Արայիկ Հարությունյանը պետք է գործնական քայլերով փորձի այդ չարաբաստիկ պլանի դեմն առնել, ոչ թե կոչ կամ հորդոր  անի. Գալստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը

– Պարո՛ն Գալստյան, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձով դիմեց հասարակությանը, ՀՀ իշխանություններին նաև, ինչպե՞ս եք գնահատում նախագահի ուղերձը։

– Այդ ուղերձից մեկ օր առաջ խորհրդարանը արտահերթ նիստ գումարեց ու կոչով, հորդորով, պահանջով հանդես եկավ։ Արայիկ Հարությունյանը, լինելով գործադիր իշխանության ղեկավար, ոչ թե պետք է կոչ անի կամ հորդորի, այլ գործնական քայլերով փորձի Նիկոլ Փաշինյանի այդ չարաբաստիկ պլանի դեմն առնել, բայց տեսնում ենք, որ գործնական քայլերը վերաբերում էին ոչ թե այդ չարաբաստիկ պլանը կասեցնելուն, այլ ներքին կյանքին։

– Իսկ այդ պարագայում ընդդիմությունն ի՞նչ է պատրաստվում անել։

– Ազգային ժողովը միասնական հայտարարեց, որ այն ցեղասպան ծրագիրը, որի մեջ ներառված է Նիկոլ Փաշինյանը և ուզում է իր տրամաբանական ավարտին հասցնել, այն է՝ Արցախը բռնակցել Ադրբեջանին, առոչինչ է ոչ միայն Արցախում բնակվող մեր հայրենակիցների համար, այլ նաև հակասում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի որոշմանը, ինչը լինելու է Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի տապալում, որի արդյունքում նա օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն է կրելու։ Իսկ Արայիկ Հարությունյանի ուղերձին ուղղված դիրքորոշումների մասով, կարծում եմ, կուսակցությունները հանդես կգան ասելիքով ու իրենց դիրքորոշումը կհայտնեն։

– Արցախի Հանրապետության նախագահից, իշխանություններից, ձեր ասած՝ գործնական քայլերի ակնկալիք ունե՞ք։

– Ես պարտված իշխանություններից որևէ լուրջ ակնկալիք չունեմ, ու իմ միակ ակնկալիքն այն է, որ հայրենիքի կորստի վտանգի առջև համախմբվեն ու միասնական քայլեր ձեռնարկեն։ Բայց տեսանելի է, որ փորձում են շեղել ու այլ ուղղություններով տանել՝ ներքին պառակտումներով։

– Խորհրդարանի համատեղ հայտարարությամբ դիմել էիք ՀՀ նախկին նախագահներին, որպեսզի իրենց դիրքորոշումն արտահայտեն ՀՀ գործող իշխանության՝ Արցախի մասով վարվող քաղաքականության վերաբերյալ։ Ձեր դիմումին դեռևս արձագանքել են երկրորդ ու երրորդ նախագահները։ Ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահների արձագանքը։

– Գնահատականներ տալու մտադրություն չունեմ, բայց այն, որ մեր կոչը վերաբերում էր կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին արձագանքելուն, ու նրանք, համենայնդեպս, շեշտել են, որ, այո՛, Նիկոլ Փաշինյանը չարիք է ու երկիրը տանում է կործանման, ու իրենք բազմիցս են դրա մասին խոսել։ 

Քանի որ մենք նշել ենք բոլոր նախկին նախագահների արձագանքը, ուստի չկա Լևոն Տեր-Պետրոսյանի, Արմեն Սարգսյանի և գործող նախագահ Վիգեն Խաչատուրյանի արձագանքը։ Իսկ մենք կոչ էինք արել, որ բոլորն արտահայտեն իրենց դիրքորոշումը կոնկրետ այդ ասուլիսի մասով, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարած ընդհանուր քաղաքականության մասով։ 

Մեր հիմնական նպատակն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը, թե ՀՀ բոլոր իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արձագանքեն նախկին բոլոր ղեկավարները, որ քաղաքացիներին չմանիպուլացնի ու մեղքը չբարդի բոլորի վրա, բացի իրենից։ 

– Պարո՛ն Գալստյան, ՀՀ իշխանության ներկայացուցիչները, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ սա լավ հնարավորություն է Արցախի համար, որ հենց արցախցիները Բաքվի հետ ուղիղ երկխոսության միջոցով իրենց խնդիրները լուծեն։ Դուք և՞ս սա հնարավորություն եք համարում։

– Հայաստանի իշխանությունները համակարգված չեն աշխատում, իրենց հայտարարությունները իրենց իշխանությունը պահելուն են միտված։ Երբ Նիկոլ Փաշինյանին պետք էին արցախահայության ողջույնները, ընդունելությունը, նա հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», երբ 2021 թվականի ընտրություններին իր նախընտրական ծրագրի մեջ մտցրեց «Անջատում՝ հանուն փրկության» թեզը, իրեն քվեներ էին պետք, բայց այսօր տեսնում ենք, որ լրիվ այլ տրամաբանությամբ է շարժվում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը գործում են օրվա հրամայականով, ոչ թե ծրագրված։ Չի բացառվում, որ հաջորդ ասուլիսի ժամանակ հայտարարի, որ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն չի կարող լինել։ 

– Հայաստանում տարբեր հասարակական ու քաղաքական շերտեր պնդում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն Արցախից է լինելու, Արցախից գործուն քայլեր են սպասում։ Արցախն ի՞նչ է պատրաստվում անել, ինչպես դուք ասացիք՝ Նիկոլ Փաշինյանի պլանի դեմն առնելու համար։

– Արցախի խորհրդարանը՝ առանց տարանջատելու իշխանություն, ընդդիմություն, միաձայն հանդես եկավ, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը համաձայն չեն, ու նրա ստորագրած ցանկացած փաստաթուղթ առոչինչ է լինելու։ Բազմահազարանոց հանրահավաքներ են եղել Արցախում, ու եթե անհրաժեշտ լինի՝ նորից են լինելու, էլ ի՞նչ պետք է անի Արցախը, որ այսօր չի անում, թող հստակեցնեն, մենք էլ այդ ուղղությամբ շարժվենք։ 

Իմ համոզմամբ՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, օրենսդիրն արել է այն, ինչը օդ ու ջրի պես անհրաժեշտ է Արցախին։ Չեմ ընկալում, թե Հայաստանից ի՞նչ ակնկալիքներ ունեն Արցախից, որ այդ ուղղությամբ ավելի հստակ աշխատանքներ տանենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am