Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, հայտարարել է հայկական մի շարք ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու մասին։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Տիգրան Պետրոսյանի հետ բանակցություններից հետո։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ հայկական կողմի խնդրանքով նախատեսվում է ստուգել նաև այն ձեռնարկությունները, որոնցից Ռուսաստան մատակարարումները նախկինում կասեցվել էին՝ «եվրոպական ծագում ունեցող կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածի» պատճառով։
«Ռոսսելխոզնադզոր»-ը նշել է, որ Հայաստանიდან ներմուծված ծիածանափայլ իշխանի նախնական ուսումնասիրությունը կասկածներ է առաջացրել օգտագործված հումքի ծագման վերաբերյալ։ Ծառայության պնդմամբ՝ ներմուծված ձկները ձևաբանական հատկանիշներով չեն համապատասխանել փաստաթղթերում նշված տեսակին և ունեցել են տվյալ տեսակի համար ոչ բնորոշ գունավորում ու չափեր։
Բացի այդ, ռուսական ծառայությունը հայտարարել է, որ նախատեսում է ստուգել նաև Հայաստանի բուսաբուծական ձեռնարկությունները՝ ապահովելու «իրապես հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ» արտադրանքի մատակարարումը։
Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանը մտահոգություն է հայտնել նաև Հայաստանից ներմուծվող կարանտինային արտադրանքում ԵԱՏՄ անդամ երկրների համար վտանգավոր օրգանիզմների հայտնաբերման դեպքերի աճի կապակցությամբ։
Նշվում է նաև, որ ներկայում ուժեղացվել է Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կարանտինային ապրանքների բուսասանիտարական վերահսկողությունը։



















