«Հայաստանի ղեկավարը բավականին բարդ ու ռիսկային գործընթացի մեջ է մտել». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Հայտարարության մի քանի կետերի վերաբերյալ ձեր մեկնաբանությունն եմ խնդրում: «Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանազատմանը և կայուն իրավիճակի լավագույնս ապահովմանը»,- նշված է հայտարարության մեջ: Արդյոք սա չի՞ նշանակում, որ այս գործընթացներում Ռուսաստանի դերակատարումը երկրորդվում է:

– Փորձ է արվում իհարկե երկրորդ պլան մղել Մոսկվայի դերակատարումը, բայց, կարծում եմ, դա չի ստացվի մի քանի պատճառներով: Նախ` որովհետև սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածության կետերից մեկն է:

Երկրորդ՝ հայ-ադրբեջանական սահմանը նաև ՀԱՊԿ սահման է, որովհետև Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, և որևէ վտանգի դեպքում այդ սահմանը պարտավոր է պաշտպանել ՀԱՊԿ-ը, առաջին հերթին` Ռուսաստանը, հետևաբար Ռուսաստանը չի կարող լուրջ դերակատարում չունենալ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերում:

Երրորդ՝ այդ աշխատանքները իրականացնելու համար պետք է համապատասխան միջավայր, այսինքն՝ այդտեղ պետք է նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծվեն, և ոչ թե լարվածության, ուժի կիրառման սպառնալիք և այլն, իսկ դա թերևս կարող է ապահովել միայն ռուսական կողմը:

Չորրորդ՝ այդ սահմանազատումն ու սահմանագծումը, ամենայն հավանականությամբ, պետք է իրականացվի այն քարտեզներով, որոնք գտնվում են Ռուսաստանի արխիվներում, այսինքն՝ այսպես թե այնպես բուն գործընթացը չի կարող լինել առանց ռուսական կողմի անմիջական ու շատ ակտիվ մասնակցության:

Եթե անգամ Եվրամիության միջնորդությամբ է արվում փաստաթղթային մասը, միևնույն է, գործնականում դա իրականացվելու է ռուսական մասնակցությամբ, ու այդ պատճառով է, որ ես կարծում եմ, եթե անգամ բազմաթիվ հանդիպումներ լինեն հայ-ադրբեջանական սահմանին և այլն, միևնույն է, հազիվ թե աշխատանքներն այդքան շուտ սկսվեն կամ սկսվեն Եվրամիության միջնորդությամբ:

– Այդ դեպքում ինչո՞ւ որևէ խոսք չկա Ռուսաստանի մասնակցության մասին, որևէ խոսք չկա նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

– Կարծում եմ` ըմբռնումը, որ առանց Ռուսաստանի հնարավոր չի լինի, բայց, հաշվի առնելով ներկայիս գլոբալ առճակատումը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, ու այն միտումները, որ կան Արևմուտքում, որ Ռուսաստանի հետ ընդհանրապես որևէ ոլորտում որևէ համագործակցություն չպետք է լինի, հենց սա է պատճառը, որ Ռուսաստանի դերի մասին ընդհանրապես հիշատակում չկա, բայց, վստահ եմ, որ այնտեղ էլ հասկանում են, որ առանց Ռուսաստանի դա շատ բարդ է լինելու անել, եթե ոչ՝ անհնար:

– Պարո՛ն Բաղդասարյան, իսկ Հայաստանի Հանրապետության ղեկավարն արդյոք չպե՞տք է շեշտեր նաև Ռուսաստանի դերակատարումն այդ գործընթացներում:

Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարը բավականին բարդ ու ռիսկային գործընթացի մեջ է մտել, որովհետև մենք փաստացի գործ ունենք երկու զուգահեռ գործընթացների հետ. մեկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է, իսկ մյուսը՝ Արցախի ապագան:

Հայաստանը գործնականում մասնակցում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, իսկ Արցախի ապագայից, կարելի է ասել, ձեռքերը լվացել են, եթե հաշվի չառնենք սոցիալ-տնտեսական բաղադրիչը:

Եթե Հայաստանն ընդհանրապես չի շեշտում, երկրորդ պլան է մղում ռուսական դերակատարումը, դա կարող է բացասաբար ազդել երկրորդ հարցի վրա, այսինքն՝ Արցախի, և Ռուսաստանը կարող է փորձել պատժել՝ նոր սադրանքներ հրահրելով կամ աչք փակելով ադրբեջանական սադրանքների դեմ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Դրա համար էլ կարծում եմ, որ բրյուսելյան հանդիպումից հետո և՛ հայ-ադրբեջանական սահմանին, և՛ Արցախում շատ հնարավոր են նոր սադրանքներ, ու մեր զինված ուժերը պետք է բարձր մարտական պատրաստվածության բերվեն ու զգոն լինեն, որովհետև սադրանքների հավանականությունը կտրուկ մեծանում է:

– Կտրուկ մեծանում է ինչո՞ւ, որ Ռուսաստանի հրահրմամբ Ադրբեջանը կարող է սահմանային էսկալացիայի՞ գնալ:

 – Ոչ թե Մոսկվայի հրահրմամբ, այլ Ադրբեջանը կարողանում է շատ նրբորեն զգալ հայ-ռուսական հարաբերությունների միջև լարվածության ցանկացած փուլ ու ամեն անգամ, օգտվելով դրանից, ինչ-որ նոր սադրանքներ է անում, փորձում է ինչ-որ տեղ առաջ գալ և այլն:

Ակնհայտ է, որ եթե Բրյուսելում ընթանում են գործընթացներ Ռուսաստանի թիկունքում, ապա Ռուսաստանն իր դերակատարումը շեշտելու, կարևորելու համար պիտի փորձի ամեն դեպքում ցույց տալ, որ այստեղ տեր ու տիրակալն ինքն է, որովհետև այստեղ իր զորքերն են, ու քանի որ խոցելի կողմը Հայաստանն է, Ադրբեջանը նոր սադրանքների կդիմի:

– «Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ»,- ասված է հայտարարության մեջ: Ոմանք ասում են, որ սա հենց այն, այսպես կոչված, միջանցքն է, որի մասին խոսում են Ադրբեջանն ու Թուրքիան: Ձեր տպավորությա՞մբ էլ է այդպես:

– Իմ տպավորությամբ՝ որևէ միջանցքային հիշատակում չկա, հակառակը՝ քանի որ խոսվում է սահմանային ռեժիմների, ընթացակարգերի, ինչ-որ մաքսատուրքերի մասին, ենթադրում եմ, որ այդ հարցը փակվել է, ու Սյունիքով անցնող այդ ճանապարհը լինելու է Հայաստանի հսկողության տակ, նրա սուվերեն տարածքը, հակառակ դեպքում այդ սահմանային ընթացակարգերի մասին խոսք չէր լինի:

Այս կետից կարելի է եզրակացնել, որ միջանցքի թեման այլևս չկա, այսինքն՝ խոսքը ընդամենը ճանապարհների մասին է, որը չի կարող չլինել Հայաստանի սուվերեն տարածքում: Գոնե այս մասը մեր օգտին է խոսում:

– Արցախի հարցի կարգավորման մասով էլ հետևյալ միտքը կա այդ հայտարարության մեջ. «Շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Շառլ Միշելի այս միտքն ինչպե՞ս կմեկնաբանեք:

 – Կարծում եմ, որ դրա վրա առանձնապես չպետք է ուշադրություն դարձնել, որովհետև նա ասել է դա, որպեսզի այդ թեման ընդհանրապես դուրս եկած չլինի: Ինչու եմ այդպես ասում՝ նախ, որ Եվրամիությունն ինքը Արցախի հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանության հարցի վրա ազդելու որևէ լծակ չունի:

Երկրորդ՝ Եվրամիությունը և, ընդհանրապես, ինչպես ընդունված է ասել՝ համախմբված Արևմուտքն Արցախն ընկալում է ոչ թե պատմական տարածք, որտեղ էթնիկ հայեր են ապրում և այլն, այլ ընկալում է տարածք, որտեղ կա ռուսական զորք, ու նրանք այդ հարցը ընկալում են այսպես` եթե այնտեղ կա հայ բնակչություն, կա նաև ռուսական զորք, եթե չլինի հայ բնակչություն՝ չի լինի նաև ռուսական զորք, այսինքն՝ մեծ հաշվով, նրանց համար ձեռնտու չէ, որ այնտեղ լինի հայ բնակչություն:

Իհարկե, նրանք այդ մասին բարձրաձայն չեն ասի, վերացական կխոսեն իրավունքների, անվտանգության մասին, բայց պետք է հասկանանք գլոբալ առումով, հատկապես հիմա՝ հայկական Արցախը տարածք է, որտեղ ռուսական զորք կա, այսինքն՝ Արևմուտքի համար թշնամական տարածք է, ու չպետք է պատրանքներ ունենալ, որ Արևմուտքը գալու է ու պաշտպանելու է Արցախի հայ բնակչությանը, առավելևս, որ որևէ լծակ չունի:

– Պարո՛ն Բաղդասարյան, եթե այս դիտարկումներով ամփոփելու լինենք՝ ինչպես կգնահատեք այդ հանդիպումը, ի՞նչ ստացավ Հայաստանն այդ հանդիպումից:

– Կա երկու առանձին հարց՝ Արցախի ապագան ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Եթե խնդիրը դիտարկենք միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տիրույթում, ապա կարելի է դրական գնահատել, բայց քանի որ հայտնի չէ, թե դա ինչ ազդեցություն կունենա մյուս հարցի, այսինքն՝ Արցախի ապագայի վրա, չեմ կարող ասել:

Ադրբեջանը փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միայն նրա համար, որ դրա դիմաց ստանա Արցախը վերջնականապես հայաթափելու իրավունքը: Եթե չլիներ այս վտանգը, կարելի էր ասել, որ, այո՛, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը նորմալ է ու դրական է ընթանում:

– Հայկական դիվանագիտության քայլն ինչպե՞ս եք գնահատում, որ զուգահեռաբար երկու միջնորդների հետ է քննարկում նույն հարցերը: Սրա արդյունքներն ու հնարավոր ռիսկերը որո՞նք կարող են լինել, եթե հաշվի առնենք, որ այդ միջնորդները, մեղմ ասած, լավ հարաբերությունների մեջ չեն:

– Դրա համար էլ այդ հարցերը տարանջատված են, ու Հայաստանը պետք է ընտրություն կատարի` կա՛մ պետք է պատրանքներ չունենա Արցախի հարցում ու փորձի դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, բայց մոռանա Արցախը, այսինքն՝ դա թողնի Ռուսաստանին, եթե Ռուսաստանը կարող է՝ թող այնտեղ պահպանի հայկական բնակչության անվտանգությունը, կա՛մ Հայաստանն ընդհանրապես պետք է մոռանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Արևմուտքը, պետք է շարունակի մնալ Ռուսաստանիազդեցության գոտում՝ հույս ունենալով, որ այդ դեպքում Ռուսաստանը դրա դիմաց կապահովի Արցախի հայկական լինելը և դեռ մի բան էլ կվերադարձնի Արցախի օկուպացված տարածքները: Այսօր Երևանի փողոցներում էլ կատարվող քաղաքական պայքարը այդ ընտրության շուրջ է, որքան էլ կողմերն ուրիշ բան հայտարարեն:

– Այսինքն՝ պայքարողներն ուզում են շարունակել մնալ Ռուսաստանի ազդեցության գոտում, իսկ գործող իշխանությունը ընտրում է Արևմուտքը՝ մոռանալով Արցախը, ա՞յս նկատի ունեք, պարո՛ն Բաղդասարյան:

– Այո՛, դրա համար զոհաբերելով Արցախը, մոտավորապես այդպես, չնայած երկու կողմն էլ դա չի խոստովանում, բայց փաստացի պայքարը դրա համար է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am