«Մեդիալաբի» հարցազրույցը Կրթական քաղաքացիական նախաձեռնությունների անդամ, կրթության փորձագետ Վահրամ Սողոմոնյանի հետ
– Պարո՛ն Սողոմոնյան, ուսումնական տարին ավարտվում է, ի՞նչ կարող ենք փաստել, արդյոք ճի՞շտ են որոշ հայտարարություններ, որ ԿԳՄՍ նախարարությունը ձախողեց հեռավար կրթության կազմակերպման գործընթացում։
– Հեռավար կրթությունը, կարծում եմ՝ կրթության ոլորտում ախտորոշիչ նշանակություն ունեցավ, քանի որ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ՝ ինչ մեթոդներով են դասավանդում ուսուցիչները, ինչքանով են ծնողները ներգրավված ուսման պրոցեսին։
Կարծում եմ՝ դա միանշանակ ձախողում անվանել չի կարելի։ Իհարկե, շատ խնդիրներ, որ կային մեր կրթության համակարգում, երևան եկան, բայց օպերատիվ կառավարում էր, ըստ էության, տեղի ունենում, և շատ թերություններ կապված էին դրա հետ՝ արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտության հետ։
Բայց այդ պրոցեսը միանշանակ բազմաթիվ դրական կողմեր ուներ։ Օրինակ՝ ուսուցիչները սկսեցին ստեղծագործել, սկսեցին նախագծային ուսուցում իրականացնել, ուսուցիչների համար բացվեց ազատ դաշտ նորարարություններ կիրառելու համար։ Երկրորդ լավ բանն այն էր, որ շատ ծնողներ վերջապես տեսան, թե իրականում ինչ գիտելիքներ ու հմտություններ ունի իրենց երեխան, և ավելի ակտիվ սկսեցին ներգրավվել, ինչը շատ դրական ազդեց նաև աշակերտների սովորելու մոտիվացիայի վրա։
Բայց, իհարկե, երևան եկան նաև բացասական կողմեր՝ այն ուսուցիչները, որ միայն առաջադրանքը տալիս են ու ակնկալում են, որ ավանդական, հին մոտեցումները վերարտադրվեն աշակերտի կողմից ու այդ առումով չօգտագործեցին այդ հնարավորությունները, և երբեմն, այո՛, ձևական բնույթ էին կրում այդ առցանց դասերը՝ քանակ ապահովելու, գնահատական նշանակելու համար։ Կարծում եմ՝ սա նոր քննարկման դաշտ է բացելու մեր հանրակրթության մեջ, նոր մոտեցումների կիրառման համար և խթանելու է նորարար, ստեղծագործ ուսուցիչների աշխատանքը։
– Նաև եղան երեխաներ, որոնք դուրս մնացին հեռավար դասապրոցեսից․․․
– Այո՛, դա համաշխարհային միտում է, որ կապված այս դեպքերի հետ՝ ավելի խոցելի խավերը է՛լ ավելի խոցելի դարձան։ Հազարավոր աշակերտներ Հայաստանում, որոնք չունեին տեխնիկական միջոցներ, հնարավորություններ, հետ մնացին դասապրոցեսից։
Այդ առումով, կարծում եմ, որ սա կարող է սրել այդ բևեռվածությունը, ինչին հիմա մենք ու կրթության ոլորտի որոշում կայացնողները պետք է մեծ ուշադրություն դարձնենք։
– Գնահատականների հարցը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց․ որոշվեց, որ մինչև մարտի 13-ը ստացած գնահատականներն են համարվում ավարտական, և ստացվում է, որ իզուր էին ուսուցիչների և աշակերտների ջանքերը։
– Գիտեք՝ գնահատականը իր տեղն ունի կրթական պրոցեսի մեջ, բայց մեր դպրոցների մեծ մասը, կապ չունի՝ Երևանում թե մարզերում, մնացել է ուղղահայաց կառուցվածքում, գնահատականը ֆետիշացվում է, երբեմն նաև շանտաժի առարկա է դառնում։
Ուսուցիչների մի զգալի մաս ցանկանում է ամեն ինչ անել, որ գոհացնի ծնողին, և այստեղ չի կարևորվում՝ գիտելիք կամ կարողություն ստացա՞վ երեխան, թե՞ ոչ։ Այդ առումով պետք է հասարակական դեբատ սկսել ընդհանրապես գնահատականի դերի մասին, և պետք է դպրոցները բացվեն և պետք է փոխվի այդ ամբողջ կրթական փիլիսոփայությունը մեր համակարգի՝ երեխան և ուսուցիչը պետք է հասկանան, որ կարևորը սովորելու պրոցեսն է, և դա այնպիսի մթնոլորտում պետք է լինի, որ երեխան հաճույք ստանա սովորելու պրոցեսից։
– Պարո՛ն Սողոմոնյան, դուք կոնկրետ ԿԳՄՍ նախարարի գործունեությունից գո՞հ եք, որովհետև շատերն ասում են, որ այս ոլորտում ոչինչ չի փոխվում։
– Ես պետք է ասեմ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը լուրջ խնդիրներ ունի կրթական բարեփոխումների մասնակցայնությունը ապահովելու հարցում։
Կրթությունը մի ոլորտ է, որ հատկապես մեր հետհեղափոխական շրջանում շատ կարևոր է մասնակցային մշակույթը։ Մենք ունենք շատ շահառուներ՝ ուսուցիչներ, ծնողներ, որոնք պետք է մասը դառնան այդ փոփոխությունների, այլապես այդ փոփոխությունը տեղի չի ունենա։
Եթե մենք պահպանում ենք այդ վերևից ներքև հայացքը, այսինքն՝ մենք լավ գիտենք՝ ինչ պետք է անել, ապա այդ մոտեցմամբ չենք կարող փոխել կրթական համակարգը։ Դա է պատճառը, որ շատ դպրոցներ մնացել են փակ կառույցներ։ Այսինքն՝ դրանց ներսում դարձյալ տնօրենները հրամաններ են արձակում, ուսուցիչներն էլ առանց ռեֆլեքսիայի կատարում են այդ հրամանը, և այդ մթնոլորտը փոխանցվում է աշակերտներին ու ծնողներին։
Այստեղ լուրջ շտապելու կարիք կա, որպեսզի մենք փոխենք ընդհանուր կրթական բարեփոխումների ամբողջ մթնոլորտը, որովհետև տեսնում ենք, որ շատ մարդիկ ներգրավված չլինելու պատճառով իրենց օտարված են զգում այդ պրոցեսից, որը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Ինչ-որ հրաշք լուծում չկա, որ միանգամից տրվի, բոլորը պետք է մասնակցեն այդ պրոցեսին։
– Ես ճի՞շտ հասկացա, որ նախարարը՝ որպես քաղաքականություն մշակող, միանձնյա, աշխատասենյակում նստած որոշում է կայացնում և իրագործում՝ առանց քննարկումների։
– Ես չէի ասի, որ միանձնյա է որոշումներ կայացնում։ Շատ հարցերում նախարարության ընդհանուր վեկտորը ճիշտ ուղղությամբ է։ Բայց հաղորդակցության խնդիր կա, մասնակցային հարթակների խնդիր կա, նաև քննադատական, մերժողական, դավադրապաշտական տեսակետներ ու տեսակետներ արտահայտող մարդկանց ներգրավելու խնդիր կա։ Մենք չենք կարող ասել՝ դուք սխալ եք ու վերջ։
Հանրակրթության համակարգում հին, նախկինում աշխատած մարդիկ են, բայց կարևոր է, որ նորարար ու առաջադեմ ուսուցիչների հատվածը ստանա դաշտ իր փաստարկները բերելու, համոզելու մյուսներին և քննարկման ընդհանուր դաշտ ստեղծելու, որպեսզի ընդհանուր մոտեցումների հիմք դրվի։ Բոլոր հարցերում կա՛մ ծնողն է մեղավոր, կա՛մ ուսուցիչը, և այդպես չենք էլ հասկանում, թե իրական խնդիրը որն է, որ այդ համակարգը չի փոխվում։
– Այսինքն՝ վերևներում քննադատությունը չեն հանդուրժում։
– Խնդիրներ շատ կան, և ես կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք պայքարում են փոփոխությունների համար, նաև՝ նախարարությունում, բայց կա նաև մեծ դիմադրություն շատ տարբեր մարդկանց կողմից։
Ընդհանուր առմամբ, այո՛, մշակութային պայքար է այստեղ՝ արդյոք մենք գնում ենք քննադատական մտածողություն ունեցող և, ընդհանրապես, աշակերտի այլ կարծիքը լսելուն պատրաստ դպրոց ունենալո՞ւ, թե՞ դպրոցները մնում են փակ կառույցներ։
Մեր շփումները դպրոցների խորհուրդների, ներքին խոհանոցի հետ կապված, մեզ ցույց են տալիս, որ հեղափոխությունը չի մտել դպրոցներ, ներսում հրամաններ են արձակվում, և երբեմն նաև ծանոթ-բարեկամական կառույցները, թայֆայական մոտեցումները գերակայում են։
– Կարո՞ղ ենք այդ երևույթի վառ արտահայտումը համարել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյան և ԿԳՄՍ հարաբերությունները։ Հայտնի է, որ Գոգյանը հրաժարականի մասին է հայտարարել։
– Իհարկե կարող ենք։ ԲՈԿ-ի նախագահը թե առաջներում և թե հիմա էլ շատ լուրջ հարցեր է բարձրացնում, շատ սկզբունքային մարդ է, և այդ հարցերի պատասխանները պետք է հանրայնորեն տրվեն։
Մենք չենք կարող արհամարհել այդ հրապարակային հայտարարությունները, և դրանք միանշանակ պետք է հետևանք ունենան։
Մեր պետությունը պետք է կանգնի այդպիսի մարդկանց մեջքին և հատկապես այն դեպքում, երբ համակարգում դեռևս պաշտոններ են զբաղեցնում նախկին ընտրակեղծարարներ, ընդ որում՝ շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում ու օգտագործում են իրենց կապերը համակարգում որոշակի ցանցեր ստեղծելու ու հին կառույցները վերարտադրելու համար։ Մենք պետք է հասկանանք՝ մեր պետությունն ո՞ւմ կողմից է։
– Նայեք՝ դուք ասում եք, որ Գոգյանի բարձրացրած հարցերը պետք է պատասխաններ ստանան, սակայն նախարարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է Գոգյանի հրաժարականն ակնարկող մի լուսանկար։ Դա չի՞ խորացնում հարաբերությունների լարվածությունը։
– Փաստական քննադատություն իրականացնող մարդկանց մասին չի կարելի հեգնանք դրսևորել և պետք է լուրջ ընդունել այդ բոլոր փաստարկները։ Եվ ամենակարևորը՝ կրթության նախարարությունը պետք է օրինակ լինի քննադատական մտածողության հետ առնչվելու ու դա խթանելու համար։
Այդ առումով ես չեմ հասկանում տրամաբանությունը, թե ինչո՞ւ է պետք փչացնել հարաբերությունները առողջ մտածող մարդկանց հետ այն դեպքում, երբ մենք առանց այն էլ քիչ ունենք լավ ու սկզբունքային մասնագետներ։
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am