Ինչու պետք է ցավը գա մեր դռան առաջ կանգնի, որ նոր մենք գիտակցենք տարրական բաներ․ Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Մենք հաճախ շատ բան չենք զգում ու չենք հասկանում: Սա մեղադրանք չէ ամենևին:

Այսօր առավոտյան երկու վատ լուր ստացա, ընկերոջս մայրը և իմ մանկության ընկերը շատ ծանր վիճակում հիվանդանոցում են: Այցելեցի նրանց: Այդ մեծ հիվանդանոցի շենքում բոլորը շատ կարգապահ էին, բոլորի դիմակը նորմալ դրված էր` ոչ քթի տակ իջեցրած, ոչ թևին կապած, նույնիսկ մարդ կար, որ երկու բժշկական դիմակով էր:

Ոչ ոք, թարսի պես, չէր շոգում դիմակից, ոստիկան չէր փնտրում վիճի հետը, հեռախոսով նկարի, հրապարակի: Գիտակցում էին ինչ է, որտեղ են, վտանգն իրենց շատ մոտ է:

Ընկերոջս մայրը 60-ն անց է, վիճակը` ծանր կայուն:

Ընկերոջս վիճակը շատ ավելի ծանր է, նա ընդամենը 40 տարեկան է, մենք հասակակից ենք, չունի ոչ մի խրոնիկ հիվանդություն, չի էլ ծխում, իսկ հիմա բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ինչու պետք է ցավը գա մեր դռան առաջ կանգնի, որ նոր մենք գիտակցենք տարրական բաներ:

հ.գ. Աստված առողջություն տա բոլոր հիվանդներին։»