Կապիտուլյանտ իշխանություններն ունակ չեն լուծելու մեր երկրի խնդիրները․ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի հայտարարությունը

«Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Առկա իրողություններում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին:

Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։

Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը:

Մենք համոզված ենք, որ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականության մեջ, թե վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը»: