«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
-Տիկին Ալեքսանյան, փաստացի «Հաց բերող» Արթուր Սարգսյանը կալանավայրում երկարատև հացադուլ հայտարարելուց հետո մահացավ: Ի՞նչ իրավիճակի հետ գործ ունենք:
-Նախ ասեմ, որ Արթուր Սարգսյանի փաստաբանները կալանքի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան, բայց մերժվել էր: Եվ պարզվում է, որ նորից փորձաքննություններ էին նշանակել՝ պարզելու նրա մոտ Բեխտերևի հիվանդություն կա, թե ոչ: Ստացել էին բացասական պատասխան, որ այդ հիվանդությունը համատեղելի է կալանքի հետ, ինչը շատ կասկածելի է: Այսինքն՝ մի ամբողջ պետական համակարգ պայքարում էր «Հաց բերողի» դեմ, և մենք այսօր ունեցանք նման հետևանք: Սա համազգային ողբերգություն է: Արթուր Սարգսյանը մարդ էր, ով իր գոյությամբ, ներկայությամբ ապացուցեց, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի: Բայց նա գիտեր իր իրավունքները, պաշտպանում էր դրանք, նա մինչև վերջ հետևողական պայաքրում էր և իր, և այլոց իրավունքների համար: «Հաց բերողն» ուղղակի մեր ժողովրդի խիղճն էր, ձայնն էր, պատահական չէ, որ մարդիկ այդքան սիրեցին նրան:
-Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ պարզելու են նրա մահվան հանգամանքները: Ի՞նչ եք կարծում, այս իրավիճակում արդար քննության անցկացում հնարավո՞ր է:
-Հենց այ գերատեսչությունները, որոնք նպաստել են Արթուր Սարգսյանի մահվանը, հյուծել են նրան, այսօր հայտարարում են, որ բացահայտելու են մահվան հանգամանքները: Պարզ է, որ ամեն ինչ պետք է անեն՝ կոծկելու համար այդ քրեական գործը: Այն անձինք, ովքեր անմիջական մասնակցություն ունեն այս ամենի մեջ, իրենք իրենց սկսել են պաշտպանել: Դա արդեն երեկվանից սկսվել է, ՀՀԿ անդամներն արդեն հայտարարում են, որ ամենաշատ ցավողն իրենք են, կպարզեն մահվան հանգամանքները և այլն: Իսկ մենք գիտենք, որ մեր երկրում նման գործերի դեպքում ոչ մի հանգամանք չի բացահայտվում:
-Արթուր Սարգսյանի մահը իրավիճակ փոխե՞լ է երկրում:
-Իր մահն արդեն իսկ փոխել է քաղաքական իրավիճակը: Ես չեմ պատկերացնում, թե Արդարադատության նախարար Արփինեն Հովհաննիսյանը ոնց պետք է դուրս գա մարդկանց հետո նախընտրական հանդիպումների ու խոսի: Առաջինը հենց պետք է հրաժարական տար Արփինե Հովհաննիսյանը, քանի որ իր ենթակայությամբ գործող քրեակատարողական հիմնարկում են մարդուն հյուծել ու հասցրել մահվան: Ինչպե՞ս էր նա այդ հիվանդ մարդու խոշտանգմանը նայում ամենայն հանգստությամբ: Պարզ է, որ այս դեպքից հետո ՀՀԿ-ն ժողովրդի կողմից ավելի է մեժվելու, քան նախկինում էր:
-Այսինքն՝ իրավիճակը կարո՞ղ է ազդել հասարակության քվերի վրա:
-Ակնհայտորեն կազդի: Առանց այն էլ հասարակությունը ոգևորված չէր գնալու ու ՀՀԿ-ի օգտին քվեարկելու: Այս իշխանությունը նույնիսկ մինչև ընտրությունները պետք է հրաժարական տա ու հեռանա: Այդ աստիճանի նա մերժված է: Արթուր Սարգսյանը մահը ոչ թե փոփոխություն է, այլ ավելին է, քան կար մարդկանց մեջ: Եթե մինչ այս ՀՀԿ-ն հույսը դրել էր ընտրակաշառքի վրա, որ կարող էր ընտրակառքով հաղթել, ապա կարծում եմ՝ հիմա այդ գործոնն էլ չի ազդի:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս դեպքը հերթական անգամ փաստեց, որ Հայաստանում արդարադատություն չկա:
-Մենք այս դեպքով հերթական անգամ արձանագրեցինք, որ չունենք իրավապահ համակարգ, բայց նաև տեսանք, թե ինչպես է իրավապահ համակարգը սպանում մարդուն՝ ծառայելով իշխանությանը: ՀՀԿ-ն նույնիսկ ընտրությունների շեմին է այդպես վարվում ՀՀ քաղաքացու հետ: Եվ այդքանից հետո ուզում են նորից մնալ իշխանությա՞ն: Այսինքն՝ այդ բոլոր գործողությունները «Հաց բերողի» նկատմամբ ՀՀԿ-ն անում էր հենց այս փուլում, երբ գնում է ընտրությունների, զուգահեռ հայտարարելով, թե բարեփոխվում է: Այս վիճակում ուզում են, որ հավատանք, թե իրենք կարող են բարեփոխվել և մարդու համար ինչ-որ բան անել, այն մարդու, որն իրենց «թայֆայից» չէ, սովորական ժողովրդի միջից է դուրս եկել, հասարակության ներկայացուցիչն է: Սա իրենք չեն հանդուրժի և բռնությամբ ուզում են վերցնել իշխանությունը: Մենք ականատես ենք լինում նրան, որ բռնությունների ալիքը գնալով մեծանում է: Եվ իշխանության այս գործողությունները ցանկացած քաղաքացու դեմ կարող են ուղղվել: ՀՀԿ-ն հայտարարում է, թե չպետք է այդ մարդու մահը շահարկել, բայց հենց ինքը շահարկում է, հենց ինքը այդ մարդուն հասցրել է մահվան, հիմա դուրս է եկել ու ասում է՝ չպետք է շահարկենք: Բայց հասարակության կողմից սա շահարկում չէ, սա մարդկանց պոռթկումն է, որոնց աչքի առաջ սպանել են «Հաց բերողին»:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am