատանքով, բայց իրականում այդպես չէ: Ես կարծում եմ, որ դա որոշակի արժեհամակարգ կրելն է և, այդ արժեհամակարգը կրելով, ժողովրդի, հասարակության վրա որոշակի ազդեցություն ունենալն է:

Նախ՝ շատ հետաքրքիր ձևով յուրաքանչյուրն իր համար է գծում մտավորականի իր սահմանները: Մենք հաճախակի տարբեր քաղաքական ուժերից ու գործիչներից լսում ենք հետևյալ հարցադրում-կոչը՝ որտե՞ղ է մեր մտավորականությունը:

Այ որպեսզի տեսնենք, թե որտեղ է մեր մտավորականությունը, ես նկատի ունեմ իշխանության տարբեր տարիներին, մենք ինքներս պետք է շահագրգռված լինենք, որ այդ մտավորականությունը կայանա, այլ ոչ թե ոչնչացնենք, վարկաբեկենք, փորձենք դատապարտել, եթե իրենց հայացքները մեր հայացքներին չեն համապատասխանում: 

Պետք է փորձենք տարանջատել մարդկանց, որոնք իրենց մտավորական են զգում՝ կախված քաղաքական կոնյունկտուրայից, այս իշխանության օրոք մտավորական են, իսկ մյուս իշխանության օրոք հարմարվողական էին: Ամեն մարդ ինքն իր համար է որոշում, թե ով է մտավորականը:

Ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ սիրում այդ բառը, ինձ ավելի շատ դուր է գալիս երկրի քաղաքացի արտահայտությունը, համենայնդեպս, ինձ այդպես եմ դասում:

Իսկ որպես երկրի քաղաքացի ես կարևոր եմ համարում անկեղծ խոսելը հանրության հետ՝ անկախ նրանից, թե ով է այսօր իշխանություն, ով է ընդդիմություն, անկախ նրանից, որ ես կարող եմ ճիշտ լինել, սխալ լինել: Ես համարում եմ, որ իմ առաջնային խնդիրը շատ անկեղծ լինելն է՝ անկախ նրանից, թե դա ինչպես կգնահատվի, որովհետև նման վախերը մեզ զրկում են մեր խղճին համապատասխան գործելու հնարավորությունից:

Չի կարելի քաղաքական կոնյունկտուրայից կախված՝ ժամանակ առ ժամանակ զարթնել ու ասել՝ յուրաքանչյուր հայ պետք է զարթնի: Ես ինչքան իրական մտավորականի եմ հանդիպել իմ կյանքում, նրանք բոլորը խուսափում են այդ անունը կրելուց, երևի թե հոյակապ հասկանալով, թե ինչ նկատի ունեն տարբեր քաղաքական ուժերն այդ անվան տակ: Իրական մտավորականներից, իրական երկրի քաղաքացիներից ոչ ոք չի ուզում մտնել այդ խաղի մեջ: 

– Ինչպե՞ս եք գնահատում, որ մտավորականն այսօր փորձում է մտնել օրվա խաղի մեջ և հայտարարություններ է անում այս կամ այն քաղաքական գործչին սատարելու վերաբերյալ: Այսօր նորից թարմացվել է մտավորականների ցանկը, որոնք կոչ են անում ընտրել Ռոբերտ Քոչարյանին, սրանով նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում: Արդյոք ձեզ նույնպե՞ս առաջարկել են միանալ այդ ստորագրահավաքին:

– Ո՛չ, ես նման առաջարկ չեմ ստացել: Ոչ հանրահավաքին մասնակցելը, ոչ կուսակցությանը սատարելը, ոչ էլ, առավելևս՝ փրկիչ ման գալու մոտեցումը իմը չեն: Որովհետև իրականում յուրաքանչյուրը փրկությունը պետք է տեսնի իր մեջ, իր սկզբունքների մեջ: Ես ընդհանրապես չեմ կարծում, որ մտավորականի խնդիրը կոչով հանդես գալն է:

Մտավորականի խնդիրն առաջին հերթին հասարակության հետ երկխոսության մեջ մտնելն է և ոչ երբեք դասատուի և դատավորի կարգավիճակով:

Եթե դու կարողանում ես երկու բառ ավելի լավ կազմակերպել, դա չի նշանակում, որ քո միտքն ավելի լավ է կազմակերպված, դա չի նշանակում, որ քո միտքը, զգացմունքները, խիղճը ավելի մաքուր են: Պետք չի տարբեր ուսուցչական մեթոդներով սովորեցնել որևէ մեկին՝ ինչպես է պետք վարվել, ինչպես է պետք ապրել:

Պետք է սեփական օրինակով պարզապես ապրել: Եթե դու համարում ես, որ ինչ-որ բան սխալ է, դու պետք է դրա մասին խոսես, անկախ քաղաքական իրավիճակից և իշխանություններից: Վստահությունը քո հանդեպ գալիս է այն ժամանակ, երբ դիմացինդ հասկանում է, որ դու միշտ ես այդպես խոսել:

Այդ առումով մտավորականների կողմից հանրահավաքի մասնակցելու կոչ անելը բացարձակապես ընդունելի չէ, առավելևս՝ այսօրվա իրավիճակում: Ես որևէ մեկի հանրահավաքին չեմ պատրաստվում մասնակցել: 

– Ինչպե՞ս եք գնահատում առաջիկա ընտրությունները, ինչո՞վ են դրանք առանձնանում:

– Այս ընտրությունները տարբերվում են և՛ մեր նախորդ ընտրություններից, և՛, ընդհանրապես, աշխարհում ընտրությունների մասին ընդունված պատկերացումներից, որովհետև այս անգամ քաղաքական ուժերը ոչ միայն իրար են մեղադրում, այլ նաև փորձում են մեղադրել, պիտակավորել, վիրավորել ընտրողներին:

Նման բան ես որևէ տեղ չեմ հանդիպել: Միշտ քաղաքական ուժերն են իրար մեղադրում, պիտակավորում, վարկաբեկում, դա ընդունված է, բայց որ ընտրազանգվածին պիտակավորեն, վիրավորեն, ես, ճիշտն ասած, առաջին անգամ եմ հանդիպում: 

– Ընդհանրապես, հիմա մտավորականի խոսքին սպասող կա՞: Այդպիսի կոչերի, հայտարարությունների արդյունավետությունը որքա՞ն է:

– Այստեղ մտավորականի խոսքի հարցը չէ: Ես կարծում եմ, որ մարդիկ իրականում կոչերից հոգնել են: Յուրաքանչյուրը՝ և քաղաքական գործիչ, և հասարակական գործիչ, իր ելույթն սկսում է «կոչ եմ անում»-ով: Անկեղծ ասած, կոչ անելը մեծամտություն է: Դու այդ ի՞նչ առաջնորդ ես մտքի, բարոյականության, գաղափարի, որ կոչ ես անում:

Կոչերի դարը վաղուց անցել է, կոչերով հանդես գալը գալիս է նացիստական Գերմանիայից ու խորհրդային շրջանից: Եկեք պարզապես երկխոսության մեջ մտնենք մարդկանց հետ, չհամարենք, որ մեր ասածը 100-տոկոսանոց ճշմարտություն է: Երբ մենք կոչ ենք անում, մենք երկրորդ կարծիք չենք ընդունում:

Երբ մենք կոչ ենք անում, դրանով ասում ենք՝ սա վերջին ճշմարտություն է, բարի եղիր ենթարկվել դրան, իսկ եթե չես ենթարկվում այդ կոչին, այդտեղ սկսվում են վիրավորանքներն ու պիտակավորումները: Կոչ անելը ենթադրում է, որ դիմացինդ անխելք է, ուղեղ չունի և պետք է առաջնորդվի ոչ թե վերլուծական մտածողությամբ, այլ քո կոչերով: 

Մանե Հարությունյան

MediaLab.am