Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը վիրավոր ունի․ԱՀ ՊՆ 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Իսկ Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ։