«ՌԴ-ն ուրիշ տարբերակ չունի, նա իրեն այնպիսի վիճակի մեջ է դրել, որից հետքայլ չի կարող անել». Արեգ Քոչինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը

Պարո՛ն Քոչինյան, ռուս-ուկրաինական պատերազմի կամ, ինչպես ռուսական կողմն է ասում՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության 8-րդ օրն է արդեն, լարվածությունը դեռ շարունակվում է: Կողմերի նպատակը ո՞րն է, ինչի՞ են ձգտում հասնել ի վերջո:

– Այն, ինչին ձգտում էր Ռուսաստանը պատերազմը սկսելով, փաստացի չի հասել, որովհետև Ռուսաստանը ձգտում էր կայծակնային պատերազմ վարել ու երկրորդ օրն արդեն հայտնվել Կիևի կենտրոնում, անել իշխանափոխություն, բայց դա չի ստացվել, ու այս պահին կողմերը, ըստ էության, գնում են դեպի տոտալ պատերազմ, որի նպատակն այս պահին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ամբողջական կամ դրա մի մասի օկուպացիան է:

Հնարավոր է, որ այդ մասերը միայն Արևելյան ու Հարավային Ուկրաինան է, բայց որ այսօր Ռուսաստանի նպատակը Ուկրաինայի օկուպացիան է, պարզ է:

Իսկ Ռուսաստանին կհաջողվի՞ դա անել, թե՞ ուկրաինական դիմադրությունը թույլ չի տա:

– Խնդիրն այն է, որ ՌԴ-ն ուրիշ տարբերակ չունի, նա իրեն այնպիսի վիճակի մեջ է դրել, որից հետքայլ չի կարող անել. եթե իր զորքերը դուրս բերի Ուկրաինայից, կստացվի, որ աշխարհի երկրորդ բանակը, ինչպես իրենք են ասում, չկարողացավ ջախջախել ուկրաինական պետությանը, իսկ դա ահռելի խնդիրներ է առաջացնելու Ռուսաստանի համար:

Մի շարք ուժային կենտրոններ, որոնք պերմանենտ մրցակցության մեջ են Ռուսաստանի հետ՝ հետաքրքրությունների գոտիների բաժանման տեսանկյունից, մեր տարածաշրջանում դա Թուրքիան է, էականորեն կակտիվացնեն իրենց գործողությունները Ռուսաստանի հետաքրքրությունների գոտում ու նրա սահմաններից ներս էլ՝ չեմ բացառում:

Այսինքն՝ Ռուսաստանը հիմա չի կարող զիջել, անկախ նրանից, թե ինչ գին կվճարի, ընդհուպ տնտեսությամբ, նոր երկաթե վարագույրից այն կողմ հայտնվելով և վտարանդի դառնալով, բայց Ռուսաստանն այլևս չի կարող զիջել:

Պարո՛ն Քոչինյան, վերջին օրերին խոսում են նաև միջուկային պատերազմի մասին, կարծում եք՝ միջուկային պատերազմն իրականությո՞ւն կդառնա:

– Ընդհանրապես, միջուկային զենքից խոսում են այն պարագայում, երբ արդեն ուրիշ ոչ մի գործիք չի մնում: Դա թուլության նշան է, բայց անգամ դա սպառնալիք չէ միջուկային պատերազմին, ընդամենը Ռուսաստանի կողմից հիշեցում է՝ ուղղված Արևմուտքին, որ ինքն ունի հատուկ կարգավիճակ:

Ընդհանրապես, միջուկային զենքը պետությանը տալիս է հատուկ կարգավիճակ, ինչը նշանակում է, որ պետության դեմ լայնածավալ ռազմական գործողություններն անհնար են այլ պետությունների կողմից: ՌԴ-ն ընդամենը այս է հիշեցնում, այլապես չեմ կարծում, որ միջուկային պատերազմի հավանականությունը մեծ է:

Եթե չլիներ Արևմուտքի աջակցությունը, Ուկրաինան կկարողանա՞ր դիմադրել ռուսական ուժին:

 – Դժվար թե կարողանար, որովհետև Արևմուտքը, ըստ էության, Ուկրաինային տրամադրում է ֆինանսական, տեխնիկական և ռազմամթերքի անսահմանափակ աջակցություն, իսկ պատերազմում դրանք հինգ կարևոր բաղադրիչներից երեքն են, այնպես որ, չէր կարողանա առանց Արևմուտքի աջակցության մինչև հիմա դիմադրել:

Իսկ ՌԴ-ն հաշվարկե՞լ էր, որ Արևմուտքի կողմից նման աջակցություն կլինի՝ ուղղված Ուկրաինային:

– Ո՛չ, ՌԴ-ն հաշվարկել էր, որ ինքը երկրորդ օրը լինելու է Կիևում: Ե՛վ Արևմուտքի նման աջակցություն չէր սպասում, և՛ նման դիմադրություն չէր սպասում:

Պարո՛ն Քոչինյան, Վլադիմիր Պուտինը վավերացման համար Պետդումա է ուղարկել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու նախագիծ: Ըստ ձեզ՝ նման որոշումը կապված է ստեղծված իրավիճակի՞ հետ, և ի՞նչ կարող է այդ փոփոխությունը ենթադրել:

– Քանի որ դեռ ամբողջությամբ չեմ ծանոթացել տվյալ հարցին, հետևաբար, թույլ տվեք զերծ մնալ մեկնաբանությունից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am