Փաշինյանի կարծիքով` Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Ադրբեջանն ապակայունացնող դիրքորոշում արտահայտելով խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության Կարեն Գրիգորյանի հարցին:

«Մեզ համար գերակա խնդիր պետք է լինի կոմունիկացիոն ուղիների բացումը, Հայաստանի ապաշրջափակումը: Հիմա ընթանում են քննարկումներ այդ թեմայով, կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի ապակայունացնող դիրքորոշում ունենալ և ամեն ինչ կանի տարբեր հայտարարություններ, մեր հանրության շրջանում անհեթեթ վախեր սերմանելով, որպեսզի այդ ապաշրջափակումը տեղի չունենա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իշխանության ռազմավարական ուղղությունը Հայաստանի արտաքին անվտանգության ապահովումն է, որում անկյունաքարային նշանակություն ունի հայ-ռուսական համատեղ զորախումբը և հակաօդային պաշտպանության համակարգը:

«Որպես այս գործընթացի շարունակություն, պետք է լրջորեն վերափոխենք մեր բանակը և ռազմավարական հեռանկարում ունենանք պրոֆեսիոնալ բանակ: Խնդիրը, որ մեր առաջ դնում ենք, նաև ժողովրդագրական վիճակի էական փոփոխությունն է, կրթության որակի էական փոփոխությունն է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: