Հիմա մեծ է թերսնուցման վտանգը, դրա հետևանքները դեռ երկար ժամանակ իրենց զգացնել կտան. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի ուղեկցությամբ Հայաստանում գործունեություն ծավալող մարդասիրական մանդատով և երեխաների պաշտպանության իրավունքներով զբաղվող շուրջ 15 կազմակերպության ներկայացուցիչներ օգոստոսի 4-ին այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում է կանգնած մնալ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությամբ բեռնված 21 բեռնատար, որոնց մոտքը Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանն արգելում է:

«Այս կազմակերպություններն օրերս մեզ դիմել էին՝ այստեղ գալու,  իրավիճակի ամբողջ սրությունն ըմբռնելու համար: Նրանք ցանկություն հայտնեցին տեղում հասկանալ իրավիճակնն, ամեն ինչ տեսնել իրենց աչքերով»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Աննա Ժամակոչյանը:

 «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի զարգացման գծով տնօրեն Հայկ Բոյաջյանը նկատեց՝ հիմնադրամի ամենակարևոր շահառուները հենց մանուկներն են, ու իրենց կազմակերպությունը  Արցախի մայրաքաղաքում և մի շարք համայնքներում տարիներ շարունակ ծրագրեր է իրականացնում, երեխաներին տրամադրվում են զարգացման, հոգեբանական և այլ ծառայություններ:

«Այս պահին էլ Արցախում կանանց 9 հոգանոց աշխատակազմ ունենք, ովքեր ամենօրյա ռեժիմով շարունակում են այնտեղի երեխաներին տրամադրել անհրաժեշտ ծառայություններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չկա տրանսպորտի համար վառելանյութ, չկա էլեկտրականություն, ես համարում եմ, որ մեր հիմնադրամի կանայք հերոսական քայլ են կատարում»,- նկատեց նա:

Նա ընդգծեց, որ հիմա մեծ է թերսնուցման վտանգը, ու այս իրավիճակի հետևանքները դեռ երկար ժամանակ իրենց զգացնել կտան:

«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ հնարավորինս թուլացնենք այդ ծանրությունն ու լարվածությունը»,-շեշտեց Հայկ Բոյաջյանը:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի զարգացման գծով տնօրենն Ադրբեջանին կոչ արեց լինել քաղաքակիրթ, գնալ խաղաղ ճանապարհով ու թույլ տալ, որ բնակչությունն ապրի խաղաղ: