«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը
– Պարո՛ն Թավադյան, Նիկոլ Փաշինյանը իր այն պնդումը, թե մարդիկ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, հիմնավորել է նրանով, որ Վարդավառի օրը «Սևանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երևանից և 9 մարզից։ Ընտանիքով Սևանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը, և ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում»։ Արդյոք Սևան գնալը ցուցանի՞շ է մարդկանց ավելի լավ ապրելու:
– Հայաստանում առկա է երկու տնտեսություն. առաջինը ԱյԹի ոլորտն է ու բանկային համակարգը, որով մեր կառավարությունը սիրում է հպարտանալ ու ներկայացնել, ու տնտեսության այլ ճյուղեր, որոնք անտեսված են: Բանկային ու ՏՏ ոլորտի աշխատավարձերը այս մի քանի տարիների ընթացքում գրեթե եռակի աճել են, այսինքն՝ եթե բանկային համակարգի աշխատավարձը 2018-ին 350 հազար դրամ էր, այժմ 1 միլիոն դրամն անցնում է, նույնն էլ ՏՏ ոլորտն է, ու սա հիմնականում ուռճացրել է մեր աշխատավարձային ցուցանիշը ու ընդհանուր աշխատավարձային ֆոնդը: Ու առկա է այլ տնտեսություն, այսինքն՝ բոլոր մարզերը, որովհետև ՏՏ ոլորտն ու բանկային ոլորտը կենտրոնացված են Երևան քաղաքում, ինչպես նաև այլ մասնագիտությունները, որոնք մեծ աճ չեն տեսել այս քանի տարիների ընթացքում:
Բացի այդ, պետք է հասկանալ, որ հիմնականում աճում է Երևանը, որովհետև եթե 2018-ին ընդհանուր տնտեսության մոտավորապես 70%-ն էր կենտրոնացած Երևանում, ապա այսօր 80%-ն է: Ինչի համար եմ այս թվերը ներկայացնում, որովհետև աշխատավարձային ֆոնդը, որը մեր կառավարությունը սիրում է ներկայացնել, դրա գրեթե 80%-ը ձևավորվում է Երևան քաղաքում, ինչպես նաև առևտուրն ու վարկերի 80%-ը տրամադրվում է Երևան քաղաքում: Այսինքն՝ իշխանության կառավարման այս ընթացքը բերել է նրան, որ ուռճացվել է տարբերությունը Երևանի ու մարզերի միջև, իսկ Երևանում էլ աճել է այս երկու ոլորտը, որոնք էլ ապահովել են հիմնական աճը:
Պետք է հասկանալ, որ եթե առաջ տնտեսությունում 5 մարդ էր, որոնք ստանում էին համապատասխանաբար 1, 2, 3, 4 և 5 դրամ, ու միջին աշխատավարձը գալիս էր 3 դրամ, այսօր նույն 5 մարդը ստանում են 1, 2, 3, 4 և արդեն 10 դրամ, ու արդեն միջին աշխատավարձը գալիս է 4 դրամ, այսինքն՝ միջինը աճել է զուտ նրա հաշվին, որ հարուստներն ավելի են հարստացել ու իրենց վրա են քաշել միջին ցուցանիշը, այսինքն՝ մեծ աճ չի արձանագրվել, օրինակի համար, ուսուցիչների աշխատավարձի ու այլ ոլորտների աշխատավարձերի վրա, շատ քիչ աճն էլ եթե արձանագրվել է, համահունչ է գնաճի ցուցանիշին, այսինքն՝ գնաճն այդ աճը մեծ հաշվով կերել է, ու իրենք աճ չեն արձանագրել:
Բացի այդ՝ այսօր միջին խավն ամենաշատ գնաճն է տեսել այս տարիների ընթացքում, որովհետև պետք է հասկանալ, որ ցածր խավն իր վաստակածը հիմնականում ծախսում է ուտելիքի վրա, որն էլ ավելի է աճել, քան միջին գնաճային ցուցանիշը, իսկ միջին խավը գումարը, բացի ուտելիքից, ծախսում է նաև տրանսպորտի վրա:
Ամփոփելով՝ այսօր ունենք երկու տնտեսություն՝ ՏՏ ոլորտը, բանկային ոլորտն ու հարակից ոլորտները, որոնք ապահովել են հիմնական աճն ու քաշել են իրենց վրա ու տպավորություն ստեղծել, որ դրանց համահունչ ամբողջ տնտեսությունն է աճել ու մնացած անտեսված մարզերի ոլորտները:
– Ստացվում է, որ Փաշինյանի այդ պնդումը մանիպուլյատի՞վ է:
– Այստեղ չպետք է խառնել միջին աշխատավարձը ու միջին մարդու աշխատավարձը, որովհետև բերված օրինակում, երբ տնտեսությունում 5 մարդ էր, որոնք 2018-ին ստանում էին 1, 2, 3, 4 և 5 դրամ, և այդ պարագայում միջին աշխատավարձը 3 դրամ էր ու միջին մարդու աշխատավարձը 3 դրամ էր, ապա այսօր տնտեսությունը ստանում է 1, 2, 3, 4 և 10 դրամ, ու միջին աշխատավարձը բարձրացել է 4 դրամ, բայց միջին մարդու աշխատավարձը մնացել է 3 դրամ:
– Իսկ ընդհանուր տնտեսական վիճակն անկո՞ւմ, թե՞ աճ է գրանցում:
– Պաշտոնապես տնտեսությունն աճում է, այսինքն՝ մենք տեսնում ենք տնտեսական աճ, բայց պետք է ոչ միայն մտածել տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի մասին, այլ նաև՝ կառուցվածքի մասին, որովհետև մեր տնտեսության հիմնական աճն ապահովում են բանկային ոլորտը, ծառայությունները, առևտուրը, ինչպես նաև անշարժ գույքի հետ կապված գործարքներն ու շինարարությունը, այսինքն՝ հիմնական արդյունաբերություն չունենք, որը կարող է երկարատև տնտեսական աճ ապահովել ու նոր աշխատատեղեր ստեղծել:
– Պարո՛ն Թավադյան, ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ ներկայացվում են հիմնականում դրական տնտեսական ցուցանիշներ, մինչդեռ ընդհանուր տնտեսությունը համարվում է շատ ավելի բազմաշերտ և բազմակողմանի երևույթ։ Ինչպե՞ս կարելի է ապահովել ամբողջական և օբյեկտիվ պատկերացում երկրի տնտեսական իրավիճակի մասին։
– Պետք է խոր ըմբռնել տնտեսությունը ու միայն ընտրովի ցուցանիշներ չներկայացնել, որը դրական պատկեր է արտացոլում, տնտեսությունը բազմաշերտ ու բազմանկյուն երևույթ է, ու դրան միայն դրական անկյունից նայելը կարող է աղավաղված պատկեր բերել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















