«Խոսքը միայն Սամվել Ալեքսանյանի մասին չէ, Գագիկ Ծառուկյանին, Խաչատուր Սուքիասյանին, Թոխմախի Մհերին, բոլորին պետք է ստուգեն». Սաքունց

«Խոսքը միայն Սամվել Ալեքսանյանի մասին չէ, Գագիկ Ծառուկյանին, Խաչատուր Սուքիասյանին, Թոխմախի Մհերին, բոլորին պետք է ստուգեն». Սաքունց
«Խոսքը միայն Սամվել Ալեքսանյանի մասին չէ, Գագիկ Ծառուկյանին, Խաչատուր Սուքիասյանին, Թոխմախի Մհերին, բոլորին պետք է ստուգեն». Սաքունց

Հայաստանում կոռուպցիոն ամբողջ բուրգը գլխավորել է Սերժ Սարգսյանը: Ուստի, անկախ այն հանգամանքից, թե այս փուլում կոնկրետ որ ձեռնարկություններում կհայտնաբերվեն հարկային պարտավորությունների չկատարման փաստեր, պետք է նկատի ունենալ հետևյալը. եթե հարկային մարմինների կողմից այդ փաստերը ժամանակին չեն ֆիքսվել, նշանակում է տվյալ ձեռնարկությունը հովանավորվել է: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարին:

«Մենք գիտենք, որ Հայաստանում ստվերային տնտեսության ծավալները գնահատվում են մոտավորապես 500 մլն դոլար: Չնայած կան մոտավոր գնահատականներ, որ այն կարող է հասնել մինչև բյուջեի կեսին: Դա հիմնականում հարկային պատավորությունների չկատարումն է»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նա հիշեցնում է, որ ժամանակին Սերժ Սարգսյանը հրապարակային հայտարարեց, որ օդում կախված են մնում լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարկային պարտավորություններ չի կատարել: Իսկ հետագայում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունները հայտարարեցին, թե ստուգումների արդյունքում Ծառուկյանի բիզնեսներում ոչինչ չի հայտնաբերվել: «Չնայած դա շատ ամոթխած ձևով ասացին, այսինքն՝ նույն ոգևորությամբ չասվեց, երբ հայտարարվում էր, թե խախտումներ կան»,- հավելեց Սաքունցը: Իրավապաշտպանը համոզմունք է հայտնում, որ հարկային պարտավորություններից զատ օլիգարխները նաև մաքսային վճարները պատշաճ չեն կատարել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ՍՊ ընկերությունում:

Պարզվել է, որ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

«Ալեքս հոլդինգ» ՍՊԸ ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել է 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում: Այդ ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ խոշոր գործարարներին կոչ են արել այլևս չգործել նախկին կառավարության հետ ունեցած համաձայնությունների շրջանակներում և գալ հարկային դաշտ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ բոլոր նմանօրինակ ձեռնարկությունները կարող էին իրենց հարկային պարտավորությունները չկատարել միայն այն դեպքում, երբ հարկային մարմիններին հանձնարարություն տրվեր պատշաճ ուսումնասիրություններ չկատարել: Այսինքն, ըստ նրա, Սերժ Սարգսյանն է հանձնարարական տվել՝ ստուգել կամ չստուգել:

«Եվ այդ առումով այս «սև բյուջե» կոչվածը, որին, կարծում եմ, մենք առնչություն ենք ունեցել ընտրությունների ժամանակ, երբ ընտրակաշառքներ են բաժանվել, ունեցել է այսպես կոչված «կառավարիչ»: Եվ այդ «կառավարիչը» եղել է Սերժ Սարգսյանը»,- ասում է իրավապաշտպանը:

Հետևաբար, ըստ իրավապաշտպանի, այս բացահայտումները կարող ենք տրամաբանական, իրենց ավարտին հասցված համարել միայն այն դեպքում, երբ ոչ միայն չվճարված հարկերի փաստերը կարձանագրվեն, այլ նաև չվճարումների երաշխավորների բացահայտման ուղղությամբ քննություն կտարվի:

Երկրորդ կարևոր հանգամանք, ըստ նրա, այն է, որ բոլորին պետք է ստուգել: Արտոնյալներ չպետք է լինեն:

«Այստեղ խոսքը միայն Սամվել Ալեքսանյանի մասին չէ: Խոսքը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, Խաչատուր Սուքիասյանին, Թոխմախի Մհերին, բոլոր այն խոշոր օլիգարխներին, ովքեր մշտապես գտնվում էին իշխանության արբիտրում: Քաջարանի, Թեղուտի, Ալավերդու հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները, տարբեր ոլորտների բոլոր խոշոր մոնոպոլ դիրք գրավող ձեռնարկությունները պետք է ենթարկվեն ստուգումների»,- ասում է իրավապաշտպանը:

Օրենքի առաջ բոլորի հավասար լինելու պատասխանատվության սկզբունքը, Սաքունցի խոսքով, պետք է տարածվի բոլորի վրա անխտիր՝ անկախ քաղաքական նպատակահարմարությունից:

«Բայց ուզում եմ ընդգծել, որ կարևորելով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման այդ բոլոր գործողությունները՝ միաժամանակ չափազանց կարևորում ենք իրավապահ մարմինների գործողությունների կատարման ընթացքում մարդու իրավունքների սկզբունքների ու օրինականության պահպանումը»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am