«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը
– Պարո՛ն Հակոբյան, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Մոսկվայում այսօր հանդիպելու են Կարապետյանը, Շոյգուն և Հասանովը։ Հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ անհետ կորած զինծառայողը։ Կրակի դադարեցումը կոնկրետ գին ունի՞, կարո՞ղ են կրկին գաղտնի պայմանավորվածություններ լինել։
– Պետք է ունենալ ներքին տեղեկատվություն հարցին պատասխանելու համար։ Նիկոլի կողմնակիցները կասեն՝ չէ՛, հնարավոր չէ, մյուս կողմը կասի՝ չէ՛, հնարավոր է։
Խնդիրը հետևյալն է՝ քանի որ մեր երկիրը ինստիտուցիոնալ կառուցվածք չունի, ամեն բան հնարավոր է։
Օրինակ՝ եթե հիմա Բայդենը Ճապոնիայի հետ գնա համաձայնության, որ Հավայան կղզիները հանձնի, չի կարողանա դա անել, քանի որ ԱՄՆ-ում կա ինստիտուցիոնալ համակարգ՝ Սենատ, դատախազություն, օրենսդրական մարմիններ, չի կարող, իսկ քանի որ մեզ մոտ չկա ինստիտուցիոնալ համակարգ, իշխանություններն ինչ ուզում՝ անում են, այսինքն՝ մենք պետք է որոշենք՝ Նիկոլը հանձնող է, թե հանձնող չէ, եթե հանձնող է՝ կհանձնի, եթե հանձնող չէ՝ չի հանձնի։
– Ընդհանրապես, Երասխում հայկական բանակի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։
– Ես թույլ չեմ տա ինձ գնահատել Երասխում մեր բանակի գործողությունները, քանի դեռ դրանց մանրամասները չգիտեմ։ Դրանք իրենց մեջ ռազմական գաղտնիքի տարրեր են պարունակում։
Մի բան կասեմ, որ Ադրբեջանի հայտարարած թվերը որևէ մեկին խորհուրդ չէի տա ընդունել որպես զուտ ճշմարտություն, որովհետև երկար տարիներ մենք մոնիթորինգ ենք անում նրանց հայտարարությունները և գիտենք, որ նրանք իրենց զոհերը և կորուստները 3-5 անգամ պակաս են ցույց տալիս, եթե ասում են 2 վիրավոր, դա նշանակում է 5-6 վիրավոր, 1-2 սպանված։
Մենք մեր զոհերի թիվն ասացինք, իրենք խաբեցին, և նույն իրավիճակն է, ինչ վերջին պատերազմին, և սրա բացասական կողմն այն է, որ մենք մտածում ենք՝ մենք կորուստ ունենք, նրանք չունեն։
-Հակառակորդը Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ռազմական գործողություններ է սկսել։ Արդյոք այս ամենը հուշո՞ւմ է ռազմական լայնածավալ գործողությունների մասի՞ն, թե՞ ոչ։
– Կարծում եմ՝ ոչ, բայց Երասխում վերջին 10 օրերին երկու անգամ սրացում եղավ, հիմա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա։ Մի օր էլ մի ուրիշ տեղում կլինի, և այսպիսի սրացումներ լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ ուժեղ չենք, թուրքը մեր ամրությունը միշտ ստուգելու է։
Հիմա ասում են՝ մենք դիրք չենք կորցրել, Արծրուն Հովհաննիսյանն էլ ասաց՝ կորցրել ենք, հետ ենք բերել, բնական է, որ շատերն էլ չեն հավատում։ Նման դեպքերում մանիպուլյացիաներ շատ են լինում։
Անցել են այն ոսկե ժամանակները, երբ մեր ՊՆ-ն մի բան ասում էր, և մենք նրան հավատում էինք։ 6-7 տարի առաջ, երբ Ալիևն ասում էր՝ 10-15 զոհ ունեն, մեր Արծրուն Հովհաննիսյանը ասում էր՝ մենք զոհ չունենք կամ ունենք մեկ հոգի, մենք հավատում էինք և անցնում առաջ։
Ցավոք, 44-օրյա պատերազմից հետո մսխվեց բանակի հեղինակությունը՝ ի դեմս նրա ասած խոսքի։ Հեղինակությունը տարիներով են ձեռք բերում, բայց կորցնում են շատ արագ։ Եվ այսօր Արծրուն Հովհաննիսյանի խոսքը ոչ միանշանակ է ընկալվում։
Մեր երկիրն այսօր գտնվում է ինստիտուցիոնալ քայքայված վիճակում, ընդ որում՝ չկա որևէ հիմք, որ այդ քայքայումը վերանա։ Մենք, ցավոք, չունենք պետական ինստիտուտներ, որոնք ինչ-որ համակարգեր կղեկավարեն։ Մենք գտնվում ենք հարահոսուն վիճակում։
– Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը։ Վտանգներ տեսնո՞ւմ եք։
– Բնականաբար, Էրդողանի երազանքն է ստեղծել թյուրքական համատեղ բանակ, բայց ես կարծում, որ դրան շատ ժամանակ կա։ Լոկալ խնդիրների համար կան բոլոր հնարավորությունները միասնական բանակ կամ գոնե այնպիսի բանակ ունենալու, որը կկռվի եթե ոչ դե յուրե միասնական, ապա դե ֆակտո միասնական, և մեծ հաշվով տարբերություն չկա։
– Տեսակետ կա, որ Ադրբեջանն այսպիսով հարկադրում է Հայաստանին դուրս գալ Մինսկի խմբից և կնքել իր հետ կապիտուլյացիայի պայմանագիր։ Սրացումները, ըստ ձեզ, որքանո՞վ կարող են այս հանգամանքով պայմանավորված լինել։
– Չեմ կարծում՝ Մինսկի խումբը չի քայքայվի, որքան էլ Ադրբեջանը ձգտի ունենալ նման վիճակ, կշարունակվի Մինսկի խմբի ձևաչափով, իսկ դրանից հետո արդեն՝ ըստ իրավիճակի։ Ամեն դեպքում, քիչ հավանական է, որ այս իրավիճակը չի լայնամասշտաբ գործողությունների հանգեցնի:
Մանե Հարությունյան
MediaLab.am