Հայաստան զբոսաշրջային այցերը չեղարկվում են. «Եվրոպական երկրներից շատ զբոսաշրջիկներ մտահոգված են»

A large number of Russian tourists has arrived in Yerevan to spend their holidays

Այս տարվա հետ կապված հայաստանցի զբոսավարների սպասելիքները չեն արդարանում: Ռուս-ուկրաինական ճգնաժամը ազդել է ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև եվրոպական շատ երկրներից զբոսաշրջային խմբերի այցելությունների վրա. շատ մարդիկ արդեն սկսել են չեղարկել դեպի Հայաստան իրենց նախապես ծրագրված այցերը:

«Սպասելիքները տարեսկզբին շատ-շատ դրական էին և հուսադրող, բայց, ցավոք, հաշվի առնելով տիրող իրավիճակը՝ մարտին առաջիկա մի քանի ամիսների համար մենք բավական չեղարկումներ ունեցանք»,- «Մեդիալաբին» ասում է զբոսավար Յաշա Սոլոմոնյանը:

Չնայած Հայաստան այցելած ռուսների թիվը այս պահին բավական մեծ է, բայց նրանք, ըստ մասնագետի, ավելի շատ այլ նպատակներով են այստեղ:

«Ճիշտ է՝ նրանք տներ են վարձում, հյուրանոցներում համարներ են ամրագրում, տնտեսության մեջ շարժ կա, բայց եթե խոսենք դասական իմաստով զբոսաշրջության մասին, ապա ոլորտում այս պահին որոշակի բացասական դինամիկա է նկատվում, հատկապես եվրոպական երկրներից են սկսել ամրագրումները չեղարկել»,- նշում է Սոլոմոնյանը:

Ամրագրումների չեղարկման հիմքում անվտանգության հետ կապված վախերն են. «Եվրոպական երկրներից շատ զբոսաշրջիկներ մտահոգված են ու թերահավատ, որ անվտանգ թռիչքներ կիրականացվեն: Նրանք անընդհատ հարցնում են՝ կկարողանա՞ն գալ, չե՞ն կարողանա: Ինչպես տեսնում եք, օր օրի նոր սանկցիաներ են հայտարարվում, բանկային քարտերի վրա են արգելանքներ դրվում և այլն»:

Ռուսաստանի տնտեսության մեջ կատարվողը, ըստ Սոլոմոնյանի, ուղիղ անդրադառնում է Հայաստանի տնտեսության վրա, և դրա բացասական ազդեցությունները հաշվի չառնելը ուղղակի միամտություն է:

Մասնագետը ելք այս պահին չի տեսնում, բայց կարծում է, որ պետք է շատ արագ կողմնորոշվել, լուծումներ գտնել ու առավելագույն քիչ կորուստներով դուրս գալ այս նեղ իրավիճակից: «Կարելի է ապահովության, անվտանգության մասին գովազդային հոլովակներ պատրաստել և տարածել, ինչու ոչ»,- նշում է նա:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի մասնագիտական հաշվարկները ցույց են տվել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով Հայաստան է այցելել մոտ 25 հազար մարդ: «Դա օրինաչափ չէ, մարտի սկզբին մենք երբևէ նման հոսք չենք ունեցել»,- «Մեդիալաբին» ասում է Ապրեսյանը:

Նա նույնպես փաստում է՝ ռուսական կողմից զբոսաշրջային այցելության համար Հայաստանի ուղղությունն ընտրած որոշ մարդիկ սկսել են չեղարկել ամրագրումները: «Երբ ակտիվացել է այցելությունը ՌԴ-ից, զուգահեռ չեղարկվում են զբոսաշրջային այցելությունները: Դրանք այն մարդիկ են, որոնք պլանավորել էին իրենց հանգիստը, զվարճանքը Հայաստանում, չեղարկում են: Ստեղծված իրավիճակում հանգստի մեկնելու ցանկությունը նրանց մոտ շատ մեծ չէ: Նույնիսկ հնարավորությունն էլ խիստ սահմանափակ է՝ ռուսական ռուբլին արժեզրկվում է, իսկ ավիատոմսերի գներն էլ շատ բարձր են: Բայց, բարեբախտաբար, զանգվածային չեղարկումներ չկան»,- նշում է Մեխակ Ապրեսյանը:

Այդուհանդերձ, ֆեդերացիայի նախագահը հույսը չի կորցնում, որ այս տարի Հայաստանում զբոսաշրջային բում կլինի: Մարտի 15-ից Նովրուզի տոնի հետ կապված մասնագետները սպասում են Իրանից մեծաթիվ այցելություններ: «Ամեն տարի մարտի 15-ից սկսում են մարդիկ Իրանից այցելել Նովրուզի կապակցությամբ, այս տարի էլ սպասում ենք: Կարծում եմ՝ կկարողանանք ընդունել, դիմավորել»,- նշում է նա՝ ընդգծելով, որ զբոսաշրջային ընկերությունները պետք է կարողանան ներգրավել նաև մարզերը:

Ապրեսյանի խոսքով՝ պետք է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհում փոխանցել, որ Հայաստանն անվտանգ է ու ապահով: «Ռուսների հետ կատարվածը, որ հիմա Հայաստանում ամեն ինչ անում են նրանց ըստ պատշաճի ընդունելու, շատ լավ առիթ է՝ աշխարհը տեսնի, որ Հայաստանում ցանկացած պարագայում անվտանգ է, ապահով է, բոլորն իրենց ընդունված են զգում:

Համավարակից հետո նոր ձևավորվող շուկայում Հայաստանը ամենակարևոր զբոսաշրջային վայրերից է: Եթե մի նոր արհավիրք չլինի, կարծում եմ՝ մենք կսկսենք կայուն վերականգնվել: Չպետք է նստենք, սպասենք, շատ-շատ գործ կա անելու: Եթե աշխատենք, ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am