Սամսոն Խաչատրյան. «Ուզում էին ինձ լռեցնել, որ չխոսեմ»

Հեղինակ MediaLab

Սամսոն Խաչատրյան. «Ուզում էին ինձ լռեցնել, որ չխոսեմ»
Երեքշաբթի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակված հայտնի բռնցքամարտիկ, ընդդիմադիր ՀԱԿ-ի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանը կարծում է, որ իրեն ձերբակալել են ոչ թե հանցանք կատարելու, այլ` ազատ խոսքի համար:
«Ինձ ազատ խոսքի համար են բռնել, որովհետև բոլորն էլ գիտեին, որ ես մեղավոր չեմ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Սամսոն Խաչատրյանը:
Հիշեցնենք` երեքշաբթի դատարանը Խաչատրյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառել և սահմանել էր մեկ տարվա փորձաշրջան: Խաչատրյանի փաստաբանն արդեն հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի վճիռը:

Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել էր այս տարվա մարտի 13-ին` մարտի 1-ի ընդդիմության հանրահավաքից առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ բախման համար: Ըստ ոստիկանության` Խաչատրյանը դիմադրություն էր ցույց տվել ոստիկաններին, մինչդեռ ինքը` Խաչատրյանը և ընդդիմությունը պնդում են, որ հայտնի բռնցքամարտիկը ընդամենն անհայտ անձանց հարձակումներից պաշտպանել է կանանց և երիտասարդներին և տեղյակ էլ չի եղել, որ այդ անձինք ոստիկաններ են:

«Ես ոստիկանի չեմ խփել և ընդհանրապես ոստիկաններին սովորաբար որպես մեր պաշտպանի եմ նայում, իրենց հետ խոսալուց միշտ ձեռքերս գրպանս եմ դնում: Բայց այդ օրը, երբ քաղաքացիական հագուստով անձինք սկսեցին խփել երիտասարդներին, կանանց, երբ սկսեցին հայհոյել, և հնարավոր էլ չէր իմանալ, որ նրանք ոստիկան են, ես մտածեցի, որ նրանք Եգիպտոսից Մուբարաքի կողմից ուղտերով ժողովրդի մեջ ուղարկված սադրիչներ են, հետևաբար չէի կարող անտարբեր լինել և չպաշտպանել կանանց և երիտասարդներին, ինչը պարտավոր է անել ցանկացած հայ տղամարդ` լինի նախագահ, ոստիկանապետ, օլիգարխ կամ թե մեկ ուրիշ մարդ»,- ասում է Խաչատրյանը:

Հայտնի բռնցքամարտիկը կարծում է, որ իրեն միայն ազատ խոսքի և լռեցնելու համար են ձերբակալել` իր դեմ շինծու գործ հարուցելով:

«Ուզում էին ինձ լռեցնել, որ չխոսեմ, որ չասեմ, թե մեզ ազատություն է պետք, որովհետև իրենք պնդում են, որ սա իրավական, ժողովրդավարական, բարեկեցիկ պետություն է: Ամբողջ աշխարհին են այդպես ստում: Ի՞նչ պետություն է սա. ես իմ ընտանիքի օրինակով կարող եմ ասել. հինգ հոգի ենք, ոչ մեկս չի աշխատում, վարձով մնում ենք մեկ սենյականոց բնակարանում: Եվ այդպիսի տասնյակ հազարավոր ընտանիքներ կան Հայաստանում, սա է երկրի վիճակը, այսպես են ապրում ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ»,- ասում է Խաչատրյանը:

Բռնցքամարտիկի խոսքով` ազատազրկման վայրում քաղբանտարկյալների հանդեպ դրական վերաբերմունք կար մյուս ազատազրկվածների կողմից: Ավելին` Խաչատրյանը պնդում է, որ ոչ միայն քաղբանտարկյալները, այլ նաև բազմաթիվ այլ ազատազրկվածներ բանտերում են հայտնվել շինծու գործերով, և նրանց էլ ինքը համարում է «այս ռեժիմի զոհը»:

Իրեն ազատ արձակելու վերաբերյալ որոշումն էլ հայտնի բռնցքամարտիկը համարում է ցուցադրական քայլ:

«Երևի ինչ-որ տեղ իշխանությունն ուզում է ցույց տալ, թե իբր ցանկանում է աշխատել, բայց դա մեկ հոգով չպիտի արտահայտվի: Եթե իշխանություններն իրոք ցանկանում են ցույց տալ, որ աշխատում են, ուրեմն պետք է ազատեն բոլոր քաղբանտարկյալներին և նաև նրանց, ովքեր թեև քաղբանտարկյալ չեն, սակայն էլի ռեժիմի զոհերն են»,- ասում է Սամսոն Խաչատրյանը:

Նա ասում է, որ ազատության մեջ հայտնվելուց հետո չի դադարելու լինել ընդդիմադիր ակտիվիստ, քանի որ ցանկանում է, որ «Հայաստանը ժողովրդավարական երկիր լինի»:

«Ուզում եմ ազատություն բոլորի համար: Ոչ միայն մի քանի տասնյակ մարդկանց համար պետք է լավ լինի, ամբողջ երկրի համար պետք է լավ լինի: Իսկ Հայաստանը եվրոպաներում ներկայացնողները ճիշտ չեն ներկայացնում այն իրավիճակը, որ կա Հայաստանում: Այստեղ եկողներն էլ գալիս, տեսնում են ամեն ինչ, բայց քեֆ են անում, ուտում-խմում ու թողում-գնում են` ձայն չհանելով:

Հայ ժողովրդի ուզածն ի՞նչ է` ժողովրդավարություն, ազատություն, որ խաղաղ ճանապարհով հասնեն այդ ամենին և դա անեն արտահերթ ընտրությունների միջոցով: Թող ամբողջ աշխարհն էլ իմանա, որ հայ ժողովուրդը պակաս չէ եվրոպացիներից ու ամերիկացիներից, և հայերն էլ արժանի են ունենալ այն ազատությունները, որ ունեն նրանք»,- ասում է Սամսոն Խաչատրյանը` հավելելով. «Ինչո՞ւ մենք չպիտի ունենանք լավ երկիր: Մենք այսօր պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կառուցենք այդ երկիրը: Եվ ես էլ իմ լուման կներդնեմ այդ գործում` հարյուր տոկոս»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am