Կարինե Հովհաննիսյանը հուզմունքով է հիշում այն 27 օրը, երբ պատերազմում վիրավորված որդին հիվանդանոցում կյանքի ու մահու կռիվ է տվել։ Հայկ Խաչատրյանի ծնողները հույսով ապրում էին, որ որդին կապաքինվի, թեև գիտեին՝ վիրավորումը լուրջ է, ապաքինումը հրաշք կլինի։
«ԱԹՍ-ից հարվածից էր վիրավորվել, իրա ողնուղեղը, համ ուսը, համ թոքը վիրավորվել էին։ Մի քանի օր երեխու գիտակցությունը տեղն եկավ, հետո կոմայի մեջ ընկավ, ես իր մոտ էի, սիրտը մի քանի անգամ կանգնել էր, հետ էին բերել, նոյեմբերի 11-ին չդիմացավ, մահացավ․․․»- արտասուքի միջից ասում է որդեկորույս մայրը։
Միակ որդուն կորցնելուց անցել է 2 տարի, սակայն Հայկի ծնողները չեն կարողանում ուշքի գալ։ Որդու մասին պատմելիս մշտապես արցունքն աչքերին է, ցավը՝ չամոքված, կարոտը՝ անհուն։
«Մենք երկու տարի ա՝ չենք ապրում։ Ասում են՝ կյանքը շարունակվում ա, ես էդ արտահայտությունը տանել չեմ կարողանում։ Ամուսինս երեխու մոտից էս կողմ չի գալիս, ինքը ապրում ա որդու համար գերեզման, եկեղեցի, հուշահամալիր սարքելով։ Մի աղջիկ ունենք, իրա համար ստիպված, մեռնելով էլ լինի՝ իրա կողքն ենք, բայց սա ապրել չի»,- ասում է Կարինեն։
Հայկ Խաչատրյանը 9 ամսվա ժամկետային զինծառայող էր, պատերազմն սկսվելուն պես Խնձորեսկի զորամասից տեղափոխվել է առաջնագիծ։ Կարինեն պատմում է, որ ամուսինը ևս լսելով պատերազմի մասին՝ շտապել է որդու մոտ լինել, սակայն չեն թողել Խնձորեսկից առաջ շարժվի։
«Ամուսինս ասեց՝ գնամ, երեխու մոտ լինեմ, քանի որ չէին թողել, որ ինքն առաջ շարժվի, Խնձորեսկից էր ինձ լուրեր հայտնում։ Կապը միշտ կար հրամանատարի հետ։ Ամուսինս էնտեղ օգնում էր վիրավորներ տեղափոխելու և այլ հարցերում, բայց որդուն հասնել այդպես էլ չստացվեց»,- ցավով պատմում է մայրը։
Հայկ Խաչատրյանը պատերազմի օրերին թշնամու դեմ պայքարել է Հադրութում, Ջրականում, Իշխանաձորում։ Տիգրանավանում հոկտեմբերի 15-ին ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել, հիվանդանոց տեղափոխվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
«Եթե ամուսինս էնտեղ չլիներ, ես երևի վիրավոր էլ չէի տեսնի որդուս, ամուսինս իմացել ա, որ երեխեքին՝ վիրավոր ու մահացած, լցրել են, տանում են Գորիս, գտել ա երեխուն, իրա ձեռքերով տեղափոխել Գորիս, հետո վերտալյոտով ճանապարհել են Երևան։ Ես գիտեի՝ թեթև վիրավոր ա, չէի մտածի, որ որդուս կկորցնեմ»,- ասում է ու հուզվում որդեկորույս մայրը։
Հայկ Խաչատրյանը հուղարկավորել են Արագածոտնի մարզի Օրգով գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը։
Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Կարինեն ասում է՝ որդին իրենց տան լույսն ու հույսն էր, առանց նրա կյանքն այլևս առաջվանը չէ:
«Կուզեի բոլորը ճանաչեին Հայկին, իրա նման աշխարհում գոյություն չունի, ինքը շատ բարի էր, շատ համեստ, բարեկամասեր»,- պատմում է մայրը որդու մասին։
Մայրն ասում է՝ Հայկը շատ նպատակներ ու երազանքներ ուներ, որոշել էր ատամնաբույժ դառնալ, սեփական կլինիկան բացել։ Բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել և 4 ամիս սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետում, 3 տարի էլ ատամնաբուժական գործ է սովորել «Էրեբունի» բժշկական քոլեջում։
«Աղջիկս էլ ա էդ մասնագիտությամբ սովորում, քուր ու ախպեր որոշել էին միասին կլինիկա բացեին, իրար հետ աշխատեին»,- ասում է ու կրկին հուզվում Կարինեն։
Հայկն ու մայրը շատ կապված էին։ Մայրը պատմում է՝ ուր գնում էր, որդին իր հետ էր։ «Մենք ոնց որ ընկերներ լինեինք, իրեն ասում էի՝ դու իմ ընկերն ես։ Մի անգամ իմ հետ կատակ էր անում, ասեցի՝ Հայկո ջան, ես քո մաման եմ, էդպես կատակ ինչի ես անում, ասեց՝ բա դու չես ասում՝ ես քո ընկերն եմ»։
Որդու մասին հուշերով է անցնում Խաչատրյանների օրը։ Կարինեն ասում է՝ որդու նկարներն է նայում, տեսանյութերը ու զարմանում՝ թե ինչու կյանքն այդպես դաժան դասավորվեց։
«Մեկ-մեկ որ ասում են՝ մի օր հանդիպելու ենք, ես ուզում եմ հավատալ, բայց դա ոչ մի բան չի տալիս, ես անսահման կարոտում եմ, ուզում եմ հիմա, ռեալ կյանքում իմ կողքին լիներ»,- ասում է ու հուզվում մայրը։
Արփինե Արզումանյան
MediaLab.am