Փաշինյանի պաշտոնավարման ժամկետների շուրջ բանավեճի փոխարեն մարդկանց պետք է կենտրոնացնել ավելի լուրջ ռիսկերի վրա. Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը 

– Պարո՛ն Բադալյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ի պատասխան լրագրողի հարցի ասել է, թե Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետ չի պաշտոնավարում, քանի որ, ըստ պարոն Սարգսյանի, նախորդ երկու ընտրությունները եղել են արտահերթ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Ընդհանրապես պետք է հասկանալ, թե այդ երրորդ ժամկետի թեման որքանով է առարկայական. մենք խորհրդարանական երկրում ենք, խաղալ հասարակության իներցիոն ընկալումների վրա, խաղադրույք կատարել, որ դրանք կարող են բերել քաղաքական ընկալումների, հանրային տրամադրությունների փոփոխության և այլն, կարծում եմ, այնքան էլ իրատեսական չէ ու քաղաքական առումով արդյունավետ չէ:

Օրինակ՝ եթե դա կարող էր աշխատել 2018-ին Սերժ Սարգսյանի դեմ, որովհետև նրա դեմ կուտակվել էր բավականին բարձր հանրային անվստահություն, ապա դա չի նշանակում, թե այն ավտոմատ աշխատելու է բոլոր պարագաներում: Հետևաբար ես կարծում եմ, որ հասարակության հետ պետք է խոսել ավելի առարկայական թեմաներով, եթե կա ակնկալիք՝ փոխել հանրային տրամադրությունները ու, հետևաբար, դրանց հիման վրա նաև փոխել հասարակական, քաղաքական իրավիճակը Հայաստանում: 

Ի վերջո, երրորդ ժամկետի թեման, հասկանալի է, որ խորհրդարանական երկրում ժամկետը կարող է լինել հինգը: Գերմանիայի կանցլեր Մերկելը պաշտոնավարեց գրեթե 21 տարի՝ մի քանի ժամկետ շարունակ: Այստեղ մեխանիկական ընկալումների հարց չէ. հասարակական տրամադրությունները որքանո՞վ են հակված մարսել այդ երրորդ ժամկետի թեման, որքանո՞վ են հակված այդ թեման կարևորելու: Ես կարծում եմ, որ դա բացարձակապես ինֆորմացիոն տրամաբանությամբ թեմա է, որի քաղաքական էֆեկտիվությունը հասարակական տրամադրությունների վրա ազդելու տեսանկյունից, առնվազն այս շրջափուլում, բացարձակապես ցածր է: 

Թե ի՛նչ է ասել Սերժ Սարգսյանը, կարող ենք դիտարկել զուտ իր քաղաքական հաշվարկների տրամաբանությամբ. երևի Սերժ Սարգսյանն առավել լավ է հաշվել զուտ քաղաքական իմաստով, թե քանի՛ ժամկետ է պաշտոնավարել Նիկոլ Փաշինյանը, որովհետև մեծ հաշվով ինքն է դրել այդ պաշտոնավարման սկիզբը՝ իր հրաժարականով ու ընդհանրապես 2018-ի շարժման հանդեպ իր վերաբերմունքով:

– Եթե վերանանք հասարակության վրա ազդելուց ու դիտարկենք բուն խնդիրը, ապա իսկապե՞ս արտահերթ ընտրությունները չեն հաշվվում:

– Խորհրդարանական երկրում ժամկետներ հաշվելը բացարձակապես ավելորդ ու անիմաստ բան է, խորհրդարանական երկրում ժամկետի հարց չկա ընդհանրապես: Ժամկետների սահմանադրական արգելք սահմանվում է նախագահների պաշտոնավարման դեպքում, որովհետև նախագահական ինստիտուտը անձի առաջնային մանդատի ինստիտուտն է, ու, բնականաբար, այդ անձի համար սահմանափակվում է պաշտոնավարման ժամկետը: 

Խորհրդարանական կառավարումն ունի լրիվ այլ տրամաբանություն, իհարկե, մեզանում դեռ շարունակում է լինել անձի տրամաբանությունը, բայց, էլի եմ ասում, իքս անձի հանդեպ այդ թեման կարո՞ղ է խաղարկվել ու օգտագործվել, ինչպես Սերժ Սարգսյանի դեմ, որովհետև նա 10 տարի նախագահեց: Եթե մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հիմքերի մասին, ապա այդ լեգիտիմության կամ ապալեգիտիմության հանգամանքն ունի շատ ավելի խորքային ու ծանրակշիռ հիմքեր, քան ժամկետների թվաբանությունն է: Ուղղակի հասարակության հետ պետք է աշխատել այդ հիմքերի վերաբերյալ:

– Որո՞նք են այդ հիմքերը:

– Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հայաստանի անվտանգության համակարգի հետ, ու այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի պետական ու ազգային ինքնության, մշակութաբանական նկարագրի հետ ու, ի վերջո, այն փաստացի սուտ հռետորաբանությունը, որը դարձել է ներկայիս քաղաքական իշխանության նկարագրի առանցքային մասը, երբ մարդիկ կարող են ասել մի բան ու հետո, ըստ իրավիճակի, ասել բոլորովին այլ բաներ: Այս իշխանության ապալեգիտիմացման հիմքերն այնքան շատ են, որ ես չեմ կարծում, թե գլխավոր հարցը մնացել է ժամկետի առումով հասարակությանն արթնացնել: Հասարակության հետ պետք է աշխատել այդ եղած հիմքերն ավելի ազդեցիկ ու ընկալելի դարձնելու համար: 

– Ասում եք, թե խորհրդարանական երկրում ժամկետի հարց քննարկելն այնքան էլ տեղին չէ, բայց կարծիքներ կան, որ երկար պաշտոնավարումը բերելու է ադրբեջանացման կամ բելառուսացման: Դուք նման ռիսկեր չե՞ք տեսնում, պարո՛ն Բադալյան:

– Խորհրդարանական երկրում ես համարում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև խորհրդարանական երկրում կուսակցություններն են գալիս իշխանության, այլ ոչ թե անձը: Այո՛, մեզանում ամեն բան շարունակում է անձնավորված մնալ, բայց այս պարագայում մենք հայտնվում ենք մեկ այլ տրամաբանության մեջ: Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարեց երկու ժամկետ, ու հետո ֆորմալ իմաստով պահպանվեց այդ սահմանափակումը, նա չգնաց երրորդ ժամկետի, ու իշխանությունը նոր թեկնածու առաջ բերեց, բայց այդ թեկնածուն ոչ թե հասարակությամբ որոշվեց, այլ՝ իշխանական համակարգի ներսում: 

Կրկնում եմ՝ ժամկետի թեման իրեն սպառել է 2018 թվականին, գուցե 5 տարի հետո էլի կիրառելի լինի, բայց հիմա այդ թեման փակ է, հետևաբար մարդկանց այդ թեմայի վրա կենտրոնացնելու փոխարեն պետք է կենտրոնացնել ավելի լուրջ օրակարգի վրա, ավելի լուրջ մարտահրավերների ու ռիսկերի վրա, որով սպառնում է ներկայիս քաղաքական իշխանության պաշտոնավարման շարունակությունը Հայաստանում: 

– Որո՞նք են այդ ռիսկերը:

– Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին հինգ տարիներին՝ Ադրբեջանի ռազմավարության շրջանակում Հայաստանի աբսորբացում: 

– Բայց իշխանությունը վստահեցնում է, թե դա խաղաղություն է, պարո՛ն Բադալյան:

– Դա բնականաբար այդպես պետք է լիներ, բայց մենք պետք է առաջնորդվենք այն պատկերով, ինչ կա: Այո՛, դա խաղաղություն է, բայց՝ Ադրբեջանի համար, Հայաստանի համար դա ադրբեջանացում է, այսինքն՝ Հայաստանի պետական գոյության ենթարկեցում Ադրբեջանին: Սա խաղաղություն չէ Հայաստանի համար, որովհետև այդ տրամաբանությունը Հայաստանին կախվածության մեջ է դնում անձնատուր լինելու փիլիսոփայությանը, այսինքն՝ հենց Հայաստանը որոշեց խոսել իր շահերի մասին ու հանկարծ առարկել Ադրբեջանին, այդ պահին Հայաստանը հռչակվելու է որպես casus belli, այսինքն՝ որպես պատերազմի առիթ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am