Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը․ ներդրվել է 880 միլիոն դրամ

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ Դպրոցների սեյմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է Արագածոտնի մարզի, Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը։

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից այս նպատակի համար ներդրվել է 880 միլիոն դրամ։ Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցի շենքը կառուցվել է 1959 թվականին, երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004 թվականին, սակայն դրանով խնդիրները չեն լուծվել։

Հատկապես մեծ խնդիրներ էին առաջանում ձմռանը, ջեռուցման առկայությամբ անգամ հնարավոր չէր լինում տաքացնել դասասենյակները, քանի որ պատերից ու պատուհաններից քամին անարգել հոսում էր ներս։ Հանդիսությունների սրահ չկար, իսկ մարզադահլիճը վերջին տարիներին հնարավոր չէր շահագործել` փտած հատակի ու խարխլված պատերի պատճառով, չկային նաև լաբորատորիաներ` մի շարք առարկաների ուսուցումը պատշաճ իրականացնելու համար։

Նոր կառուցվող դպրոցը վերջնականապես կլուծի այս բոլոր խնդիրները, շենքում կլինի հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, լաբորատորիաներ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։ Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։

Դպրոցի հին շենքի քանդմամբ և նույն վայրում նոր դպրոցի կառուցմամբ պայմանավորված` դասապրոցեսը չի տուժել։ Այժմ Օհանավանցի 375 աշակերտները երկրորդ հերթափոխով հաճախում են Կարբի համայնքի դպրոց։ Շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, ավարտը նախատեսվում է 2022 թվականի աշնանը։