Չեմ շնորհավորում տոնդ, ուսուցի՛չ

Չեմ շնորհավորում տոնդ, ուսուցի՛չ
Չեմ շնորհավորում տոնդ, ուսուցի՛չ

Հայաստանում, ինչպես աշխարհի այլ՝ շուրջ հարյուր երկրներում, կնշվի Ուսուցչի օրը: Չէի ուզի անդրադառնալ այդ պայմանական տոնի նախապատմությանը: Մեզ ավելի շատ հետաքրքիր է օրվա բովանդակությունը և այն, թե ի՞նչ հաղորդագրություններ է այն հղում հասարակությանը:

Անցյալի մեխանիկայով, այս տարի ևս, կլինեն ճոռոմ ճառեր առ այն, թե որքա՜ն կարևոր է ուսուցչի դերը, թե ինչքա՜ն շատ ենք մենք սիրում ու արժևորում ուսուցիչներին:

Կլինեն բոցաշունչ ու հուզիչ խոսքեր, ծաղիկների հորձանք, երբեմն՝ արցունքներ՝ բնական կամ ձևական, բայց դա էական չէ: Կլինեն հավաքույթներ, որտեղ առաջին պլան կգան բարձր ու «շպիլկա» կրունկներով, հաստ շրթներկով, «մադամ պոմպադու պռիչյոսկաներով» և այլ դրսևորումներով, հիմնականում տիկնայք: Նրանցից ոմանք կպարգևատրվեն որպես լավագույն ուսուցիչներ և լավագույն տնօրեններ:

Լավագո՜ւյն… այս բառը պետք է կարդալ ծոր տալով, դույզն-ինչ վեհանձն տոնով, բառի մեջ պետք է դնել արխաիկ հասարակություններին բնորոշ ողջ հիերարխիան, հասարակության տարանջատման միջնադարյան մոդելը: Լավագո՜ւյն… սա կնշանակի, որ նրանք այլ ռասա են, նրանք ավելին են, քան մնացած 40.000-ը, որոնք դաժան ճակատագրի բերումով մեր օրերում աշխատում են որպես ուսուցիչ:

Ասածիս մեջ բնավ հեգնանք կամ չարություն չկա ներկայիս լավագույններ շնորհողների նկատմամբ: Սա հին պատմություն է, որը եկել է նախորդներից, և նորերը դեռ ժամանակ չեն ունեցել այս ամենը շտկելու, նոր լեզու, նոր մշակույթ, նոր բովանդակություն հաղորդելու:

Կենացներից հետո, տարվա մնացած 364 օրերին կլսենք բողոքներ այն մասին, որ ուսուցչի աշխատանքն ամենացածր վարձատրվողներից է մերօրյա Հայաստանում: Կլսենք այն մասին, որ շատ համայնքներում 40-50 հազար դրամով ուսուցիչն աշխատում է մի ամբողջ ամիս, իսկ որոշ աշակերտների և ուհիների համար այդ 40-50 հազարը մեկ սրճարանի կամ գեղեցկության սրահի հերթական այցի գումարն է: Մայիսի մեկ, Ուսուցչի օր՝ սրանք տոներ են, որոնք պետք է ունենան բովանդակություն:

Սրանք տոներ չեն հերթական գծիկը դնելու ու առաջ անցնելու համար: Այս օրերին պետք է առաջ գան բովանդակությունը, քննարկումը, սոցիալական բողոքը, վերարժևորման բնույթը: Հարկավոր չէ այս օրերին սոցիալական խմբի ներսում առկա սոցիալական շերտավորումն էլ ավելի խորացնել: Ի վերջո, մեծ ի մասամբ, մենք շատ լավ գիտենք, թե ո՛ւմ են պարգևատրել նախորդները և ի՛նչ ծառայությունների դիմաց:

Ի վերջո, ուսուցչի մասնագիտությունը մոլություն է: Այս պայմաններում, այս խոցելիության վիճակում այն տարիների հետ դառնում է հիվանդագին մոլություն, յուրատեսակ պարտք, որից չես կարող հրաժարվել:

Արդ, անկախ մասնագիտական որակներից, լավագույն են այն բոլոր 40.000-ը, որոնք ծիծաղելի ու խղճուկ աշխատավարձի դիմաց, հանդուրժելով բազմապիսի մուննաթներ, մտնում են դասարան ու կատարում իրենց աշխատանքը: Լավ են կատարում, թե վատ՝ դա արդեն հարցի մյուս՝ դեռ չքննարկված կողմն է:

Իսկ եթե գանք բացասականին ու այն արատավորին, որը մենք ժառանգել ենք նախորդ իշխանություններից, ապա պետք է փաստենք, որ ունենք այն, ինչ պահանջել ենք ուսուցչից: Դա առանձին գործող օրգանիզմ չէ: Դա արտացոլումն է հասարակական այն պահանջմունքների, այն խնդիրների, որը մենք դրել ենք ուսուցչի առաջ:

Հ. Գ.

Մի ուսուցչի սոցիալական բողոք:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am