Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են «Ազատություն» ռ/կ թղթակցի նկատմամբ ճնշումները

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի նկատմամբ գործադրված ճնշումները՝ պահանջելով ոստիկանությունից անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ մեղավորներին բացահայտելու համար։

Մարտի 29-ի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի Լոռու և Տավուշի մարզերի թղթակից Կարինե Սիմոնյանը, գտնվելով Երևանում, տեղեկացել է, որ իր Վանաձորի բնակարանից գողացել են աշխատանքային տեսախցիկը։ Ըստ լրագրողի՝ տեսախցիկը եղել է դատարկ, որևէ այլ իր չեն տարել։

«Կատարվածը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է իր մասնագիտական գործունեությամբ և կարող է լինել իրեն նախազգուշացնելու, վախեցնելու և լռեցնելու փորձ։

Այս վարկածն էլ ավելի հիմնավոր է դառնում, եթե հաշվի առնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կարինե Սիմոնյանի նկատմամբ ճնշումներ են կիրառվում», – նշում են կազմակերպությունները։

Նրանք հիշեցնում են, որ անցած հունիսին նա սպառնալիքներ է ստացել և բախվել հետապնդումների, երբ բարձրաձայնել է քրեական անցյալ ունեցող մի անձի ապօրինի տնտեսական գործունեության հետ կապված հարցեր։ 

Այս առիթով հարուցվել է քրեական գործ, մինչ այժմ դրանում որևէ առաջընթաց չի նկատվում։

«Մենք խստորեն դատապարտում ենք «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի նկատմամբ գործադրված ճնշումները և, ի գիտություն ընդունելով, որ նրա տեսախցիկը գողանալու առնչությամբ նույնպես հարուցվել է քրեական գործ, պահանջում ենք Լոռու մարզի ոստիկանությունից՝ ամենայն լրջությամբ վերաբերվել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի դեմ ոտնձգությունների փաստերին և բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել մեղավորներին բացահայտելու համար», – ասված է հայտարարության մեջ։

Լրագրողական կազմակերպությունները Լոռու մարզի դատախազությունից պահանջում են պատշաճ վերահսկողություն իրականացնել լրագրող Կարինե Սիմոնյանի իրավունքների խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերի նկատմամբ և ապահովել դրանց քննության օբյեկտիվությունն ու արդյունավետությունը։