Մինչ բնապահպանները տոնում են իրենց «մեծ հաղթանակը», քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանն այսօր ՀՀ նախագահի կողմից Մաշտոցի պուրակ այցելելն ու կրպակները ապամոնտաժելու մասին արված հայտարարությունը համարում է անհաջող նախընտրական քարոզի մի մաս, որը կարող է հենց իշխանության դեմ աշխատել:
«Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»,-Մաշտոցի պուրակում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ կրպակներին անդրադառնալով:
Այն որ հենց ընտրություններից մի քանի օր առաջ նախագահը քաղաքապետի հետ այսօր անսպասելի այցելեց Մաշտոցի պուրակ ու հայտարարեց, որ կրպակները կապամոնտաժվեն, Բոզոյանի համոզմամբ «ոչ գրագետ կազմակերպված քաղաքական գովազդի օրինակ է»:
Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստները 2 ամսից ավելի պայքարում էին ընդդեմ Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների՝ներկայացնելով օրինական հիմքեր, այն մասին որ իշխանություններն իրավունք չունեն պուրակում նման գործունեություն ծավալեն: Սակայն երկու ամսվա ընթացքում ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանը, ո՛չ էլ իշխանական թեւի ազդեցիկ այլ ներկայացուցիչներ հաշվի չէին առնում այդ փաստարկները:
Երվանդ Բոզոյանն ասում է, որ նախագահի անսպասելի հայտարարությունը եւ հակասական իրավիճակը կրպակները մոնտաժելու մասին արդեն չեն զարմացնում: Վերլուծաբանի համոզմամբ, այնպիսի տպավորություն է, որ իշխանության աջ թեւը չգիտի, թե ձախ թեւն ինչ է անում: Բոզոյանի համոզմամբ՝ նույն կերպ եղավ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, նույն կերպ է նախագահը առաջնորդվում ԼՂՀ եւ այլ կարեւոր հարցերում:
«Ու այս քայլով Սերժ Սարգսյանը ոչ թե շահեց, այլ իրականում եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը անըդհատ փոխում է իր կայացրած որոշումները ու կայուն չէ: Այսինքն, եթե ինքը աղմուկի հենց սկզբում որոշեր, որ այդ կրպակների տեղադրումը անօրինական է, ոչ ոք նրան հետագայում չէր էլ մեղադրի, որ ինքը այս քայլին դիմեց նախըտրական նպատակով»,-«Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:
Նա համոզված է, որ նախագահը չէր սպասում, որ հասարակական մեծ աղմուկ կբարձրանա ու տարբեր կուսակցություններ կսկսեն կանգել Մաշտոցի պուրակի ակտիվիստների կողքին, որն ըստ էության դիտվում է որպես քաղաքական PR: Իսկ Պուրակի ակտիվիստներին սատարելու կոչեր են հնչեցրել ԱԺ ընտրությանը առաջադրված «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» քաղաքական կուսակցությունները:
«Նա պարզապես որոշեց ինքն էլ հետ չմնա ու օգուտ քաղի»,- համոզված է Երվանդ Բոզոյանը:
Կարնե Իոնեսյան
© Medialab.am