Հանուն համերաշխության. Նորայր Նորիկյանը մասնակցել է ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հունիսի 20-ին քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նորիկյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Մալաթիա-Սեբաստիայի 7/46 ընտրատեղամասում:

«Քվեարկում եմ հանուն արդար Հայաստանի, հանուն համերաշխության, հանուն բարեկեցիկ և զարգացած պետության, հանուն մեր ժողովրդի խաղաղության, հանուն վերականգնվող և արժանապատվության  մթնոլորտում զարգացող երկրի:

Համոզված եմ, որ ընտրությունները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում ու նպաստել առաջիկա տարիներին ավելի լավ պետություն ստեղծելուն, եթե գիտակցված ընտրություն կատարենք»,-նշել է նա:

Նորիկյանն ապավինում է հայ ժողովրդի իմաստությանը և հույս ունի, որ առաջիկա օրերին յուրաքանչյուրն իրենից կախված ամեն ինչ կանի՝ զսպվածություն, հավասարակշռություն դրսևորելու համար:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։