Գյուղատնտեսական ծանր տարի է լինելու, ու գյուղացիներին լուրջ մարտահրավերներ են սպասում. Հարություն Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ֆերմեր,  գործարար Հարություն Մնացականյանը

– Պարո՛ն Մնացականյան, հաշվի առնելով ջրի, էլեկտրաէներգիայի, ապրիլի 1-ից էլ՝ նախատեսվող գազի սակագնի բարձրացումը՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն կունենան այս բարձրացումները գյուղատնտեսության ոլորտում։

– Տուժելու են գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հատկապես վերամշակող գյուղատնտեսությունն է տուժելու։ Բացի ձեր նշած սակագնային բարձրացումներից, արդեն բարձրացել են պարարտանյութերի գները, ինչը չի կարող չանդրադառնալ գյուղմթերքների արտադրության ինքնարժեքի վրա, ինչն էլ հենց գարնանից բերելու է շատ ապրանքատեսակների գնաճի։

– Կոնկրետ ո՞ր ապրանքատեսակների գներն են բարձրանալու։

– Գրեթե բոլոր ապրանքատեսակների գներն էլ բարձրանալու են։ Գուցե քիչ անդրադառնա այգեգործության վրա, որովհետև քիչ պարարտանյութեր են օգտագործվում, հիմնականում դիզելային վառելիք։ Իսկ բոստանային տնտեսությունները, ջերմատնային տնտեսություններն անմիջականորեն կախված են գազից էլ, ջրից էլ, ու չի կարող այդտեղի արտադրանքը չթանկանալ։ 

– Պարո՛ն Մնացականյան, գրառում էիք կատարել նաեւ այս թեմայով: Պարարտանյութերի գների բարձրացումն ինչո՞վ է բացատրվում։

– Չեմ կարող ասել, ճիշտն ասած, բայց պարարտանյութեր կան, որոնց արժեքը մոտ 300%-ով բարձրացել է։

– Մթերքների գների բարձրացումը բնակչության ապրելակերպի վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու։

– Մարդիկ վճարունակության խնդիր ունեն, բնականաբար, լուրջ հետևանքներ է ունենալու նրանց կենսամակարդակի վրա, ու աղքատությանն մակարդակն է բարձրանալու։

– Պարո՛ն Մնացականյան, ի՞նչ քայլերով կարելի է մի փոքր մեղմել այդ թանկացումներից բխող հետևանքները։

– Գյուղատնտեսության առումով պետք է համակարգված, ճիշտ աշխատանք տարվի, որպեսզի կարողանան մեղմել հետևանքները։

– Մինչև հիմա այդ համակարգված, ճիշտ աշխատանքը չի՞ տարվել։

– Դե որ տարվեր, գյուղատնտեսությունն այս վիճակում չէր լինի։

– Իսկ որո՞նք են այդ ճիշտ աշխատանքները, որ պետք է տարվեն։

– Հստակ տարանջատում պետք է անեն բոլոր ուղղություններով, վեր հանեն տվյալ ուղղություններում առկա խնդիրները, սպասվող մարտահրավերները։ Պետք է ճանապարհային քարտեզ գծել՝ որ մարտահրավերներին ինչպե՛ս պիտի դիմակայել ու փորձել հնարավորինս մրցունակ ապրանք ստեղծել, քանի որ եթե Թուրքիայի հետ սահմաններն էլ բացվեն, մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու գյուղմթերքների իրացման հետ կապված։

– Իսկ հնարավո՞ր է այնպիսի քայլեր անել, որ անգամ Թուրքիայի հետ սահմանի բացվելու  պարագայում էլ տեղական արտադրողը խնդիրների առաջ չկանգնի, պարո՛ն Մնացականյան։

– Դե, եթե պետությունը ճիշտ աշխատի, նորմալ՝ ոչ դիլետանտ, մասնագետներ ներգրավի գյուղատնտեսական բնագավառի կառավարման մեջ, հնարավոր է դիմակայել ու ստեղծել մրցունակ ապրանքներ։

– Ճի՞շտ եմ հասկանում, որ գյուղատնտեսական ծանր տարի եք կանխատեսում։

– Քանի որ ամեն ինչ թանկացել է, բնականաբար, գյուղատնտեսական ծանր տարի է լինելու, ու գյուղացիներին լուրջ մարտահրավերներ են սպասում, որոնք ամեն տարի խորանալու են։ Այնպես չէ, որ միայն այս տարի են այդ մարտահրավերները լինելու ու վերանալու են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am