Արցախյան ընտրություններում քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ

Հեղինակ MediaLab

Մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների ընթացքում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ:

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել նաեւ Հադրութի շրջանի Տումի համայնքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ: Երկու քրեական գործ է հարուցվել նաեւ Մարտունու շրջանում արձանագրված՝ քվեախցիկում միաժամանակ երկու անձի գտնվելու եւ, հետեւաբար, քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ: Հիշյալ քրեական գործերն ըստ քննչական ենթակայության ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

Դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումը, որի շրջանակում առերեւույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հրապարակումների գրանցման եւ ընթացքավորման արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

ԱՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կոմիտեում վարույթ են ընդունել՝ մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված շուրջ հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

Այս մասի տեղեկացնում են ԱՀ Դատախազության լրատվության ծառայությունից։