Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից կհայտարարվի եռօրյա սուգ

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից կհայտարարվի եռօրյա սուգ, պատերազմում նահատակների հիշատակին նվիրված արարողություններ կկազմակերպվեն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը: Եվ այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, նաև կկազմակերպվի հիշատակի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետը:

Երկրում կլինեն նաև հիշատակի այլ միջոցառումներ: Վարչապետը նշեց՝ այդ օրվա դրությամբ հավանական է, որ  ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն: «Կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլևս չի կարելի հետաձգել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը կրկին հավաստիացրեց, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:

Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»: